ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի պաշտպանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը,
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Բալասանյանին առաջադրված մեղադրանքին և դրա ընթացքին։
«Մոտ 10 առաջ մենք գրավի հետ կապված գրություն էինք գրել ԱՀ նախագահին և ՔԿ ղեկավարին։ Խոսքը Վիտալի Բալասանյանին առաջադրված 4 հոդվածների մասին է՝
Հափշտակության հանցակազմի, զենքի ապօրինի պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու և ապօրինի թմրամիջոցներ պահելու վերաբերյալ։
Ինչպես գիտեք՝ Վերաքննիչ դատարանը դատախազի բողոքը բավարարեց և միևնույն ժամանակ կիրառեց 10 միլիոն դրամի գրավ։ Հետագայում, երբ տեղի ունեցան հայտնի դեպքերը, մեզ տեղեկացրեցին, որ խափանման միջոցը վերացվել է, իսկ դա նշանակում է,որ այդ դեպքում պետք է կայացված որոշումը հաստատված լինի դատախազի կողմից, խոսքը գրավի մասին խափանման միջոցին է վերաբերում։ Խափանման միջոց վերանալը հասկացության մեջ ընկնում է այն, որ գրավը պետք է վերադարձվի։ Իսկ գրավը անմիջապես էր վճարվել, երբ դատարանի որոշումը եղավ՝ 16։30, ժամը 16։55 արդեն գրավը վճարել էինք։ Վճարման անոդրրագիրը տվեցինք Վերաքննիչ դատարանին և Վիտալի Բալասանյանին բաց թողեցին։
Գրավի խափանման միջոցը վերանալուց հետո մենք դիմեցինք ԱՀ Գլխավոր դատախազին, որ խափանման միջոցը վերացված է, գրավի հարցը պետք է լուծել և համապատասխան գրությունը ներկայացնել դատական դեպարտամենտ՝ տվյալ գումարը վերադարձնելու համար։
Հետագայում ասացին, որ քրեական գործի վարույթը կարճվել է, բայց հաշվի առնելով իրավիճակը՝ մենք այդպես էլ չենք պահանջել, որպեսզի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մեզ տրամադրեն՝ հույս ունենալով, որ երբևէ կփոխանցեն։
Ստեփանակերտում Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ գրավի գումարի վերադարձման հարցը կլուծվի ՀՀ տարածքում։ Երբ եկանք Հայաստան, այդ կապակցությամբ բանավոր կարգով դիմել ենք Գլխավոր դատախազությանը, բայց պարզվեց, որ Գլխավոր դատախազի պաշտոնակատարն արդեն թոշակի է անցել, այլևս անհայտ է մեզ համար, թե ով է Գլխավոր դատախազի պաշտոնակատարը։
2-3 շաբաթ առաջ գրություն եմ գրել ԱՀ նախագահին, որ Գլխավոր դատախազի պաշտոնակատարը թոշակի մեջ է, փաստորեն կա որոշում՝ խափանման միջոցը վերացնելու մասին, բայց գրավի հետ կապված հարցը դեռևս չի լուծվում։ Դեռ որևէ պատասխան չեմ ստացել նախագահից, բայց միևնույն ժամանակ Վիտալի Բալասանյանը գրություն է ուղարկել ԱՀ ՔԿ ղեկավարին և երեկ մեզ տեղեկացրեցին, որ գրություն ունենք։ Այսօր մենք ներկայացանք ԱՀ Քննչական կոմիտեի քննչական վարչության պետին, որը մեզ պատասխանեց, որ տվյալ քրեական գործով նախաքննություն չի իրականացվում։
Դիմումի գրության բովանդակությունը գրավի հետ է կապված, որ գրավը պետք է վերադարձնեն։ Հիմա պատրաստվում ենք պաշտոնական գրություն հղել ԱՀ ՔԿ քննչական վարչության պետին՝ պարզելու համար, թե վերջին հաշվով Վիտալի Բալասանյանն ինչ կարգավիճակում է գտնվել և ինչ կարգավիճակում է գտնվում ներկայում»,- հայտնեց Վիտալի Բալասանյանի պաշտպանը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Վիտալի Բալասանյանի կարգավիճակի հարցն մինչ այս պահն անորո՞շ է, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․
«Այո՛, պարզվում է, որ այդ տեղեկությունները, որոնք փոխանցել էին ինչպես ինձ, այնպես էլ Վիտալի Բալասանյանին, որ քրեական գործի վարույթը կարճված է, առայժմ որևէ տեղեկություն չունենք՝ կարճվա՞ծ է, թե՞ ոչ։ Ներկայումս նշված է, որ նախաքննություն չի իրականացվում։ Մեզ մնում է միայն դիմել նույն պատասխանողին՝ պարզելու Վիտալի Բալասանյանը կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ տվյալ քրեական գործի շրջանակներում, քանի որ նախաքննություն չի իրականացվում, թե ինչու չի իրականացվում, մեզ հայտնի չէ։ Կարող է՝ նախաքննություն չի իրականացվել գործի վարույթը կարճելու հետ կապված, քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված, կարող է՝ այլ պայմաններ լինեն, որոնք մեզ հայտնի չեն»։
Վիտալի Բալասանյանն ի՞նչ է ասում նշված քրեական գործի վերաբերյալ, հարցրինք պաշտպանին։
«Պարոն Բալասանյանն իհարկե մեծ անհանգստություն ունի այն պարզ պատճառով, որ ինքը հանրության մեջ հայտնի է, որ մեղադրվել է հափշտակության հանցակազմի հատկանիշներով, ինչպես նաև ապօրինի զենք և զինամթերք պահելու հանցակազմի հատկանիշներով, կարիք ունի դատական քննության, որպեսզի արդարացվի և հանրությունը իմանա, որ իրականում այն մեղադրանքները, որոնք ներկայացված է եղել Վիտալի Բալասանյանին, պաշտոնապես շինծու են եղել և քննությունն իրականացվել է ոչ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվությամբ»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։