Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 17-11-2022

Իմ ուսանողներից մեկը տան վարձավճարի խնդրի պատճառով կիսատ թողեց ուսումը և վերադարձավ Արցախ. կրթության փորձագետ

«Բոլոր հաստատությունների վրա տարածվող պատասխան դժվար է տալ, որովհետև բուհերն ունեն ինքնավարություն, և յուրաքանչյուր բուհ իր ինքնավարության շրջանում կազմում է իր կրթական ծրագրերը և իրականացնում է կրթությունը՝ իր որդեգրած սկզբունքների համաձայն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով բուհական համակարգում առկա խնդիրներից։

«Ընդհանուր առմամբ՝ բոլոր բուհերն էլ նույն սկզբունքի մեջ են՝ բոլոնյան կրթական համակարգն է, և դրանից բխող ամբողջական կրթության կառավարման ձևերն են և այլն, այդուհանդերձ շատ հաստատություններ կան, որոնք կրթության որակի ապահովման խնդիրներին վերաբերվում են լրջորեն և ըստ էության՝ կան այնպիսիք, որոնք տալիս են ֆորմալ մոտեցում»։

Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության որակը կարելի է ապահովել՝ որակյալ կրթությունը լսարան հասցնելով. «Կրթության որակը կարելի է ապահովել՝ կա՛մ պարզապես թղթաբանությունը ապահովելով, կա՛մ որակյալ կրթությունը հասցնելով լսարան, այսինքն՝ ուսումնասիրել ուսանողի առկա կարիքները, պահանջները, ուսանողի ունակությունները, աշխատաշուկայի պահանջները, զարգացող աշխարհի խնդիրները և դրանց ի նպաստ բերել կրթությանը, ձևավորել մասնագետ, ով կկարողանա մի օր այդ խնդիրները լուծել»։

Հարցին, թե մեր Կառավարությունը մշակում է արդյոք ինչ-որ քայլեր մեր երկրում կրթության որակը բարձրացնելու համար, Մարտիրոսյանն ասաց. «Կառավարությունից այս ուղղությամբ ես լուրջ քայլեր չեմ տեսնում, խնդիրները լուծվում են՝ ինչ-որ օրինակներ աչքի առաջ ունենալով, այս երկրի այնինչ համալսարանի օրինակով, ինչ-որ մարդիկ ունենում են ինչ-որ ինֆորմացիա այս կամ այն կրթական համակարգի մասին և փորձում են անմիջապես՝ առանց երկար-բարակ մտածելու, տեղայնացնել այդ սկզբունքներն ու մեթոդները, բայց դրանք, որպես կանոն, հանդիպում են խութերի»։

Հետաքրքրվեցինք Մարտիրոսյանից, թե Հայաստանում բուհի տված կրթությունը համապատասխանո՞ւմ է արժեքին։

Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե մենք նայում ենք, թե որքան արժե կրթության ինքնարժեքը, ապա այո՛, համապատասխանում է։

Էլի կան տարբերություններ բուհերի մեջ, որովհետև միևնույն մասնագիտությունը մի բուհում արժի ինչ-որ x գումար, մյուս բուհում կարող է արժենալ դրա կրկնակին։ Երբեմն, մասնավորաբար երաժշտական մասնագիտական գիտությունների մասին կարող եմ ասել՝ վարձավճարն ավելի պակաս է, քան կրթությունն ինքնին արժե»։

Հարցին, թե վերջին շրջանում վարձակալությամբ տրվող բնակարանների գնի բարձրացումը կարո՞ղ էր պատճառ լինել ուսանողների թվի կրճատման, քանի որ մարզից եկած ուսանողների համար բարձրագույն կրթություն ստանալն ավելի անմատչելի է դառնում, կրթության փորձագետ Մարտիրոսյանը, ով դասավանդում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պատասխանեց.

«Այդ խնդիրը իրականում կա, քանի որ վարձով բնակվելու հանգամանքը շատ ավելի բարդացնում է վիճակը, մանավանդ որ մեր հասարակությունը, փաստորեն, պաշտպանված չէր այդ բարձրացող վարձավճարների, բնակարան կորցնել-չկորցնելու խնդրից։ Իմ ուսանողներից մեկը վարձավճարի հետ կապված խնդրի պատճառով կիսատ թողեց ուսումը և վերադարձավ Արցախ, այստեղ իր կրթական իրավունքը որևէ ձևով չի օժանդակվում։

Մեր հանրակացարաններում այսօր նախապատվությունը տրվում է արտասահմանի քաղաքացիներին, իբրև թե բուհերի միջազգայնացումն ավելի հեշտ ապահովելու նկատառումով, այսինքն՝ եթե գալիս է չինացի, հնդիկ, իրանի քաղաքացի ուսանող, նրանց հանրակացարանում սենյակներ տրվում են առաջնահերթությամբ։

Եվ Հայաստանի քաղաքացիները՝ հեռավոր շրջանների բնակիչներ կլինեն, Արցախի քաղաքացիներ կլինեն, նրանք արդեն չեն ունենում հնարավորություն՝ այդ հանրակացարաններից օգտվելու։ Մենք ունեցանք դեպքեր նաև, երբ շատ ուսանողներ Ռուսաստանից հոսքի պատճառով, ունենալով պայմանագիր բնակարանատիրոջ հետ, դուրս մնացին, հայտնվեցին փողոցում։ Կոնսերվատորիայի պարագայում դիմորդների քանակը մեծ տարբերություն չի տալիս, վերջին տարիներին, գրեթե նույն շրջանակներում տատանվում է, մենք այստեղ կայունություն ունենք թվաքանակի մասով։

Կան դեպքեր, երբ ուսանողները դժվարանում են վճարել վարձը և դժվարանում են շարունակել ուսուցումը, մի քանի դեպք գիտեմ, երբ ուսանողը չի կարողացել շարունակել ուսումը՝ վարձավճարի թանկացման պատճառով»։

Ըստ կրթության փորձագետի՝ աշխատող ուսանողներն ունեն աշխատանքային իրավունքի հետ կապված խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորում չեն ստանում․ «Շատ ուսանողներ ունենք, ովքեր բացակայում են դասերից, մենք տեղյակ ենք այդ մասին, այդ երեխաներն ասում են՝ մենք պետք է աշխատենք, որ կարողանանք ուսման վարձը վճարել։ Եվ երբ նրանց ասվում է, թե հայտնեք ձեր գործատուին, որ դուք ուսանող եք, և պետք է այս ժամերին դասի լինեք, ասում են՝ ոչ մի գործատուի դա չի հետաքրքրում, արդյոք հնարավոր չէ օրենքի մակարդակում տալ որևէ կարգավորում, որով աշխատող ուսանողը կարող է պաշտպանված լինել գործատուի նման կամայական կամ խտրական վերաբերմունքից։

Ստացվում է, որ ուսանողը վճարում է կրթությունը չստանալու կամ վատ ստանալու համար։ Տեսնելով ուսանողի ջանքը՝ մենք ընդառաջում ենք իրեն՝ գիտակցելով, որ դա այն արդյունքը չի ունենալու»։

Խոսելով Կառավարության՝ կրթության, մասնավորապես բարձրագույն կրթությանն ուղղված քայլերից, Մարտիրոսյանն ասաց. «Կառավարությունը, կրթությանը քիչ տեղ տալով, մեր երկիրը հանգեցնելու է վերջնական կոլապսի, որովհետև վատ կրթությունը բերում է վատ իրավական համակարգ, վատ առողջապահական համակարգ, վատ մշակույթ, որքան անտեսվեց կրթությունը, այնքան ավելի վատ է լինելու մեր ապագան, մեր վիճակը։

Մենք արդեն իսկ խնդիր ունենք գաղափարախոսության, մենք արդեն իսկ խնդիր ունենք կրթության որակի, մենք շատ լուրջ խնդիր ունենք ամեն հաջորդ սերնդի մտածողության, տրամաբանության հարցում, մեր սերունդները կրթության առկա պայմաններում չեն սովորում մտածել, չեն սովորում դատել, և դա լրջագույն խնդիր է, ինքնուրույն մտածողության ձևավորման խնդիր ունենք, ազգային մտածողության ձևավորման խնդիր ունենք, մշակութամետ, ազգամետ, պետականամետ լինելու խնդիր ունենք․ այդ խնդիրները կրթության բովանդակության մասն են, որոնք ևս Կառավարության անելիքն են, սակայն չեն արվում։ Կրթության մեջ մենք չկանք»։

Ձեզ գուցե հետաքրքրի