Երևան +13°
copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 19:00 29-11-2023

Ինքնիշխանության բարձրացո՞ւմ, թե՞ գահավիժում. ՀԱՊԿ-ն բոյկոտելու հակառակ կողմը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ պաշտոնական Երևանը բոյկոտում է Հավաքական անվտանգության կազմակարպության աշխատանքները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ դադարեցնել իր անդամակցությունը։ Չնայած ՀԱՊԿ-ին ուղղված դժգոհություններ մեր երկրում միշտ են եղել, սակայն դրանք առավել ցայտուն սկսեցին դրսևորվել հատկապես 2021-2022 թվականներին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիաների ժամանակ, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմեց կազմակերպությանը՝ ռազմական աջակցություն ստանալու և իր տարածքային ամբողջականության խախտումը արձանագրելու նպատակով, սակայն կազմակերպությունը փաստացի առարկայական աջակցություն այդպես էլ չցուցաբերեց։

Եթե 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ի անգործությունը մեկնաբանվում էր այն իրողությամբ, որ ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի չեն ունենում, ապա այս ագրսիաների պարագայում վերոհիշյալ հիմնավորումն այլևս կենսունակ չէր, իսկ ՀԱՊԿ-ի գնահատականն առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանը հստեկցված չէ, ուստի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը դժվար է արձանագրել՝ մեղմ ասած ծիծաղելի։ Ինչպես հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, համատեղության կարգով Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ Կոնստանտին Զատուլինը ՀԱՊԿ-ը սխալ արեց, երբ անհապաղ չարձագանքեց ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժմանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հմտորեն օգտվեց այդ իրողությունից։

Բազմիցս առիթ ունեցել ենք պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն իրականում հակառուսականության պատրանք է ստեղծում՝ հանդես գալով որպես գործիչ, ով պայքարում է սեփական երկրի ինքնիշխանության և անկախության համար, սակայն իրականում սպասարկում է Մոսկվայի օրակարգը և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնցից զերծ են մնացել անգամ նախկին իշխանությունները, որոնց նույն Փաշինյանը մեղադրում էր ՀՀ ինքնիշխանության մակարդակն իջեցնելու, իսկ ավելի կոշտ ձևակերպմամբ՝ «ռուսների կոշիկները լիզելու մեջ»։

Ասվածը կարող ենք հիմնավորել վերջերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովի օրինակով, որին Հայաստանի վարչապետը չէր մասնակցում, թեև մի ժամանակ՝ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, ՌԴ նախագահի հետ հադիպելու առիթը բաց չէր թողնում։ Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի ստորագրված փաստաթղթերը։ «Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, և համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում վերջնական լրամշակում անցած բոլոր որոշումները կփոխանցենք մեր հայաստանցի գործընկերներին և հույս կունենանք, որ նրանք կմիանան դրանց»,- հայտարարել էր Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը։

Պաշտոնական Երևանն ավելի ուշ՝ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով հայտարարեց, որ ՀՀ-ն կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը։ «Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների խորհրդի նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց՝ ՀՀ կողմից միանալու հարցը», - ասել էր ԱԳՆ խոսնակը՝ չբացառելով, որ ՀՀ-ն այնուամենայնիվ կմինա այդ փաստաթղթերին։

Այպիսիով՝ Նիկոլ Փաշինյանի վարած «գերճկուն արտաքին քաղաքականության արդյունքում», որը պետք է պետք է բարձրացներ մեր երկրի ինքիշխանությունը, Հայաստանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման աշխատանքներին, իրեն դնում է խաղից դուրս վիճակում, սակայն ավելի ուշ միանում է առանց իր մասնակցության կայացված որոշումներին։ Վստահաբար կարող ենք պնդել, որ ՀՀ ինքնիշխանությանը սրանցից ավելի մեծ հարված որևէ իշխանության կողմից չի հասցվել, այլապես՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ում ձայնը և արդարացի քննադատությունները լսելու հնարավորությունից 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի հպարտ քաղաքացիները զրկվել են, միանշանակ կբարձրաձայներ այդ մասին։

Իսկապես ՀԱՊԿ-ը և դեռևս Հայաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ կերպով չեն կատարում մեր երկրի հանդեմ ունեցած պարտավորությունները, եթե չպնդենք՝ առհասարակ չեն կատարում դրանք, սակայն, կարծում ենք, որ ցուցադրական դեմարշները լավագույն տարբերակը չեն՝ առկա խնդիրները լուծելու համար։

Հայաստանի իշխանությունների քայլերը կարող էին նպաստել առկա խնդիրների լուծմանը, եթե վերջիններս չսահմանափակվեին միայն դեմարշներով և քայլեր ձեռնարկեին՝ անվտանգային գործող համակարգերը լավարկելու, իսկ անհնարինության դեպքում՝ Հայաստանը նոր անվտանգային համակարգերում ընդգրկելու համար։ Այլապես ներկայումս ՀՀ-ն բախվել է մի իրավիճակի, երբ լարել է իր հարաբերությունները ՌԴ-ի և վերջինիս առաջնորդությամբ գործող կազմակերպությունների հետ, իսկ փոխարենը չունի որևէ իրական այլընտրանք՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Դավիթ Գույումջյան