Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 15:00 27-09-2023

Ադրբեջանցիները չէին կարող չճանաչել Սամվել Բաբայանին․ ինչպես է նա լքել Արցախը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, սեպտեմբերի 25-ին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դուրս է եկել Արցախից և ժամանել Երևան։

Հատկանշական է, որ Բաբայանը կարողացել է անխոչընդոտ կերպով մուտք գործել Հայաստան և Լաչինի միջացքում տեղադրված ադրբեջանական անցակետում նրան չեն ձերբակալել՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը նրան համարում է ռազմական հանցագործ, մեղադրում բազաթիվ հանցանքներ կատարելու մեջ։ Ավելին, երբ հուլիսի 29-ին Ադրբեջանը ձերբակալեց Վագիֆ Խաչատրյանին, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ վերջինս եղել է Սամվել Բաբայանի վարորդը և ձերաբակալության պատճառը հենց դա է։

Նախօրեին Բաբայանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և պնդել, որ ինքը անցակետը հատել է սովորական քաղաքացիների նման, պարզապես ադրբեջանցի սահմանապահներն իրեն չեն ճանաչել։ Այսպիսով եթե Բաբայանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ ադրբեջանական հետախուզությունն այնքան չի տիրապետում իրավիկին, որ Բաբայանի ենթադրյալ վարորդին (Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը հերքել է, որ նա Սամվել Բաբայանի վարորդն է եղել-խմբ․) անմիջապես ձերբակալում է, իսկ Բաբայանը ազատորեն կարողանում է լքել Արցախը։

Oragir.News-ը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանցի զինծառայողները կարո՞ղ էին չճանաչել Սամվել Բաբայանին՝ այն դեպքում, երբ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալել էին նրա վարորդը լինելու համար։ Հարցին ադրբեջանագետը շատ կարճ պատասխանեց՝ նշելով, որ նման բան չէր կարող տեղի ունենալ։

Ադիբեկյանն ընդգծեց, որ զարմացած է, թե ինչպես է Սամվել Բաբայանը հայտնվել Հայաստանում։ «Ես զարմացած եմ, թե ինքը ոնց է հայտնվել Հայաստանում՝ ոչ թե հնարավորությունների տեսանկյունից, այլ ոնց է իր խիղճը թույլ տվել, որ նա վազելով գա Երևանում պախկվի այն ժամանակ, երբ իր հայրենակիցներն այնտեղ մորթվում են, սա է հարցը։ Իհարկե՜, սուտ է ասում»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս կարող էր Բաբայանը մուտք գործել Հայաստան՝ Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ մենք կարող ենք ենթադրել, որ Բաբայանը ոտքով, անտառի միջով է եկել այստեղ՝ այսինքն ադրբեջանական անցակետը ոտքով շրջանցել է։ Նրա խոսքով՝ տեղում այդպիսի հնարավորություն կա, և Բաբայանն անտառների ու սարերի միջով մուտք է գործել Հայաստան։

Բաբայանի այն պնդմանը, թե ինքն Արցախից ադրբեջանական անցկետով է դուրս եկել և կա համապատասխան տեսանյութ՝ ադրբեջանագետը հարցադրմամբ պատասխանեց․ «Նա շատ բան կարող է պնդել, նրա անձնագիրը տեսե՞լ եք, որևէ փաստաթուղթ կա՞, որ նա անցել է այդ անցակետով, կա՞ն մարդիկ, ովքեր այդ անցակետում նրա հետ հերթում են եղել, որովհետև անցկետում խայտառակ կուտակումներ կան, և գոնե ինչ-որ մեկը պետք է կողքը կանգնած լիներ և նրան տեսած լիներ։ Նրա ասելը քիչ է»։

Անդրադառնալով Բաբայանի այն հայտարարությանը, թե ինքը միջնորդավորված բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, և վերջինս պատրաստ է եղել նախկին ԼՂԻՄ-ի տարածքում Արցախին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրել՝ Արմինե Ադրիբեկյանն այն իրատեսական չհամարեց՝ նշելով, որ եթե այդպիսի բան լիներ, ինքը դա առաջինը կտեսներ ադրբեջանական մամուլում, որ Ադրբեջանը համաձայն է ինչ-որ տարբերակի։ Նա նաև նշեց, որ եթե Բաբայանն Արցախի Հանրապետության իշխանությունների մեջքի հետևում սեպառատ բանակցություններ է վարել, ապա դա համարվում է պետական դավաճանություն։

«Այնպես չի, որ ես ուշաթափվում եմ Արայիկ Հարությունյանի համար, բայց այդ պահին Արայիկ Հարությունյանն էր որոշում կայացնողը, և նա պետք է տեղյակ լիներ ընթացող բանակցությունների մասին։ Եթե նա գնացել է սեպառատ բանակցությունների, ապա դա պետական դավաճանություն է։ Հաշվի առնելով, թե նա ոնց է տռճիկ տալով փախել ու հասել Երևան, կարելի պարզ ասել, որ նա ոչ միայն պետական դավաճան է, այլ նաև ընդհանրապես դավաճան է՝ բառի ամենալայն իմաստով»,- նշեց նա։

Ադրիբեկյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Սամվել Բաբայանի տեղն այժմ Արցախում էր։ Նրա խոսքով՝ մեծ-մեծ խոսելու փոխարեն նա պետք է պաշտպաներ իր հայրենակիցներին, ինչը նա չարեց։

Հարցին, թե Բաբայանը նման հայտարարություններ անելով ինչ նպատակներ է հետապնդում՝ ադրբեջանագետը պատասխանեց, որ այս հարցի հասցեատերը Սամվել Բաբայանն է, նա բազաթիվ նպատակներ կարող է հետապնդել։