Ներքին 3 տարի առաջ - 22:01 07-11-2023

Հարավային Կորեան հաջորդ տարի դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան հաջորդ տարի ռեկորդային թվով արտասահմանյան դիվանագիտական առաքելություններ կբացի, որոնց թվում կլինեն դեսպանատներ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռյոնհապ» գործակալությունը։ Գրում է «Արցախպրես»-ը։

«Մենք համապատասխան երկրների հետ շփվում ենք տարբեր խողովակներով, և մեզ շնորհակալություն են հայտնում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու որոշման համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման համար»,-հայտարարել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Սլովենիայում, Զամբիայում, Սիեռա Լեոնեում և Մարշալյան կղզիներում հնարավորինս շուտ դեսպանություններ բացելու որոշումը հիմնավորված է փոխադարձության սկզբունքով, քանի որ այդ երկրներն արդեն ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սեուլում, իսկ Լյուքսեմբուրգը նախատեսում է այն հիմնել մինչև տարեվերջ:

Հայաստանի, Ջամայկայի, Բոտսվանայի և Սուրինամի պարագայում «Հարավկորեական ընկերություններին աջակցելու, արտերկրում բնակվող քաղաքացիներին պաշտպանելու և հյուպատոսական ծառայություններ մատուցելու» անհրաժեշտություն կա, ընդ որում` նշված պետությունները տևական ժամանակ ակտիվորեն խնդրել են Հարավային Կորեային իրենց մոտ դեսպանատուն բացել։ Հաշվի է առնվել նաև այդ երկրներում «առանցքային պետությունների»՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի դիվանագիտական ներկայությունը։

Ներկայումս Հայաստանում Հարավային Կորեայի դիվանագիտական առաքելության գործառույթները համատեղության կարգով իրականացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանությունը, Հարավային Կորեայում Երևանի շահերը ներկայացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։

Վերջերս Երևան կատարած այցի ընթացքում Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ան Դոկ Կընը հայտարարել էր, որ Հայաստանը «ռազմավարական տարածաշրջան» է դարձել Հարավային Կորեայի արտահանման համար:

Ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 4,6 անգամ` այս տարվա առաջին ինն ամիսներին հասնելով 90 մլն դոլարի։ Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում:

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի հետ «կամուրջների կառուցումը Սեուլին անհրաժեշտ է լայնամասշտաբ ներթափանցման (շուկա) և գործնական տնտեսական համագործակցության ամրապնդման համար ԱՊՀ այն պետությունների հետ, որոնց ռազմավարական արժեքը վերջին ժամանակներս աճում է»:

Վրաստանը Կորեայի Հանրապետությունում դեսպանատուն բացել է 2011 թվականին: Չորս տարի անց Թբիլիսիում հիմնվեց Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպանատան գրասենյակը, որը համատեղության կարգով դիվանագիտական ներկայացուցչությունն է Վրաստանում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն