Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:00 30-12-2023

Պարտությունից մինչև ռևանշ, մինչև Արցախը դառնա Հայաստանի մաս

Ռևանշի մղումը առողջության ցուցիչ է։ Ռևանշի մասին է խոսում ՀՀ 3-րդ նախագահը։ Նրանից առաջ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Հանրային քննարկումներում ռևանշի մասին հիշատակումները, հույս են ներշնչում, որ ներկա կամ հաջորդ իշխանությունները կազատագրեն ՀՀ-ից զավթված տարածքները, Արծվաշենը, Արցախը։ Այսօր կարելի է չքննարկել, թե երբ, կամ նպաստավոր ինչ հանգամանքներում հնարավոր կլինի ազատագրել մեր հայրենիքի մի մասը, սակայն անհրաժեշտ է չեզոքացնել պարտվողական տրամադրություն հողորդող խոսույթը։ Օրինակ՝ Արցախի կորստի մասին խոսքը։

Քաղաքական հակառակորդների շեշտադրումները հակադիր են։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ հայերն ասում էին, որ ազատագրել են Արցախն ու հարակից շրջանները։ Հակառակորդն ասում էր, որ ՀՀ-ն բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Ներկայում ադրբեջանցիներն ասում են՝ Ղարաբաղն ազատագրվել է, իսկ հայերն ասում են՝ Արցախը բռնազավթվել է ադրբեջանցիների և նրա դաշնակիցների կողմից։ Ինչպես չբարեկամներն էին տասնամյակներ երազում նորից զավթել Արցախը, այնպես էլ մենք ենք երազում ազատագրել Արցախը։ Եվ այստեղ արտառոց կամ այպանելի ոչինչ չկա։

Այո, ՀՀ-ն, ԼՂՀ-ն, բանակը պարտվել են։ ՔՊ-ական իշխանությունը ճանաչում է Հայաստանի պարտությունը, պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, որով կամրագրվեն Ադրբեջանի իրավունքները։ Բայց Արցախն իր տեղում է, չի կորել։ Հետևաբար՝ ճիշտ չէ խոսել Արցախի կորստի մասին, որովհետև արևոտ մի օր ազատագրվելու է։

Երբ ասում ենք՝ զավթվել է, նշանակում է Ղարաբաղ այսօր էլ համարում ենք մերը։ Իսկ կորուստ ասելով, ցույց ենք տալիս, թե չգիտենք՝ ումն է։ Զավթվածը մի օր ազատագրվելու է։ Իսկ կորուստը կարելի է գտնել հրաշքով, կամ երջանիկ պատահականությամբ։ Ազատագրելու մղումը կամքի դրսևորում է, իսկ կորստի մասին խոսքը պատասխանատվությունից փախուստի ցույց։

Ռևանշի մասին միտքը հայտնվում է պարտությունը գիտակցելու, կամ ընդունելու հաջորդ ակնթարթին։ Պարտությունից մինչև ռևանշ ճանապարհին կարևոր է ամուր պահել կամքն ու հաղթելու վճռականությունը, ինչպես կույսերն էին վառ պահում ճրագներն ու սպասում Տիրոջ գալստյանը։ Իսկ կորստի մասին ողբն ընկճում է մարդուն, դարձնում ողորմելի թշվառական, գայլի բաժին։ Առավել վտանգավոր է, երբ ասում են՝ «անդառնալի կորուստ»։ Կարծես՝ արդեն գիտեն, որ հաջորդ իշխանությունները ՔՊ-ականների նման անպատասխանատու և արկածախնդիր են լինելու։

Ռևանշի իմաստը ավելի պարզ է դառնում, երբ վերաբերում է ազատությանը, երբ հանգամանքների բերումով ազատությունից զրկվածը ձգտում է կրկին ազատ լինել։ Օրինակ՝ 1920-ի դեկտեմբերի 2-ից հետո ժողովրդի ընտրանին, ազատասեր, առողջ մտածողությամբ մարդիկ ձգտել են ազգային ռևանշի, հիշեցրել, որ Հայաստանն ազատ է եղել, երազել և պայքարել են ՀՀ անկախությունը վերականգնելու համար։ Չեն համարել, որ ՀՀ-ն անկախությունը կորցրել է, այլ ասել են, որ ՀՀ-ն բռնազավթվել է 1920-21 թվականներին։ Այդպես անկախությունը վերականգնելու միտքը, խոսքը, երազն ու պայքարը շարունակվել են և հաջողությամբ պսակվել 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Այսինքն՝ սեպտեմբերի 21-ին մենք ռևանշի ենք հասել, վերանվաճել ժողովրդի ազատությունը, որը բռնությամբ խլվել էր 70 տարի առաջ։

Նույնպես հարկ է չմոռանալ, որ ցույցով, կռվով, պատերազմով, հազարավոր զոհերով, բանակցությամբ 35 տարի շարունակվող Արցախյան պայքարը ժողովրդի ազատության համար է։ Այն կավարտվի, երբ իրացվի Արցախի՝ ինքնորոշման իրավունքը՝ ՀՀ-ին միանալու իրավունքը, երբ Արցախը դառնա Հայաստանի մաս։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո