Ներքին 2 տարի առաջ - 22:47 06-10-2023

Կրթության ոլորտում հապճեպ փոփոխությունները «երկրաշարժ» են առաջացնում․ փորձագետ

Վերջին շրջանում Oragir.News-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում առ այն, որ հանրակրթության նոր չափորոշիչներով կազմված դասագրքերում ծրագրային նյութի բարդացում կա։ Դժվարությունների են բախվում և՛ ծնողները, և՛ ուսուցիչները։

«Քանի դեռ չկային դասագրքերը, տեսնելով երեխաների՝ էլեկտրոնային տարբերակով դաս սովորելը, ինձ համար աբսուրդային վիճակ էր․ քանի ժամ է պահանջվում առարկան և նրա դժվար տերմինները (որոնք, ի դեպ, նոր են ավելացվել դասագրքերում) սերտելու համար։ Այդ տերմինները սերտելով՝ մեզ իջեցնում ենք ամենացածր մակարդակի․ ինչո՞ւ սովորել էդ տերմինները, որտե՞ղ կիրառել։ Իմաստազրկում ենք թե՛ առարկան, թե՛ ինքներս մեզ՝ որպես մասնագետների, իսկ ստիպելով առարկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունն ենք կոտրում»,- մեզ հետ զրույցում նշեց հանրակրթական դպրոցում դասավանդող մասնագետներից մեկը՝ անդրադառնալով նոր դասագրքերում կատարված փոփոխություններին։

Նոր չափորոշիչներով կազմված դասագրքերի ծրագրային նյութի փոփոխության, աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար առաջացած խնդիրների շուրջ Oragir.News-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Մասնագետի գնահատմամբ՝ իսկապես կան խնդիրներ, որոնք կապված են ներկա դասագրքերի՝ նախկինում օգտագործվածների հանդեպ ունեցած էական փոփոխություններով․ «Ես մասնագիտական տեսանկյունից չեմ կարող ամբողջի մասին կարծիք հայտնել։ Կարող եմ կարծիք արտահայտել միայն մաթեմատիկայի և ֆիզիկայի փոփոխված դասագրքերի մասին՝ որպես մասնագետ, բայց ես էլ՝ որպես կրթության ոլորտի փորձագետ, տարբեր դժգոհություններ եմ լսել ծանոթ-անծանոթ ուսուցիչներից, ծնողներից։ Ուսուցիչների մոտ ևս կա դժվարություն ամբողջը ընկալելու և մեր երեխաներին մատուցելու տեսակետից։ Արդյունքում ստացվում է, որ մենք կրթության որակի վրա էական վատ ազդեցություն ենք ունենալու՝ այդ դասագրքերը միանգամից գործածության ներդնելով։ Խնդիրներից մեկն այն է, որ տարբեր դասարանների նույն առարկայի դասագրքերի միջև կան որոշակի հակասություններ, որն էլ սահուն անցում չի կարող ապահովել մի դասարանից մյուսը։ Օրինակ՝ 5-րդ դասարանի մայրենի լեզու և 7-րդ դասարանի հայոց լեզու առարկաների դասագրքերում հոլովների մեկնաբանումը տարբեր է․ երեխան մի անգամ սովորում է, որ դրանք հինգն են, որից երկու տարի հետո պարզվում է, որ դրանք յոթն են։ Նման օրինակները շատ են։ Սա նշանակում է, որ դասագրքերը սինխրոնիզացված չեն մեկը մյուսի հետ։ Ցավոք սրտի, կա նաև իրավիճակ, երբ օրինակ՝ յոթերորդ դասարանի հայոց պատմություն առարկայի փոփոխված դասագրքի ծրագրային նյութով աշակերտը ստիպված է նորից կրկնել վեցերորդ դասարանի նյութը, արդյունքում՝ նոր գիտելիք չստանալով։ Սրան գումարվում է նաև այն, որ ուսուցիչները նախապես պատրաստված չեն այդ դասագրքերը օգտագործելուն»։

Մխիթարյանի խոսքով՝ գործընթացը շատ հապճեպ կազմակերպվեց, ինչն էլ թույլ է տալիս նկատելի բացերը տեսնել և արձանագրել․ «Դասագրքերի ուշանալն էլ իր վատ կնիքն է թողնելու ոչ միայն այս ուսումնական տարվա վրա, այլ նաև ողջ ուսումնական գործընթացի և կրթական համակարգի վրա։ Եթե գոնե մեկ տարի ժամանակ տրվեր ուսուցիչներին ծանոթանալու այդ նոր դասագրքերին, և հետո նոր դրանք ներդրվեին, կարծում եմ, շատ խելամիտ կլիներ։ Հիմա այդ դժվարությունները անընդհատ հանդիպելու են, ինչը սթրեսների է հանգեցնելու հատկապես ուսուցիչների շրջանում»:

Հարցին՝ արդյո՞ք այսպես կոչված «նոր չափորոշիչներն» էին այս ամենաթողության պատճառը, փորձագետը հայտնեց, որ դրանք իրենց հերթին չեն կարող լուծել արդեն իսկ եղած խնդիրները․ «Նոր չափորոշիչները չեն եկել լուծելու այն խնդիրները, որոնք մենք ունեինք և ունենք։ Այդ չափորոշիչները փորձարկվեցին Տավուշի մարզի դպրոցներում, բայց առանց էական փոփոխությունների, առանց Տավուշի մանկավարժների կարծիքը հաշվի առնելու՝ վերցվեցին ու ներդրվեցին ողջ հանրապետությում։ Արդյոք կարելի՞ է կրթության համակարգում նման կտրուկ փոփոխություններ կատարել․ չէ՞ որ դա «երկրաշարժ» է առաջացնում կրթության բնագավառում։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Այլընտրանքային դասագրքերով այս կրթական համակարգը վերածվել է մի լաբիրինթոսի․ բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, թե՛ աշակերտ-դիմորդները և թե՛ անգամ այդ դասագրքերը գրողները մոլորվել են։ Մենք կողմնակից ենք ունիֆիկացման․ այսինքն՝ դասագքրերը և ուսումնական նյութը պետք է լինեն միասնական ողջ Հայաստանի և սփյուռքի համար, որովհետև գիտելիքից զատ՝ մենք դաստիարակում ենք մեր քաղաքացիներին և տալիս ենք նրանց մեր արժեքային համակարգը, իսկ տարբեր դասագրքերով մենք պարզապես աղճատում ենք ամբողջը, որովհետև տարբեր հեղինակների մոտեցումները տարբեր կարող են լինել և դժվար է հասկանալ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, որը սովորել, որը՝ ոչ»։

Եզրափակելով իր խոսքը՝ Մխիթարյանը արձանագրեց, որ այս ամենի մեղավորոթյունը միանշանակ կրթության ոլորտում որոշում կայացնողներն են․ «Պատասխանատվությունը փորձում են գցել բոլորի վրա, բայց այստեղ միանշանակ մեղավորն ու պատասխանատուն կրթության ոլորտում որոշում կայացնողներն են»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»