«Հարությունագոմերի առյուծներ․․․»․ արցախցի աղջիկը պատմում է գյուղի հերոսների մասին
copy image url

«Հարությունագոմերի առյուծներ․․․»․ արցախցի աղջիկը պատմում է գյուղի հերոսների մասին

Ներքին 1 տարի առաջ - 18:45 29-11-2023
«Արցունքներս խեղդում են ու շարունակում եմ շարադրել իրար խառնված մտքերս`անորոշության, աննկարագրելի իրավիճակում, երբ արդեն կորցրել ենք և' Հարությունագոմերը, և՛ ամբողջ Արցախը ․․․․Կրկին աշուն, կրկին արյուն, բայց այս անգամ արդեն տղերքի արյամբ պահած հողում չենք քայլի մենք, չենք դողա քայլելիս այն հողի վրա`որի ամեն մի սանտիմետրը պահելու համար 1, նույնիսկ 10 հերոս տղերք ունեցանք... »,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հարությունագոմերից բռնի տեղահանված Կառա Լալայանը։

«Սեպտեմբերի 19-ին, 13.00-ի սահմաններում, միանգամից 4 կողմերից հնչեց ծանր հրետանու սարսափելի, բայց արդեն քարացնող ձայները, որոնք լսելիս միանգամից ականջիս հասավ արդեն ծանոթ ողբի ձայներ։ Այդ ձայները անընդհատ ավելանում էին, դե հասկանալի էր, որդիները առաջնագծում`ճակատ ճակատի տված կռվում էին, որ մի քանի հարյուր մետր այն կողմ իրենց ընտանիքները գոնե հասցնեն ոտքով հասնել կողքի գյուղ։ Կռվում էին, որովհետև քաջ գիտակցում էին, որ եկել են խրամատ, իմանալով, որ տանը ոչ մի գրամ վառելիք չկար, ու գրեթե բոլորի տանը`ցամաք հաց։ Կռվում էին մինչև վերջին շունչ, իսկ ում բախտ էր վիճակվում`մինչև վերջին փամփուշտը...

Հարությունագոմերի տղաները մի քանի օր առաջ էին հերթափոխով եկել այդ դիրքեր, որը թշնամու սահմանագծին ավելի մոտ էր, քան կարելի էր պատկերացնել... Երբ այդ ամենը սկսվեց`տղաները գյուղի տներից մի կերպ հայթայթած ու իրենց հետ բերած մի կտոր չորահացն էին կիսում իրար մեջ, որ գոնե ուժ ունենան`ամեն րոպե պատերազմելու համար։ Սկսվե՜ց, ու առաջին իսկ հարվածները ուղղվեց դեպի Չարեքթարի մեր խրամատները։ Տղերքից ոչ ոք չկորցրեց իրեն, արագ գործի անցնելով սկսեցին առաջին իսկ րոպեներին վերացնել թշնամու կենդանի ուժն ու զրահատեխնիկան, բայց ուշ էր, ով գիտեր, որ տղերքը, որ կիսասոված, ընտանիքի մասին մտածելով, բայց շունչները պահած կռիվ են տալիս հանուն այն հողի, որը արդեն մերը չէր. ուղիղ իմաստով մերը չէր։ Բայց չէ, նրանք կռվեցին, կռվեցին ու առյուծի պես ընկան, չլքելով մետր անգամ սեփական անձին վստահված խրամատը.

Հերոսներից` Դավիթ Սարգսյանը, ով մի ոսկի բնավորության տեր մարդ էր, բազմազավակ հայր ու հարգանք վայելող համագյուղացի. իր տղայի`Սամվելի հետ էր գտնվում այդտեղ։ Ամեն ինչից կարևոր նա այդ պահին դասել էր սեփական որդու կյանքը, ընկերներին առաջարկել վերջ տալ, որ գոնե «սաղ մնան», բայց Վանյան (Վանի Հովհաննիսյանը, որը կրում էր զոհված ազատամարտիկ հորեղբոր անունը) թույլ չտալով, որ Դավիթն ավարտի, ասում է՝ «Չէ, Դավո դադայ, մինչև վերջ պիտի կռվենք, հինչ վենըկենալա...»։ Այս խոսքից հետո միայն լսվում է Վանյայի հայտնի դարձած պեկայի ձայնը, որը 2 ժամ շարունակ չի դադարել, կրակել ու ապացուցել է թշնամուն, որ ամեն բան չէ, որ գրիչով կամ գումարով է հանձնվում։ Նույն խրամատի մի թիկունքում էլ գտնվել են նաև մի քանի համագյուղացիներ, որոնք կողմնորոշվելով, որոշել են նահանջել, բայց հետո ինչքան էլ կանչել են, մնացյալ առյուծների ձայնը էլ չի լսվել արկերի ձայնի տակ...

Նույն գիշերվա ընթացքում, համագյուղացիները, որոնց ընտանիքների մի մասը անտառներում էր ծվարել, մի մասը դպրոցի ապաստարանում էր դեռ, մի մասն էլ ոտքով ճանապարհ ընկել դեպի Դրմբոն`որոշում են, որ խրամատում կռվող տղերքին փամփուշտներ ու օգնություն է պետք։ Որոշում ու համայնքապետի գլխավորությամբ ճանապարհ են ընկնում դեպի Չարեքթարի մեր դիրքերը, մոտենալով`հանդիպում են թիկունքից նահանջող այլ գյուղացիների, որոնք միայն ասում էին, որ անիմաստ է առաջ գնալը, թշնամին ուր որ է կհասնի մեզ...

Այնուամենայնիվ տղերքը որոշում են փամփուշտները տանել, բայց ճանապարհի կեսից առճակատվում են թշնամու հրետանու աննկարագրելի հարվածներին ու սողեսող մի կերպ ազատվում նրանցից։ Հարությունագոմերի հերոսներն այսքանը չեն միայն։ Առանձին դեր ու պատմություն ունեն նաև Արտյոմ Բաղդասարյանը, Կամո Ադամյանն ու Գագիկ Մկրտչյանը։ Վերջին երկուսն իրար հետ գտնվել են մի խրամատում, միասին ողջ մնացել ու մի կերպ ազատվելով թշնամու ճիրանից, առանձնանալով, երկուսն էլ գաղտնի ճանապարհներով ու անտառներով գալիս են հայրենի գյուղ`Հարությունագոմեր։ Գալիս են վերջին հրաժեշտը տալու իրենց գյուղին, հայրենի տանը՝ քաջ գիտակցումը սրտներում, որ գյուղն արդեն դուրս է հայկական վերահսկողությունից։ Անթիվ անգամներ Աստծո փրկությամբ կարողանում են ազատվել թշնամու ձեռքից, սակայն Գագիկ Մկրտչյանն ի վերջո առճակատվում է թշնամու հետ, վերջինս հանձնում են Կարմիր Խաչին, իսկ Կամո Ադամյանին գալիս ու հանդիպում են Չարեքթարի խրամատից նահանջած 5 տղաները, որոնցից արդեն ոչ ոք տեղյակ չէր մոտ մեկ շաբաթ, իսկ հույս ընդհանրապես չկար, որովհետև այն տղերքը, որ եղել էին նախորդ անգամներին այդ խրամատում, արդեն ամեն ինչ պատկերացնում էին...

Հետո պարզվել է, որ լեգենդար Արթուր Բաղդասարյանի շնորհիվ են տղաները փրկվել, քանի որ Բաղդասարյանը կարողացել էր ճիշտ կողմնորոշվել։

Ամենաստույգ տեղեկությունները միայն նա կարող է տալ, և ակնհայտ կարելի է ասել, որ առանց նրա չէին լինի այդ տղերքն այսօր...

Իր որդին՝ Նարեկ Բաղդասարյանը, ևս գտնվում էր մարտադաշտի ամենաթեժ կետերում։ Զբաղեցնելով տանկի հրամանատարի պաշտոնը՝ նա զինակից ընկերների հետ մինչև վերջ կռվել է՝ աննահանջ մարտի արդյունքում կորցնելով գրեթե բոլոր զինակից ընկերներին...

Սեպտեմբերի 28-ի երեկոյան համացանցում հայտնվում է տեղեկություն, ըստ որի՝ գտնվել են Հարությունագոմերից 6 զինվորական ծառայողներ, որոնք Կարմիր Խաչի միջամտությամբ դուրս են բերվել մարտադաշտից։ Այս մասին կարդալիս արդեն արցունքներս խեղդելով փորձում էի գուշակել, թե ովքեր կարող են լինել այդ 6-ը։

Այդ կորածների ընտանիքներում մինչև իրենց կապի դուրս գալը`անբացատրելի իրավիճակ էր, որը նույնիսկ ֆիլմերում չէին ցուցադրի... Իսկ այն անմահացած տղերքը... Նրանց հավերժ գովաբանել կարող եմ, նրանց ընտանիքների մասին միայն լավը ասել կարող եմ, ամեն մեկը յուրովի նվիրված, հայրենասեր, հարգանք ու պատիվ վայելող անձ էր։ Ամենափոքրը հենց Սամվել Սարգսյանն է, իսկ ամենամեծը`հայրը։ Դավիթ Սարգսյանի բազմանդամ ընտանիքը Հարությունագոմերի աչքն էր, այնքան հանգիստ, այնքան ընկերասեր ու նվիրված մարդիկ էին...

Արցունքներս սրբելով շարունակեմ, որ Վանյա Հովհաննիսյանը ամուսնացած չէր, եկել էր ՌԴ ից դեռ նախորդ կռվին մասնակցելու ու մնացել հայրենիքում՝ անմահանալով 30 ապրած գարուններից հետո։Նա այն երիտասարդներից էր, որի հետ կապված էին բոլորը, այնքան էր սիրում հայրենիքը, որ ի վերջո ամենաթանկը`կյանքը նվիրեց հայրենիքին...

Արտյոմ Բաղդասարյանը ուներ 4 երեխաներ, որոնց դաստիարակել էր այնպես, ինչպես յուրաքանչյուր ավանդական ընտանիքում`վեր դասել սրբությունը, հայրենիքին ու ընկերությունը և ինքը դարձավ ընտանիքի սրբությունն ու անսպառ կարոտը․․․

Երեմ Բաղրամյանի դրական հատկանիշների մասին ևս կարելի է անվերջ խոսել։ Նվիրված ամուսին ու լավ հայր էր իր 3 անչափահաս երեխաների համար, որոնցից ամենափոքրը 2 տարեկան աղջնակ է, որը դաժան բախտի հետևանքով չկարողացավ վայելել հոր սերը, ու հավերժ կարոտ մնաց այդ քաղցր բառին, որն ամեն անգամ արտաբերելուց էլ պատասխան չի ունենա...

Ամենադաժան ցավն է այս, ամենամեծ կորուստը, որ երբեք չի սպիանա ու միշտ կարոտով կսպասենք բոլորս մի օր Ձեր ու Արցախի վերադարձին...

Դուք գնացիք՝ գերադասելով մնալ Արցախում, քան երկրագնդի վրա մի այլ կետում, գերադասեցիք սոված Արցախը`լեցուն խանութներից, նախընտրեցիք անլույս Արցախում թաղել ձեր հոգիները, հավերժ կոչելով ձեզ` Հարությունագոմերի առյուծներ․․․»,- ասաց Հարությունագոմերից բռնի տեղահանված Կառա Լալայանը։