Նիկոլ Փաշինյանը հենակետային բժշկական քոլեջի շենքը «նվիրե՞լ» է դստերը
copy image url

Նիկոլ Փաշինյանը հենակետային բժշկական քոլեջի շենքը «նվիրե՞լ» է դստերը

Ներքին 1 օր առաջ - 15:55 04-06-2025
Աննա Հակոբյանը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ պահեստազորի սպա, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում ասել է, որ Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքը սեփականաշնորհված է․ «Ըստ քոլեջի տնօրինության և աշխատողների հայտարարության քոլեջի շենքը սեփականաշնորհել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ենթակա օլիգարխներից մեկի անունով՝ իր աղջկա համար»։

Պարզելու համար՝ արդյոք վերոնշյալ հայտարարությունը ճիշտ է, Oragir.News-ը կապ հաստատեց քոլեջի տնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ, ըստ որի՝ Կառավարության որոշմամբ՝ քոլեջը ՓԲԸ-ից վերակազմակերպման ձևով դարձել է «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ, և քոլեջին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է շենք։

Անդրադարձ կատարելով այն հարցին, արդյոք ճի՞շտ է, որ քոլեջը գնված է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ տնօրենը հերքեց, և ընդգծեց, որ շենքի տեղափոխման վայրի մասին հստակ տեղեկություն չկա. «Դեռ չունենք անշարժ գույքի պայմանագիր, որ ավելի մանրամասն ասեմ՝ որտեղ է տեղափոխվելու»։

Oragir.News-ը նաև կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, հասկանալու համար, ո՞վ է քոլեջի շենքի գնորդը: «Քոլեջի շենքի ինչ-որ վաճառք, օտարում չկա։ Մենք, համենայնդեպս, օտարման որոշում չունենք»,- ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու աշխատակիցը։

Նշենք, որ Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքը գտնվում է Կենտրոնում, Կորյունի 10 հասցեում։