Վերջին օրերին կրկին հանրային քննարկման թեմա է դարձել պաշտոնյաների հանրային խոսքի որակը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի կողմից լրագրողների հասցեին արված արտահայտությունները, որոնցից են՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել» և այլն։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ նման խոսքը վիրավորանք չէ, այլ լրագրողների գործողությունների վերաբերյալ գնահատական։ Այս մոտեցումը, սակայն, շատերի մոտ մտահոգություն է առաջացրել, արդյո՞ք պաշտոնյաների գռեհիկ արտահայտություները կմնան առանց իրավական կամ կարգապահական հետևանքների։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։
«Եթե մենք տեսանյութերով ներկայացնում ենք, օրինակ, խոշտանգման դեպք կամ սեռական բնույթի հայհոյանք, հնչեցված Ազգային Ժողովի ամբիոնից, ու պետական որևէ մարմին չի արձագանքում, ապա դժվար է ակնկալել, որ մի հնչած արտահայտություն որևէ պատասխանատվության կհանգեցնի։ Դեռ ավելին, երբ նման խոսքերը հանրային մակարդակում արդարացվում են, այդ թվում՝ քաղաքական և հասարակական գործիչների կողմից, ձևավորվում է վտանգավոր նախադեպ»,- նշում է տիկին Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ նման անտարբերությունը ոչ միայն չի կանխում, այլ նույնիսկ խրախուսում է գռեհիկ լեզվամտածողությունն ու վիրավորական խոսույթը, հատկապես՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից։
«Եթե բռնությունը, հայհոյանքը, թքելու արարքը որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ապա հասարակության մեջ ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ։ Դա հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն խոսքի մշակույթի, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվության տեսանկյունից»,- հավելում է իրավապաշտպանը։
Նրա խոսքով, սա նոր երևույթ չէ։ Բոլոր ժամանակներում էլ իշխանությունները փորձել են ունենալ արտոնություն՝ անպատժելիության և արդարադատության համակարգը որպես պատժիչ գործիք օգտագործելու տեսքով։
Այս համատեքստում Կարապետյանցը նշում է, որ այսօր էլ որոշ խմբակներ իշխանության հասնելու մոլի ձգտում ունեն ոչ թե պետություն կառուցելու կամ համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով, այլ բացառիկ արտոնությունների հասնելու համար։ Նրա կարծիքով՝ երբ այդ խմբերը հայտնվում են իշխանության մեջ, նույն մոլուցքով ձգտում են վերարտադրվել, պահպանելու իրենց հնարավորություններն ու արտոնությունները։