Բազմաթիվ քաղաքացիներ երեկվանից ահազանգում են, որ հայաստանյան ամենախոշոր բուքմեյքերական ընկերություններից մեկի՝ Vbet-ի հավելվածի հետ խնդիրներ կան, ինչը իրենց փաստի առաջ է կանգնեցրել։
«Երեկ երեկոյան գումար եմ լիցքավորել խաղային հաշվիս, բայց մինչև հիմա չի նստել։ Երեկ զանգեցի Վիվառո (Vbet), պատասխանեցին՝ մի փոքր ուշ կլինի, բայց մինչև հիմա չկա, իրենք էլ զանգերին այլևս չեն պատասխանում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խաղային հաշվում առկա գումարը չի կարողանում ելքագրել․
«Գումարը փորձեցի ելքագրել, փոխանցել քարտիս, բայց խնդիր առաջացավ։ Քարտիս վրա չի նստել, միևնույն ժամանակ խաղային հաշիվս զրոյացել է։ Ինձ այդ գումարը շտապ պետք էր, հարցեր ունեի լուծելու։ Հիմա ո՞վ է ինձ փոխհատուցելու պատճառված վնասի համար, թե Վիվառոյում միայն իրենց գրպանի մասին են մտածում։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ իրենք խարդախներ են, մարդկանց փողերը վերցնելուց միշտ պատրաստ են, բայց, երբ իրենց վճարելու հերթն է գալիս, ծրագիրը կախում է, սկսում են տարբեր հեքիաթներ պատմել»։
Ի դեպ, բացի մեզ ահազանգած քաղաքացիներից, նույնաբովանդակ քննարկումներ են ընթանում նաև սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում։


«Ժող, էս հոգնած Վիվառոյից ո՞վ ա տեղյակ։ Երեկ փող եմ գցել, մինչև հիմա չի նստել։ Երեկ խաբում էին իբր փոքր ուշ կլինի, այսօր էլ կապի դորս չեն գալիս»,- ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել է մի օգտատեր, որի մեկնաբանությունների բաժնում այլ օգտատերեր ևս նման խնդիր են բարձրաձայնում։
Օգտատերերից մեկն էլ իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել․
«Vbet-ը ձեր մոտ էլ չի՞ բացում։ Գիշերը փող եմ գցել, մինչև հիմա չկա»։
Օգտատերերը նշում են նաև Vbet-ի կողմից տրամադրված բոնուսների մասին, որոնք իրենց խոսքով՝ կորել են․
«Տիկ-տակը բունուս է տվել 20 ֆրիսպին, բայց դա էլ չկա, կորել է։ Գրում եմ, չեն էլ պատասխանում»։



Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Vbet բուքմեյքերական կազմակերպություն, սակայն մեր զանգերը ևս անպատասխան մնացին։