Ներքին 2 տարի առաջ - 17:14 17-02-2024

Էրմիտաժում բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը

Էրմիտաժում բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 14-ին Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում՝ Ուրարտուի դահլիճում, բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը: Այնտեղ ցուցադրված են երեք հնագիտական արտեֆակտ Էրեբունի թանգարանից:

Դրանցից մեկը Երևանի ուրարտական դամբարանից գտնված աճյունասափորն է, որը ներկայացնում է ուրարտական տերության թաղման ծեսը, մյուսը Նոր Արմավիրից գտնված երկկանթ սափորն է, որը վերաբերում է ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին և մատնանշում է Ուրարտուից դեպի Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանների ժառանգականությունը: Հատկանշական է, որ այս անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը: Կան նմանօրինակ չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է Էրմիտաժում: Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը:

Անկյան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, հայ եկեղեցու հոգևորականներ և այլ բարձրաստիճան պետական այրեր, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթի բացման խոսքում Բ. Պիոտրովսկին ընդգծել է անկյան կարևորությունը և նշել, որ տեղի ունեցածը չափազանց կարևոր իրադարձություն է հայ-ռուսական մշակութային հարաբերությունների համատեքստում:

ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը ցուցադրության բացմանը նվիրված իր խոսքում ընդգծել է ուրարտական ժառանգության կարևորությունը և անդրադարձել Էրեբունու և Ուրարտուի հզոր ժառանգությանը և նշել, որ անկյան բացումն աննախադեպ և բացառիկ երևույթ է։ Այնուհետև տեղի է ունեցել ցուցադրության հանդիսավոր բացումը, որից հետո Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրել է Էրեբունու անկյունը և պատմել յուրաքանչյուր իրի մասին: Մ. Բադալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Մ.Պիոտրովսկուն՝ վստահության և իրեն հավատալու համար: Նշենք, որ ցուցադրության համակարգողներն են՝ Էրեբունի թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը և Սանկ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի ուրարտական հավաքածուի պահապան Աննա Նովիկովան:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վաղարշակ Հարությունյանը Մ. Պիոտրովսկուն պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Մ. Բադալյանը պարգևատրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մեդալով: Նշենք, որ Էրեբունի ՊՀԱԹ-ը միակ թանգարանն է աշխարհում, որն իր անկյունն ունի այնպիսի համաշխարհային մշակութային հաստատությունում, ինչպիսին Էրմիտաժն է:

Էրեբունու և Էրմիտաժի գիտաշխատողների համատեղ ջանքերով ստեղծվել է գիտահանրամատչելի և պատկերազարդ բուկլետ, որը տեղադրված է անկյան մոտ: Յուրաքանչյուր այցելու կարող է անվճար վերցնել այդ բուկլետները: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի ժամանակահատվածով։ Նշենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում կբացվի Էրմիտաժի անկյունը Էրեբունի թանգարանում: Այդ կապակցությամբ ընթանում են անկյան հայեցակարգի ստեղծման աշխատանքները: Բացի այդ, Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու և Էրեբունու թանգարանի տնօրեն Մ. Բադալյանի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել Կարմիր բլուրում հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբ և վերականգնել երբեմնի հարուստ ավանդույթները: Հիշեցնենք, որ Կարմիր բլուրում իրականցրած պեղումները գլխավորապես տեղի են ունեցել ականավոր հնագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բ. Պիոտրովսկու ջանքերով: Վերջինիս ծննդյան օրն էլ բացվել է վերոնշված ցուցադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև