Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 18-10-2023

Մենք արևմուտքի թշնամու բարեկամն ենք, իսկ թշնամուն չեն օգնում, պատժում են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, որում մի շարք ուշագրավ շեշտադրումներ կատարեց։ Փաշինյանը թեև քողարկված կերպով ՌԴ-ին ուղղված քննադատություններ հնչեցրեց, ինչից մի շարք փորձագետներ ենթադրեցին, որ այսպիսով Հայաստանի իշխանությունները երկրի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության գործընթաց են նախաձեռնում, որի առաջին քայլն էր այս ելույթն էր։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանը չհամաձայնեց դիտարմանը, թե իշխանությունները վեկտորի փոփոխություն են նախաձեռնում՝ նշելով, որ դրանք միայն խոսքեր են՝ այն էլ կիսաճշմարտություն, իսկ կատարվածն էլ կիսաքայլեր են։ Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը հստակ քայլեր ձեռնարկի՝ առնվազն դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ «Մնացածը խոսքեր են, ինչպես Աստվածաշունչն է ասում, ատամների կռճտոց և քամի»,- կարծում է նա։

Արա Պապյանը չի կարծում, որ իշխանություններն առաջիկայում նման նախաձեռնություններով հանդես կգան։ Նա ընդգծեց, որ սա պարզապես Եվրոպայի գլխի տակ փափուկ բարձ դնելու, ինչպես նաև Հայաստանում պատրանքներ ստեղծելու քաղաքականություն է։ Վերջինս վստահ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից խրախուսվող չակերտավոր արևմտամետները կսկսեն գովք իրականացնել և այլն, սակայն իրականում գովելու որևէ բան չկա։

«Այո՜, ինքը ճիշտ է ասում, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ և այլն, բայց եթե դու քայլ չես ձեռնարկում, դա անտրամաբանական է։ Ստացվում է, որ դու Ռուսաստանին մեր դեմ կատաղեցնում ես՝ առանց որևէ արդյունքի։ Եթե այդ մասին խոսում ես, ապա պիտի քայլեր ձեռնարկես, որպեսզի այդ բացասական ազդեցությունը, որը պետք է ՌԴ-ն մեր դեմ գործադրի, գոնե իզուր տեղը չլինի, իմանանք՝ ինչի դիմաց ենք դիմակայելու այդ բոլոր խնդիրներին»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը, սակայն, համաձայնեց Փաշինյանի այն դիտարկման հետ, որ ՌԴ-ն փորձում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել և իր դրածոներին բերել իշխանության։ Նա ընդգծեց, որ ՌԴ-ն դա անում է բացահայտ կերպով․ և՛ կոչեր է անում, և՛ ուղորդում է, և՛ ֆինանսավորում է։ Պապյանը միևնույն ժամանակ կարծում է, որ ճշմարտությունն ասելը քիչ է, անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության է արժանացնում, սակայն երբ ՀՀ-ն կամ Արցախը հարձակման են ենթարկվում, որևէ գործնական քայլ չի ձեռնարկում, այստեղ հակադրություն չի՞ նկատում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ որևէ հակադրություն չկա, իսկ ծափահարությունները պայմանավորված է արարողակարգով։ «Երբ Դուք նստած եք խնջույքի սեղանին, բոլոր բաժակաճառեր են ասում, իրար գովում են, երբ նման նման ֆորումի եք մասնակցում, բոլորը ելույթ ունեցողին ծափահարում են և ավելի գովում են։ Այստեղ որևէ ջերմություն չկա, դա դիվանագիտական, արարողակարգային սովորական գործընթաց է։ Ես ավելի ջերմ ընդունելություններ եմ տեսել, դա հարց չի փոխում»։

Արա Պապյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արևմուտքը Հայաստանին չի աջակցում, քանի որ երկիրը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։

«Մենք Արևմուտքի թշնամու բարեկամն ենք, եթե չասենք թշնամին ենք, իսկ թշնամուն չեն օգնում, թշնամուն պատժում են։ Շնորհակալ եղեք, որ Արևմուտքը մեզ չի պատժում։ Մենք այն երկիրն ենք, որն իր տարածքում իր հաշվին ռուսական ռազմաբազա է պահում, որն ուղղված է Արևմուտքի դեմ՝ նույն Եվրոպայի դեմ, ԱՄՆ-ի դեմ։ Բնականաբար սա էլ լավ է, որ ավելի վատ վերաբերմունքի չենք արժանանում»,- նշեց նա։

Վերջինս նաև նշեց, որ թեկուզ ոչ մեծ գումարներով, սակայն նույն Արևմուտքն էր, որ Արցախից բռնագաղթած մարդկանց օգնում, բանաձևեր ընդունում և այլն, իսկ ՌԴ-ն դա էլ չէր անում։ «Ո՛չ փող է տալիս, ո՛չ զենք է տալիս, եղած զենքի փողն էլ ուտում է, իր պարտականություններն էլ չի կատարում»,- ասաց նա։

Արա Պապյանը հավելեց, որ եթե Հայաստանը ձեռնարկի իր կողմից նշված քայլերը, ապա Արևմուտքը միանշանակ համարժեք ռազմական և տնտեսական աջակցություն կցուցաբերի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի