Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 14:08 21-01-2024

Բանակում զոհերը ներկա իրողությունների հետևանք են

Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը հայտարարել է, որ «Զինված ուժերում 2018թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020թ.՝ 54 դեպք, 2021-ին՝ 58 դեպք, 2022-ին՝ 64, 2023թ ավելի շատ»։ Նա նաև նշել է, որ նույնն է վիճակը նաև ինքնավնասումների առումով․ 2020թ՝ 65, 2021թ՝ 77, 2022-ին՝ 108 ինքնավնասման դեպք։

Ինչո՞վ է պայմանավորված խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերի աճը։ Ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնվեն՝ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը կանխարգելելու համար։

Այս թեմաների մասին Օragir․News-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

-Պարոն Նահապետյան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի դինամիկ աճի տվյալներ է հրապարակել։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ խաղաղ ժամանակահատվածում բանակում մահվան դեպքերն աճում են։

-Նախ, նշված «դինամիկ աճ»-ը շատ մեղմ է ասված․ իրականում վիճակը շատ ավելի ծանր ու վատթար է, քան փորձում են ներկայացնել։ Հիշենք 15 զինծառայողների մահվան դեպքն Ազատ գյուղում։ Այդ դեպքի կապակցությամբ հայտարարվել է, թե նախաքննական փուլն ավարտվել է, սակայն հարցեր շատ կան։ Դեռ պարզ չէ բուն պատճառը՝ կանխակալ մոտեցում ունի՞ քննչական մարմինը, քանի որ դեպքից ժամեր անց դեպքի, եղելության մասին Փաշինյանը պատմեց եթերով։ Առնվազն ակնհայտ էր, որ դա քննչական մարմինների համար ուղղորդում է, որովհետև հնարավոր չէ առանց նախաքննության ավարտի որևէ գնահատական տալ։ Կարգն այն է, որ արձանագրվում է եղելությունը, որից հետո նախաքննությունը պետք է ընթանա ու ավարտվի։ Ընդ որում, դեռ մեծ հարց է՝ նախաքննական մարմնի եզրակացությունը կհաստատվի՞ դատարանի կողմից։ Հիմա այս իշխանությունները կրակն են ընկել այնպես, ինչպես մեր երկրին են կրակը գցել․ երբ կանխակալ գնահատական է տրվում, որ հրդեհն է այդ ողբերգական միջադեպի պատճառը, սա կոծկելու փորձ է, որովհետև տիրող անպատժելիության մթնոլորտում ինքնին պատասխանատու են բոլորը՝ սկսած պաշտպանության նախարարից։ Տարածքը, որտեղ պահվում էին այդ 15 զինծառայողները, որոնք զոհվեցին, չէր կարելի անվանել զորանոց։

-Այսինքն, ծառայության պայմանները մեղմ ասած անհամապատասխան էին․․․

-Գոյություն ունեն ստանդարտներ, զորանոցի դեպքում դրանցից առաջնայինն անվտանգայինն է․ այն բացարձակապես չկար։

Ես կցանկանայի ներկայացնել այն պատճառները, որոնք առաջացնում են մեր զինվորների անվերադարձ կորուստները։

Առաջինը՝ անպատժելիությունն է, մեղավորներին ժամանակին չբացահայտելը։ Երկրորդը՝ թույլ կարգապահությունն է, իսկ իրականում՝ կարգապահության բացակայությունը։ Դա նշանակում է, որ միջանձնային հարաբերությունները կանոնագրքերով, նորմատիվ համապատասխան ակտերով կանոնակարգվող չեն տեղի ունենում, այլ հարաբերությունների ձևավորման վրա էական ազդեցություն ունենում են մարդկանց՝ հիմնականում հրամկազմի սուբյեկտիվ մոտեցումները։ Երրորդը՝ երբ հրամանատարն իր տեղում չէ, այսինքն՝ նշանակվում են մարդիկ՝ սկսած կրտսեր սերժանտից մինչև պաշտպանության նախարարը, որոնք ո՛չ մասնագիտական, ո՛չ կրթական, ո՛չ աշխատանքային-ծառայողական փորձառության կամ իրենց ցույց տված արդյունքներով չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին, և նրանց կողմից կայացված որոշումներն ու հրամաններն ավելի շուտ կորուստներ և ձախողումներ են բերում, քան՝ արդյունքներ։ Այսինքն՝ սխալ կադրային քաղաքականությունը բերում է աղետալի հետևանքների։ Հաջորդ պատճառը վերահսկողության բացակայությունն է, կամ թույլ վերահսկողությունը։ Տեղյակ եք, որ մեր բանակի ստեղծման օրվանից զուգահեռաբար ձևավորվեց մի կառույց, որը նախագահի աշխատակազմում էր՝ նախագահի անմիջական ենթակայությամբ գործող։ Դա Գլխավոր ռազմական տեսչությունն էր, որը գործում էր, որպես պաշտպանության նախարարության լուրջ հակակշիռ։ Եվ ի՞նչ արեցին օրվա իշխանությունները՝ այդ կառույցը բերեցին պաշտպանության նախարարության համակարգ։ Այսինքն՝ նախարարը պետք է ստուգի ինքն իրե՞ն։ Ըստ այդմ, բանակում այլևս վերահսկողությունը շատ ցածր արդյունավետություն ունի։

-Բանակում բազմաթիվ միջադեպերի առկայությունը վկայում է, որ այդ վերահսկողությունը ոչ թե ցածր արդյունավետություն է ցույց տալիս, այլ ընդհանրապես անարդյունավետ է։

-Համամիտ եմ։ Ասվածի ակնառու ցուցիչը հենց Ազատ գյուղի զորանոցի ողբերգական դեպքն է՝ 15 զինծառայողի մահվան ողբերգությունը, երբ զորանոց կոչվածի կառուցման համար փողեր էին լափել, կամ դուրս գրել, առնվազն պաշտպանության նախարարի՝ շինարարության գծով տեղակալի կամ նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի նկատմամբ պետք է կիրառվեին համարժեք միջոցներ հենց միայն այդ՝ ոչ մի պայման չունեցող տարածքը որպես զորանոց ձևակերպելու համար։ Սակայն դա տեղի չունեցավ։

Բանակում այսօրինակ աղետալի վիճակի առաջացման կարևոր պատճառներից մեկն օրվա իշխանությունների կողմից Զինված ուժերի նկատմամբ ակնհայտ արգահատանքի վերաբերմունքն է և թշնամանքի այն մթնոլորտը, որտեղ իշխանությունները թիրախավորում են, օրինակ, բարձրաստիճան հրամանատարների։ Դեռևս 2018-ից պետական քաղաքականություն է դարձել, որ սահմանը պաշտպանող անձանց զոհվելը համարում են «առ ոչինչ»։ Այսինքն՝ պատերազմող երկրում բանակը կատարում է ամենակարևոր գործառույթը՝ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը, իսկ թիրախավորելով բանակը՝ զինծառայության նկատմամբ մարդկանց մոտիվացիան և ընկալումը դառնում է որպես աշխատանք, այլ ոչ թե զինվորական ծառայություն։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ից ասում է, որ բանակի զինծառայողների աշխատավարձը բարձրացվում է։ Բանակում չեն աշխատում, այլ ծառայում են, և բանակի զինծառայողները ստանում են դրամական բավարարում, այլ ոչ թե աշխատավարձ։ Իսկ նման մոտեցումով բանակում զինծառայողների մոտիվացիան՝ հանուն Հայրենիքի իրենց գործունեությունը, զրոյացվեց։ Բանակում հիմա սպաները կամ շարքային կազմը ոչ թե ծառայում, այլ աշխատում են՝ որպես քիչ թե շատ բարեկեցություն ապահովող միջոց, իսկ պատերազմող երկրում դա անթույլատրելի է և պարտության համար մեծ դուռ է բացում։ Եվ դա, կրկնեմ, պետական քաղաքականությամբ է արվում։

Բանակի ներկա խայտառակ վիճակի պատճառներից է նաև իրավապահ համակարգի անգործունակությունը կամ թույլ՝ ոչ արդյունավետ աշխատանքը՝ բանակում տեղի ունեցող միջադեպերի, պատահարների բացահայտման հետ կապված։ Տարին նոր է սկսել, բայց արդեն 3 սպա ենք կորցրել, ընդ որում՝ նույն զորամասում, և միայն մի դեպքի հետ կապված՝ Գլխավոր շտաբի պետը բարեհաճել է գնալ տվյալ զորամաս։ Մեծ հարց է, այդ այցելությունն ինչքանո՞վ կնպաստի առկա վիճակի բարելավմանը, բայց ես վստահ եմ, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում։

Օրվա իշխանություններն անում են ամեն ինչ, որ բանակի ինստիտուտը գոյություն չունենա, քանի որ բանակը խանգարում է մեր երկու հարևան երկրներին, որոնք հավակնություն ունեն նվաճելու Հայաստանը։ Բանակը խանգարող գործոն է, որի մեջքը կոտրեցին 44-օրյայի ժամանակ, հիմա էլ մնացած գործունեությունն է, որ ոչնչացվում է։ Զրոյական աստիճանի մարտունակություն, ցածր մարտական ոգի․․․ իսկ մարտունակության չափման գործիքը զորավարժություններն են։ 44-օրյայից հետո Ադրբեջանը 10-ից ավել խոշոր զորավարժություններ է իրականացրել՝ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ, իսկ ՀՀ Զինված ուժերը և բանակը՝ զրո զորավարժություն։ Իսկ դա, կրկնում եմ, նշանակում է զրոյական մարտունակություն, այսինքն՝ մեր երկրի սահմաններն անպաշտպան են, ինչի մասին անգամ ինքը՝ Փաշինյանն է ասել Գերմանիայում պաշտոնական այցի ժամանակ, երբ որ, բառացի մեջբերեմ, հայտարարեց․ «Մենք չենք կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»։

Այս իրողությունների պայմաններում զոհերը պատճառ չեն, այլ հետևանք։

-Պարոն Նահապետյան, ինչպե՞ս եք տեսնում բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի կանխումը․ ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ է հնարավոր։

-Ես չեմ կարծում, թե առանձին ձեռնարկվող միջոցները կարող են իրավիճակ փոփոխել։ Մեզ մոտ համակարգային խնդիրներ են․ հնարավոր չէ լավ հրամանատար նշանակել, բայց ենթադրենք՝ տվյալ զորամասում բարոյահոգեբանական վիճակը և մարտունակությունը շատ ցածր լինի, և լավ հրամանատարի շնորհիվ նորմալ ծառայություն իրականացվի․․․ կամ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, և լավ զորամասի հրամանատարը լավ արդյունքներ ցույց տա։ Դա սկզբունքորեն բացառվում է, քանի որ բոլոր երևույթները փոխկապակցված են։ Խնդիրը համակարգային է, և եթե այս իշխանությունները հեռանան՝ նոր կառավարությունն այս համակարգային ճգնաժամը լուծելու համար քրտնաջան աշխատանք պետք է կատարի։ Մեր պատերազմող երկիրը պետք է ապրի «Ազգ-բանակ» կոնցեպտով, քանի որ ներկայիս՝ «ինչո՞ւ պետք է իմ զավակը գնա սահմանում ծառայելու» կործանարար մոտեցումն արդեն մինչև պատերազմը ստեղծում է խուճապային տրամադրություններ, որոնք բազմապատիկ արտահայտվում են արդեն պատերազմի դաշտում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ