Սահմանադրության հիմքում արժեքներն են։ Այս առումով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է նոր սահմանադրություն ընդունել, նշանակում է՝ վերջապես կողմնորոշվել են արժեքների հարցում։ Ենթադրելի է, որ նոր սահմանադրության մեջ արտացոլվելու է անկախության գաղափարը, ցույց է տրվելու, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի չէ։ Այս հնարավոր կերպարանափոխությունից տագնապում են ռուս պաշտոնյաները, որոնք կրկին ակնարկում են ՀՀ-ից ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին։ Այս անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպանն է ռուսական կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել թեմային, նշելով, որ ՀՀ պաշտոնյաների հետ չի քննարկել 102-ի դուրս բերման հարցը։
Նախօրեին էլ ՌԴ ԱԳ նախարարն է նկատել, որ հայ-ռուսական հարաբերությունները սառել են։ Նախարարը նշել է նաև, որ Մոսկվայում հիշում են, թե «Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ քաղաքական գործընթացների և նախընտրական քարոզարշավի ընթացքում կոչ են արել դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից»։ Ակնհայտ է, որ ակնարկը նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին է, որը նախքան հեղափոխությունը այդպիսի բովանդակությամբ ելույթներ է ունեցել, բայց հետո փոխել դիրքորոշումը և սպասարկել ռուսական հետաքրքրություններ։
Ռուս պաշտոնյաների խոսքն ուղիղ իմաստով խիստ վիրավորական է։ Այդպես ուզում են ասել, որ ՌԴ-ն ինչքան էլ վատություն անի հայ ժողովրդին, միևնույն է՝ ՀՀ իշխանությունը մնում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը։ Ու եթե ՌԴ-ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ վաղը փորձի ագրեսիա կազմակերպել ՀՀ-ի դեմ, ապա ՀՀ իշխանությունը, վարվելու է այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ ստորագրելու է այն, ինչը դեմ կտա ՌԴ նախագահը։
Կա նաև այլ վարկած, ըստ որի՝ այսպիսի ակնարկներով ռուս պաշտոնյաները, կարծես՝ դրդում են ՀՀ իշխանությանը՝ խաղաղության օրակարգում ներառել ՀՀ-ից 102-րդի դուրս հրավիրման, ՀԱՊԿ-ից ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցերը։ Միաժամանակ՝ ակնկալվում է, որ դա կանի իրենց փորձված գործընկեր Նիկոլ Փաշինյանը, որն ընդդիմադիր եղած ժամանակ այդպիսի դիրքորոշում ուներ։ Ակնարկում են, որ գիտակցում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների անխուսափելիությունը, բայց հույս են հայտնում, որ ՀՀ-ում իշխանափոխություն չի պահանջվի։ Պարզ ասած՝ ռուսները պատրաստվում են նահանջել և ակնկալում, որ Փաշինյանը կերաշխավորի իրենց ապահով նահանջը։
ՌԴ-ի առաջիկա նահանջի մասին է հուշում նաև ՆԱՏՕ-ի՝ Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունների կազմակերպումը, որոնք կմեկնարկեն երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Steadfast Defender 2024 վարժանքները կտևեն մինչև մայիս, նրանց կմասնակցեն 90 հազար զինծառայողներ։ Նման հզոր զորավարժանք կազմակերպվել է 1988-ին, որին մասնակցել է 125 հազար մարդ։ Համեմատությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մեկ տարուց ավարտվելու է ուկրաինական պատերազմը, իսկ ռուսական վերջնական պարտությանը մնացել է 3 տարի։
Ենթադրելի է, որ այս օրերին ՀՀ այցելած Արևմուտքի, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ՔՊ-ական իշխանությանը զգուշացրել են ՀՀ-ի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական հավանական ագրեսիայի մասին, առաջարկել Արևմուտքի աջակցությունը։ Իսկ ՔՊ-ական իշխանությունն էլ, հավանաբար՝ հավաստիացրել է, որ դիմադրելու է, չի ստորագրելու ռուսական վերջնագրերը, Սյունիքում բացվելիք ճանապարհների վերահսկողությունը չի հանձնելու ռուսներին։ Ավելին՝ ասում են, թե Փաշինյանի հանձնարարությամբ՝ նոր սահմանադրության նախաբանում նշվելու է հայ ժողովրդի քաղաքակրթական ընտրության մասին՝ Ուկրաինայի սահմանադրության նախաբանի 5-րդ պարբերության նմանությամբ։ Եվ այդ նախաբանն, իբր՝ հանրային քննարկման է դրվելու փետրվարի 18-ին։
Թաթուլ Մկրտչյան