Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:22 13-08-2022

Ադրբեջանը մեզ է թողնելու այն տարածքները, որոնք ունեցել ենք 1918 թ․-ի Բաթումի պայմանագրով․ Գագիկ Համբարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Քանի որ Մինսկի խումբը որպես միջնորդ արդեն նաև դե յուրե գոյություն չունի, որպեսզի այդ գործընթացների ձևաչափը ինչ-որ կերպ պահպանվի, հիմա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հանդիպում են Ռուսաստանի կամ ԵՄ ու ԱՄՆ հովանու ներքո։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով օգոստոսին Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումներին, որոնից մեկը տեղի է ունենալու Պուտինի միջնորդությամբ, մյուսը՝ Արևմուտքի։

«Այդ հանդիպումների ժամանակ Պուտինի հետ հանդիպման մանրամասներ են ներկայացնում Բրյուսելին, իսկ բրյուսելյան հանդիպումներից հետո էլ ԵՄ ղեկավարությամբ հանդիպման մանրամասները ներկայացվում են Պուտինին։ Չնայած Արևմուտքի ու ՌԴ-ի միջև ծայրաստիճան լարվածությանը՝ Արևմուտքը չի կարող անտեսել Ռուսաստանի շահերը, իսկ Ռուսաստանը չի կարող անտեսել Արևմուտքի շահերը, ուստի այսկերպ առաջին հերթին իմանում են միմյանց ծրագրերի մասին», - ասաց Համբարյանը։

Ինչ վերաբերում է սպասելիքներին, նա ընդգծեց, որ քանի որ ՀՀ-ն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ն չպետք է ինչ-որ լավ բանի սպասի։ «Կապիտուլյանտը չի կարող հավասարը հավասարի հետ խոսել Ադրբեջանի հետ, արդյունքում 2 տարի է՝ շարունակվում է Հայաստանի սողացող կապիտուլյացիան։ Հետևաբար, այս հանդիպումներից հետո էլ Հայաստանը նորանոր կորուստներ է ունենալու»։

Անդրադառնալով Արևմուտիքի ու Ռուսաստանի շահերին մեր տարածաշրջանում՝ նա ընդգծեց, որ այս պահին Արևմուտքի համար շատ կարևոր են Ադրբեջանի գազանավթային հնարավորությունները, քանի որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելով՝ ԵՄ-ն ունի էներգակիրների սուր պակաս։ «Գիտեք, որ ԵՄ-ն գազի մատակարարման համապատասխան պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ, հետևաբար պետք չէ զարմանալ, որ Արևմուտքը, հասկանալով Նիկոլի կապիտուլյանտ լինելու հանգամանքը, պարտադրում է վերջինիս գնալ խոշոր զիջումների։ Ռուսաստանն էլ, լինելով վտարանդու կարգավիճակում, ունենալով լրջագույն խնդիրներ արտաքին հարաբերություներում, իր համար շատ կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի որ Թուրքիան գրեթե չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ուստի որքան էլ Հայաստանը շատ կարևոր է ՌԴ-ի համար, միևնույնն է, Ռուսաստանը հիմա ունի շատ ավելի կարևոր խնդիրներ, քան Արցախում 1-2 գյուղերը կամ բարձունքները։

Տեսնելով ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ՌԴ-ում էլ մտածում են՝ եթե Հայաստանին դա ձեռնտու է, իրենց ձեռնտու է ու ձեռնտու։ Հետևաբար ՌԴ-ն էլ բարելավում է հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան երբեք էլ չի թաքցրել ու հիմա էլ չի թաքցնում, որ առաջնայինը Ադրբեջանի ցանկությունների իրականացումն է»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ արդյունքում ունենք իրավիճակ, երբ Արևմուտքին պետք են Ադրբեջանի էներգամատակարարման տրանսպորտային հանգույցները, ուստի Արևմուտքն էլ գնում է բացահայտ զիջումների, որոնք տեղի են ունենում մեր հաշվին, մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները Մոսկվայի համար, ինչպես նաև փորձելով խուսափել երկրորդ ճակատ բացելու հեռանկարից՝ ՌԴ-ն գնում է զիջումների թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Դե իսկ պաշտոնական Բաքուն արդեն չի էլ թաքցնում, թե ինքը ինչ ծրագրեր ունի Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի բազմաթիվ գերատեսչություններում փակցված են Հարավային Կովկասի քարտեզները, որտեղ Սյունիքի մարզը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի մարզի, ամբողջ արևելքը և հարավը, ինչպես նա Տավուշի մարզի արևելքը պատկերված են Ադրբեջանի կազմում։ Եթե ուշադիր լիենք, Ադրբեջանը մեզ է թողնում միայն տարածքը, որը մենք ժամանակին ունեցել ենք 1918 թ․-ի Բաթումի խայտառակ պայմանագրով», - ասաց Համբարյանը։

Ամենից շատ դիտված