Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:45 12-12-2023

Որտեղի՞ց է գալիս ՔՊ-ականի ատելությունը. Ավինյանի անցյալի էջերից մեկը

Ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ական բարձր պաշտոնյաների ատելությունը ժողովրդի, հատկապես՝ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Որոշ հոգեբաններ ենթադրում են, որ նրանք երիտասարդ կամ պատանի շրջանում սոցիալական կոնֆլիկտ են ունեցել, որի ընթացքում տուժել են, գուցե՝ նրանց արժանապատվությունը խոցվել է։ Ժամանակի ընթացքում նրանց ատելությունը սոցիալական խմբից տարածվել է ժողովրդի վրա։ Եվ հիմա, երբ իշխանություն ունեն, փորձում են թիրախավորել ոչ միայն իրենց վիրավորած մարդկանց կամ նրանց հետ ասոցացվող սոցիալական խմբին, այլև ժողովրդին։

Մոտ 10 տարի առաջ՝ 2013-ի օգոստոսի 31-ին, Փակ շուկայի մոտ կազմակերպված ցույցի ակցիայի ժամանակ գործարար Սամվել Ալեքսանյանի սատարող երիտասարդներից մեկը բռնություն է կիրառել ակտիվիստ Տիգրան Ավինյանի նկատմամբ։ Այս միջադեպի մասին Eprees.am կայքում տեղ գտած հրապարակումից մեջբերենք հատվածներ, որ հիշենք, թե ինչ է տեղի ունեցել այդօրը։

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը պահանջում էր Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից ապամոտաժել շուկայի տարածքում ապօրինի կառուցված հատվածները և վերականգնել հուշարձանի նախնական տեսքը: Միաժամանակ ցույց էին անում Սամվել Ալեքսանյանին սատարող քաղաքացիները։

Երկու ցույցերի մասնակիցների թեժ բանավեճը մի պահ վերածվել է կռվի ու քաշքշոցի։ Ոստիկանները չեն կարողացել կանխել միջադեպը: Հուշարձանի պահպանման համար պայքարող երիտասարդներից մեկը՝ Տիգրան Ավինյանը, դիմելով Ալեքսանյանին սատարողներին, ասել է. «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի մականունը) ստրուկ եք դառել սաղդ»: Այդ պահին քաղաքացիական հագուստով մի երիտասարդ հարձակվել է ակտիվիստի վրա քաշել ու հարվածել նրան: Հարձակվողին օգնել են մի քանի մարդիկ ևս, որոնցից մեկը հորդորել է Տիգրանին «խելոք մնալ», այլապես վատ կլինի:

Քիչ հետո լրագրողները դեպքի մասին պատմել են Վալերի Օսիպյանին և խնդրել՝ ասել, թե ոստիկանությունն ինչո՞ւ բերման չի ենթարկում բռնություն կիրառած մարդուն:

«Ես ներկա չեմ եղել, ձեր պատմածներից եմ իմանում։ Տիգրա՛ն, քո անձը, արժանապատվությունը վիրավորե՞լ են»,- դիմելով տուժածին՝ հարցրել է Օսիպյանը:

«Ոչ»,- պատասխանել է Տիգրան Ավինյանը:

Հրապարակված տեսանյութից ենթադրելի է, որ Տիգրան Ավինյանի արժանապատվությունը վիրավորվել է։ Բայց նա «գործ չի տվել» Օսիպյանին։ Նրա կենսագրության մեջ այս ուշագրավ դրվագն արտացոլված չէ։ Նույնիսկ նշված չէ, թե քաղաքական-հասարակական ինչ նախաձեռնությունների է մասնակցել, ինչով է աչքի ընկել, ինչ ցույցերի է մասնակցել և ինչ կոնֆլիկտների մեջ ընկել նախքան հեղափոխությունը։ Տեսանյութում երևում է, որ նա ակտիվ ցուցարար է, նրան ճանաչում են լրագրողներն ու Օսիպյանը։ Իսկ երբ վիրավորական արտահայտություն է անում Սամվել Ալեքսանյանին սատարող ցուցարարների հասցեին և ստանում համարժեք պատասխան, դրանից հետո, կարծես՝ վերանայում է ակտիվության չափը։

Հոգեբաններն անցյալի այսպիսի դրվագներ ունեցողներին խորհուրդ են տալիս ոչ թե քողարակել կոնֆլիկտն ու ատելության աղբյուրը, այլ պատմել այդ մասին, վերագնահատել, վերաիմաստավորել, լրացնել նոր մեկնաբանություններով և ազատվել կոնֆլիկտի բեռից և դրանով սնուցվող անտակ ատելությունից։

Այսպիսի խոստովանություն պարտավոր են անել հանրային բարձր դիրք ունեցողները, քանի որ նրանք իրենց մեջ կուտակված ատելությունը կարող են թափել հանրության գլխին և փոխադարձ ատելություն առաջացնել։ Իսկ երբ ժողովուրդը մեկ չինովնիկի հանդեպ ատելությունը նույն բարդույթով տարածի բոլոր պաշտոնյաների և ընդհանրապես իշխանության վրա, ապա կլինի աղետ։ Այնպես որ՝ ՔՊ-ականներն ունեն ընտրություն՝ կա՛մ պատմել իրենց անցյալն ամբողջությամբ և ներքին խաղաղության հասնել կամ շարունակել ատելությամբ սնուցել աղետը։

Թաթուլ Մկրտչյան