Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:54 11-11-2023

Երկրորդ և երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր․ Աշոտյան

Թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր: Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածում կալանավայրից:

«PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 12-րդ)

Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:

Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:

Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:

Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:

Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:

Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:

Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:

Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:

Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:

Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախ և առաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:

Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:

Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:

Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.11.2023թ.»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան