Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է Գեղամ Ասատրյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ խոսեցի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ երեկ 49 երթուղում տեղի ունեցած անընդունելի միջադեպի հետ կապված։ Ըստ տնօրենի, վարորդը նախկինում երբեք նման պահվածք չի դրսևորել և կատարվածի պատճառով աշխատանքից կազատվի։ Խնդրել եմ հարցի վերջնական լուծումից հետո տեղեկացնել հանրությանը»:
Հիշեցնենք, որ համացանցում
տեսանյութ է տարածվել, որտեղ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան։