Երևան +21°
copy image url
Մշակույթ 6 ամիս առաջ - 21:28 08-11-2023

Տվեք ինձ ապահով, հզոր հայրենիք, և ես կլինեմ աշխարհի ամենաուրախ մարդը․ նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

«Մարդը չէր իմանա՝ ինչ է գեղեցիկը և տգեղը… չէր իմանա: Չէր ստեղծվի արվեստների հրաշքը` նկարչությունը… Մարդը չէր իմանա` ինքն ինչ է… ինչ արժի իր տարբերությունը անասունից, շնագայլից, սողունից… Չէր լինի Լեոնարդոն, Ռաֆայելը, Անջելոն, Տիցիանը, Տինտորետտոն… Ռուբենսը, Դելակրուան… Չէին լինի բոլոր բանաստեղծները, Նարեկացին և հազար-հազար շքեղություն` աշխարհը զարդարող… Չէին լինի, և սակայն կան և միայն ու միայն այդ հրաշքի շնորհիվ` աչքերի…»,- գրել է ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։

Այսօր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է։



Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձևավորումներ։ Էդուարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը հումանիզմն ու խորը հայրենասիրությունն է, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներով։

Իսաբեկյանն ամուր թելերով կապված է մեր հայրենիքի պատմությանն ու գրականությանը։ Նա իր մարմնի բոլոր բջիջներով վերապրում է մեր ժողովրդի ճակատագիրը։



«Ամենատխուր մարդը հայերի մեջ, թերևս, Տերյանն էր: Դժվար ժամանակ էր ծնվել, երբ ծվեն-ծվեն էր եղել իր Նաիրին, և անհույս էր ապագան, չէր տեսնում, մշուշ էր: Մշուշի, խավարի միջից էր տեսնում այդ ապագա կոչվածը: Թերևս անձնական չէր իր ցավը: Այդ ցավով տառապել են մեր բոլոր իսկական մեծերը` տարբեր դոզաներով… Տերյանինը նաև վատ առողջությունից էր, բայց հոգով ինքն ամուր էր, կարողանում էր ֆիզիկականը տանել, իսկ մյուսը՝ Նաիրին, շատ էր մորմոքող վերք, որի վրա անընդհատ աղ էին լցնում… Հոգու մորմոքն է տխրեցնում մարդուն: Եվ խորապես հասկանալով պատճառը՝ ասում էր (տառացի չեմ հիշում), որ մենք ի ծնե վարակված ենք լինում նոստալգիայով, կորած, անհույս հայրենիքի սիրով… Այդպես է: Եվ այդ անհուսության դառնությունն է, որ կաթիլ առ կաթիլ թունավորում է դանդաղ մեր հոգին… և անվերջանալի հոգսը, վախը՝ քո հայրենիքի վաղվա մասին, հացը լեղի է դարձնում…



Գինեմոլությունը կարծես թե ինչ-որ բուժող բան ունի իր մեջ, բայց թվացյալ է: Ուժեղ կամքը կարող է սատար լինել, բայց բոլորին չի տրված: Մեծն Թումանյանը առավել բոլորից պատճառ ուներ տխուր լինելու, բայց հզոր կամքը պահում էր իրեն և պահեց մինչև վերջին օրը: Չարենցին փրկեց տխրությունից («Երկիր Նաիրի») զարմանալի հավատը դեպի ռուսական հեղափոխությունը, երբ նույն հեղափոխությունը տապալեց Եսենինին, Մայակովսկուն, շատերին, իսկ Չարենցը դիմացավ: Բայց… արդյո՞ք դիմացավ. չէ՞ որ մորֆին ընդունելով նա արհեստական դիմադրություն էր ստեղծում իր համար… ժամանակավոր, խաբուսիկ և… չդիմացավ՝ ի վերջո: Չարենցին չսպանեցին, ինչպես Բակունցին, նա մեռավ ահավոր տանջանքներում, քառակի մեռավ… Ըմբոստ հոգի ուներ Չարենցը, բայց նա էլ չդիմացավ տխրության դաժան ուժին:

Իմ ասելով տխրությունը դառնում է համարյա թե սոցիալական չարիք…Բայց ճշմարտություն կա ասածիս մեջ: Տվեք ինձ ապահով, հզոր հայրենիք, և ես կլինեմ աշխարհի ամենաուրախ մարդը…»,- գրել է նա։



«Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ: Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է: Արվեստը պետք է ապրեցնի: Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»,- նկարչի աշխարհը լավագույնս բնութագրել է Սերո Խանզադյանը: