Օրեր շարունակ հանրությունը և միջազգային գործընկերները սպասում էին, որ ՀՀ իշխանությունները կպարզաբանեն, թե ինչու՞ է Փաշինյանը մի կողմից մեղադրում ընդդիմությանը ռուսական շահեր սպասարկելու մեջ, հանդիմանում Մոսկվային հակահայ և ադրբեջանամետ քայլեր անելու, ՀՀ-ի դեմ ագրեսիա նախապատրաստելու մեջ, բայց մյուս կողմից խնդրում է Պուտինին, որ ռուսները մնան Հայաստանում։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Պեսկովը աղմկահարույց հայտարարություն արեց, ընդգծելով, որ ռուս սահմանապահները հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին մնալու են Երևանի խնդրանքով։ Այսպիսով ակնարկվեց, որ ռուսներն, ի հեճուկս հայ-ռուսական պայմանագրի, պատրաստ են լրիվ դուրս գալ Հայաստանից, բայց դուրս չեն գալիս հայերի խնդրանքով։
Եվ ահա, երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույնքան աղմկահարույց հայտարարություն արեց, հերքելով Պեսկովի ասածը, նրան փաստացի մեղադրելով ստախոսության մեջ։ Փորձենք պարզել, թե ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ մայիսիննյան բանակցությունների ժամանակ հայկական կողմը սկզբում ասել է, որ ռուսները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, Սիսիան-Գորիս ռազմակայանից և հայ-ադրբեջանական սահմանի 17 կետերից, որոնց վերաբերյալ կար բանավոր պայմանավորվածություն։ Այդ ժամանակ ռուսները հարցրել են. «Ուզու՞մ եք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիան սահմաններից էլ դուրս գանք»։ Դրան ի պատասխան հայկական կողմն ասել է, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմաններին ռուսների ներկայությունը պայմանագրային հիմք ունեն։ Եվ այդ տեղերից ռուսների դուրս գալու հարցը հայկական կողմն այս պահին չի քննարկում։ ԱԽ քարտուղարը նաև հավելյալ կրկնել է, որ Երևանը չի խնդրել Մոսկվային դուրս չգալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից։
Նկատենք, որ ԱԽ քարտուղարի այս բացատրությունն, ըստ էության՝ հաստատում է Պեսկովի ասածը, հերքելով միայն խնդրելու փաստը։ Այսինքն՝ Փաշինյանը չի խնդրել որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան սահմաններին, բայց չի ուզել, որ դրանք դուրս գան։ Հաշվի առնելով, որ թեման բացվել է ռուսների կողմից, ապա ռուսական հայացքով, իհարկե, կարելի է ներկայացնել, որ հայերը փաստացի՝ խնդրում են, որ ռուսները մնան։
Կարճ ասած, երկուսն էլ ստում են։ Պեսկովը կեղծում է իրականությունը ընդգծելով, որ Փաշինյանը խնդրել է։ Իսկ Գրիգորյանը կեղծում է էությունը, քանի որ հայկական կողմն, ըստ էության՝ խնդրել է։
Ստախոսության այս մրցավազքում Մոսկվան աշխարհին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանն ուզում է մնալ ռուսական ազդեցության գոտում և չի ձգտում անկախության։ Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը այս պահին չի քննարկում ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու հացրը, այս պահին չի ձգտում անկախության։ Ռուսները ցույց տվեցին, որ ի հեճուկս ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի, պատրաստ են քննարկել Հայաստանից լրիվ դուրս գալու հարցը։ Իսկ Երևանը ցույց տվեց, որ այս պահին վախենում է ազատվել ռուսական ազդեցության գոտու երկրի կարգավիճակից։ Այստեղ ամենախիզախը «այս պահին» բառերն են, որոնցով աշխարհին ու ժողովրդին հույս են տալիս, թե գուցե հաջորդ պահին, որոշ ժամանակ անց, երբ կամ էշը կսատկի, կամ էշատերը, այդ հարցը կարող են քննարկել։
Ի՞նչ փոխեց ԱԽ քարտուղարի մեկնաբանությունը։ Ամենայն հավանականությամբ՝ չթեթևացավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահությունն ազատ աշխարհում, և փշրվեցին այն հույսերը, թե ռուսական աջակցությամբ հնարավոր է տապալել Նիկոլ Փաշինյանին։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ հավատարիմ է մնում 2018-ին ռուսական միջնորդությամբ կազմակերպված իշխանափոխության ժամանակ ռուսներին տված խոստումներին, որոնք վերաբերում են հայ-ռուսական պայմանագրերն անխախտ պահելուն։ Դրանք անխախտ պահելու հաստատակամության մասին բազմիցս է խոսել անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ հայ-ռուսական պայմանագրերի անխախտ պահելը Փաշինյանի իշխանության անխախտության գրավականն է, երաշխիքը։ Եվ իրոք, Մոսկվան նախընթաց 6 տարիներին հնարավորինս պաշտպանել է Փաշինյանի իշխանությունը։ Իսկ Փաշինյանն իր հերթին անկախության և ժողովրդավարության ուղղությամբ որևէ քայլ չի արել։ Նույնիսկ երբ հարցնում են՝ ուզու՞մ եք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիան սահմաններից էլ դուրս գան ռուսական զորքերը, Փաշինյանը սարսափած ասում է՝ «Ոչ»։ Նրան, հավանաբար, թվացել է, որ եթե ասի՝ «այո», ապա այդ կընկալվի որպես 2018-ի պայմանավորվածության խախտում ու կերերա ՔՊ-ական իշխանությունը։
Իսկ ի՞նչ կփոխվեր, եթե Նիկոլ Փաշինյանը ռուսների հարցից չվախենար և ասեր՝ «Այո»։ Այդ մի դրական բառը հիմնավորին կփոխեր քաղաքական պատկերը ոչ միայն Հայաստանում այլև տարածաշրջանում, քանի որ ՀՀ-ում ռուսական զորքերի շարունակվող ներկայությամբ պահպանվում է ռուսական ուժային ազդեցությունը նաև տարածաշրջանում, որից տուժում են ոչ միայն հայերն, այլև հարևան ժողովուրդները։
Թաթուլ Մկրտչյան