Արայիկ Հարությունյանը զբաղված է տաֆտալոգիայով. Գագիկ Համբարյան
copy image url

Արայիկ Հարությունյանը զբաղված է տաֆտալոգիայով. Գագիկ Համբարյան

Ներքին 1 տարի առաջ - 22:41 28-11-2023
«Այլ բան սպասել Նիկոլի թիմից և հատկապես Արայիկ Հարությունյանի նմանից պետք էլ չէր։ Մարդը զբաղված է բացահայտ պոպուլիզմով, ուղղակիորեն զբաղված է տաֆտալոգիայով»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառմանը, որտեղ Փաշինյանի թիմակիցը կարևոր է համարում որ թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը օգտվեն հայկական արտադրության ապրանքներից։

Քաղաքագետն ասում է`Արայիկ Հարությունյանը կոչ է անում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին գնել հայկական ապրանք, բայց ինքը ինչպե՞ս է պատկերացնում հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա։

«Արայիկ Հարությունյանը ինչպե՞ս է պատկերացնում՝ Բելգիայիում ապրող հայը ոնց պետք է Grand Candy-ի շոկոլադ գնի, երբ Բելգիան համարվում է շոկոլադ արտադրող առաջատար երկրներից մեկը։ Գերմանիայիում բնակվող հայը խոզի բուդը ո՞ր հայ ֆերմերից պիտի գնի։ Այնպես որ Արայիկ Հարությունյանի գրածը ընդամենը գրելու համար է, կամ ուղղակի ծաղրում է ժողովրդին։ Ինքը մտածում է, որ Սփյուռքում ապրող հայերը պիտի գան և իրենց տոնական սեղանները զարդարելու համար Հայաստանից լոլիկ, վարունգ գնեն։ Էս մարդը Եվրամիության կողմից տարվող քաղաքականությունից տեղյակ չէ՞, չգիտի, որ եվրոպական շուկան գրեթե փակ է հայկական գյուղատնտեսության համար։ Եթե չգիտի, ուրեմն շատ վատ է, իսկ եթե գիտի ու էսպիսի մանիպուլյացիաներով է զբաղված, ուրեմն ծաղրում է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին»,- ընդգծեց քաղաքագետը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը անդրադարձել էր նաև Լարսի անցակետի փակվելուն և նշել, որ Լարսի որևէ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի։ Գագիկ Համբարյանն ասում է՝ Լարսի անցակետի փակվելը մեծ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսվարողներին, որովհետև մենք այլ ելք այս պահի դրությամբ չունենք։

«Բացի դրանից նաև նշեմ, որ Հայաստանի արտադրած գյուղմթերքի մեծ մասը արտահանվում է Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ, որովհետև մեր գյուղմթերքի 95%-ը այլ տեղերում մրցունակ չէ։ Լարսը, որ փակվի, Հայաստանի գյուղմթերք արտադրողները սոված կմնան»,- նշեց Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով` ինչ վերաբերվում է Եվրամիության, կամ այլ երկրների շուկաներին, ապա ՀՀ-ում արտադրված արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական շուկայի պահանջներին և Եվրամիությունը ինքը պետք է թույլ տա, որպեսզի հայկական արտադրանքը մտնի իր շուկա։