Երևան +17°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:26 26-09-2022

Ինչ մենք կառուցում ենք՝ թշնամին ոչնչացնում է, ինչ մենք օրհնում ենք, նրանք՝ անիծում են, մենք սրբագործում ենք, նրանք՝ սրբապղծում են․ Արցախի թեմի առաջնորդ

44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ ադրբեջանական տիրապետության տակ անցած տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությանը նպաստելու համար Արցախի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գրասենյակ է բացել։

Oragir news –ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնեց, որ նախաձեռնության անդամները պատերազմի ավարտից հետո օրերից մեծ աշխատանք են տանում՝ հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագ ու մշակութասպան գործունեության մասին ահազանգելու ուղղությամբ։

«Գրասենյակն աշխատում է լիարժեք՝ կազմակերպելով տարբեր բնույթի հավաքներ, գիտաժողովներ։ Տարբեր դռներ են բախվում, որպեսզի այդ հեղինակություն ունեցող կազմակերպությունները այս առնչությամբ բարձրացնեն իրենց ձայնը՝ դադարեցնելու համար վայրագությունները, որ տեղի են ունենում օկուպացված տարածքներում։ Ադրբեջանը ոչնչացնում է այն ամենն ինչ քրիստոնեական է, հայկական է կամ դարձնում է իսլամական, կամ նորագույն եկեղեցիները, որ վերջերս են կառուցվել՝ հինովին ոչնչացվում և պայթեցվում են։ Այս ամենը, կարծում եմ, կկարողանանք կանխել համատեղ աշխատանքների արդյունքում»։,- ասաց նա։

Ըստ Սրբազանի՝ զուգահեռաբար աշխատանքները շարունակվում են նաև, հատկապես պատերազմից հետո, Արցախում հոգևոր կյանքի շարունակականությունն ու միասնությունը պահպանելու ուղղությամբ։

«Արցախի թե՛ զինված ուժերի հոգևոր գնդերեցներին, թե՛ Արցախի թեմի մեր հոգևորականներին պատերազմից հետո ուղորդել ենք համապատասխան ծառայության, որպեսզի իրենց հովվական ծառայությունը շարունակեն իրականացնել տարբեր ծխերում»,-ասաց Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Այս առումով՝ Սրբազանն հատկապես կարևորեց Արցախում Սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագրի իրականացումը։

«Հակոբավանքն այն կառույցներից մեկն է, որտեղ մեր ինքնությունն է, մեր մշակույթն է, որը պետք է զորացնի Արցախը, համախմբի Սփյուռքն ու Հայաստանը, և դրանով ենք ցույց տալիս աշխարհին, որ մենք շարունակում ենք նաև կառուցել, ստեղծել, արարել։ Հակառակ նրան, որ ինչ- որ մենք կառուցում ենք՝ թշնամին ոչնչացնում է, ինչ մենք օրհնում ենք, նրանք անիծում են, ինչ մենք սրբագործում ենք, նրանք սրբապղծում են»,- ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։