Նիկոլ Փաշինյանի «առաջարկած» բնակծրագիրն իսկական փոթորիկ է առաջացրել արցախահայերի մեջ։ Բնականաբար՝ բացասական իմաստով, ինչը սպասելի էր, որովհետև այդ ծրագիրն այնքան վատ է, որ պոտենցիալ շահառուների գերակշիռ մասը չի կարողանում որևէ հաշվարկ ու պլանավորում կատարել։
Այս ամենին գումարած՝ ասպարեզ են դուրս եկել մարդիկ, որոնք անհասկանալի կերպով իրենց վրա են վերցրել կառավարության հետ «հետադարձ կապի» ֆունկցիաները և «առաջարկություններ» են հավաքագրում տնանկված արցախցիներից՝ կապված այդ «ծրագրից բխող առաջնային խնդիրների» հետ։
Հաշվի առնելով խնդրի գերզգայուն բնույթը, մարդիկ չեն կարողանում անտարբեր մնալ «առաջարկությունների մասին առաջարկությանը», և սկսվում է հարյուրավոր հարց-կարծիք-տեսակետների տարափը։ Հիմնականն, իհարկե, կառավարության սահմանած գումարների նվազ լինելուն է վերաբերում։
«Դա ծրագիր չէ, այլ ծաղրանք, ո՞ր մի կետն ուղղես․․․ Արցախի առաջին կարգի մասնագետներն ավելի ճկուն ծրագիր կկազմեին», գրում է Գոհար Վերդյանը։
«Արցախցիներին ուղարկում են ծայրամասային գյուղեր, որտեղ չկա ոչ մի ենթակառուցվածք։ Գյուղ կա՝ բնական գազով էլ չի ապահովված․․․ պիտի քարե դարում ապրենք ուրեմն։ Առաջարկում եմ գումարը տալ ըստ քառակուսի մետրի՝ տան վկայականով, մենք էլ կորոշենք, որտեղ տուն առնենք․․ իրենց տվածով զուգարան էլ չես առնի», գրում է Արթուր Չալյանը։
«Քաղաքաբնակներին հնարավորություն ընձեռել քաղաքում բնակարան ձեռք բերելու, որովհետև ամբողջ կյանքում քաղաքում ապրած մարդը գյուղական աշխատանք ի վիճակի չէ կատարել, չգիտի գյուղում ապրելու, հողի հետ աշխատելու և բնականաբար ընտանիքի կարիքները դրանով իսկ հոգալու ձևերը։ Գյուղաբնակն էլ հակառակը, իր կյանքը չի պատկերացնում առանց հողի հետ աշխատանքի (բացառությունները չհաշված)», գրում է Զարինե Սառաջյանը։
«Բոլորը մի մարդու նման պիտի հրաժարվեն այյդ նվաստացնող ծրագրերից։ Ցավոք սրտի, լուռ են։ Պետք է պահանջել բնակարաններ։ Իշխանությունը պարտավոր է ապահովել բնակարաններով, որովհետև իրենց պատճառով ենք կորցրել մեր հայրենիքը։ Այն պետությունը որը հանձն է առել և ընդունում է մեզ որպես փախստական, պարտավոր է լուծել բնակության և կեցության ծախսերը, բայց ամեն ինչ անում է, որպեսզի զրկանքների մեջ մնանք։ Մենք գլխատված ենք, մեր շահերը պաշտպանող չունենք․․․ 3 միլիոնով տուն կա՞ Հայաստանում, որ մեզ ձեռ են առնում․․․ Եթե չեն կարողանում լուծել այդ հարցը՝ թող հրաժարվեն, և ուրիշ պետություն կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունը և կեցությունը։ Բոլորը մեկ մարդու պես պետք է հրաժարվեն այդ նվաստացնող ծրագրերից», գրում է Անուշ Միրզոյանը։
Ահա այսպես՝ «առաջարկության» մասին գրառման տակ 2-3 ժամի ընթացքում հարյուրավոր մարդիկ հա՛ գրում են, իսկ հեղինակն առայժմ չի բարեհաճել որևէ մեկին որևէ արձագանք տալ։
Փաստն այն է, որ արցախահայերն իրենց զգում են անպատվված ու ստորացված, և ցանկացած այսպիսի գրառում ընդունում են, որտես սրտացավ վերաբերմունքի նշան, հույս՝ որ գոնե «յուրային» մեկը կզբաղվի իրենց հարցերով։ Արցախցիները վաղուց հույսեր չեն կապում իրենց իշխանության հետ, իսկ «սրտացավ» հայրենակիցներն էլ կա՛մ ի վիճակի չեն որևէ խնդիր լուծել (քանի որ վերջնարդյունքում ընդունվող ծրագրերում չի երևում – հեղ․), կա՛մ զբաղված են հասարակության տրամադրությունները «տեղ հասցնելով»։
Տիգրան Աթանեսյան