Գործարար Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես 14 տարեկանից բիզնեսի մեջ եմ եղել, երբեք պետական ու վատձատրվող աշխատանք չեմ ունեցել։ 17 տարեկանից ստեղծել եմ տարբեր ձեռնարկություններ, տարբեր մակարդակների՝ փոքրիկ 1-2 հոգանոցից, մինչև 300 հոգանոց։
Որպես ձեռնարկատեր մի հետաքրքիր ու օգտակար հատկանիշ եմ ձեռք բերել։
Աշխատողից պահանջում եմ կատարել իր աշխատանքն այնպես, որ կատարի ու փակի իր առօրյա առաջադրանքները, հասնի սահմանված նշաձողերին ու նպատակներին սահմանված վերջնաժամկետներում, լինի կարգապահ և պատասխանատվություն կրի իր թերացումների ու գործած սխալների համար։ Դրանց ընթացքը կառավարել եմ դրա համար նախատեսված գործիքներով (լիքն են): Ու այդ ամենը չափել եմ KPI-ներով՝ չոր փաստերով։
Այն աշխատողները, որոնք թերացել են, եղել են անկարգապահ, անպատասխանատու, գտել են բազմաթիվ պատճառներ թերացումների համար, իրենց պատասխանատվության շրջանակներն ու անհաջողությունները փորձել են բարդել իրենց կոլեգաների կամ նախկինների վրա, ի վերջո առնվազն լքել են մեր ընկերությունը։ Առնվազն։
Երբ դեռ անփորձ էի էսպես չէի անում, վստահում էի շատ, անձնական կապի պատճառով աչք էի փակում շատ բաների վրա, իբր լավ մարդ ա ոչինչ, ջահել աղջիկ ա ոչինչ, հաց ենք կիսել իրար հետ ոչինչ… Ու որպես կանոն նման մարդիկ խայտառակ վնասներ են հասցրել թե ինձ, թե իմ գործին։
Ասածս ի՞նչ է։ Կառավարությունը դա մեր կողմից ընտրված քաղաքական ուժի գործադիր մարմինն է, որոնք մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, աշխատակիցներն են, որոնք աշխատավարձ են ստանում և իրենց ընտանիքներին ու երեխաներին կերակրում են մեր տված գումարներով՝ հարկերով, տուգանքներով, տարատեսակ վճարումներով։ Նրանք մեր իշխանները չեն, մեր տերերը չեն, մեր թագավորները չեն։
Հիմա եկեք տեսնենք, թե վերջին 5 տարում մեր աշխատակիցները՝ կառավարությունը, և հատկապես նրանց ղեկավարը՝ գլխավոր աշխատակիցը ի՞նչ է տվել մեզ։
Փաստերով.
1. Երեք պարտված պատերազմ,
2. հազարավոր զոհեր,
3. հանձնված Արցախ,
4. Հայաստանի մնացյալ ՀԽՍՀ տարածքների օկուպացիա,
5. արցախցիների ցեղասպանություն,
6. Հայաստանի ոչնչացման իրական վտանգ։
Ես էլ չեմ խոսում բազմաթիվ երկրների հետ փչացրած հարաբերությունների, խայտառակ դիվանագիտության, 5-6 միլիարդ դոլար ավելացված պետական պարտքի, խայտառակ գնաճի, փլուզված տնտեսության, կյանքի որակի նվազման, դրամի արհեստական արժևորման, բանկերի ու ՈՒՎԿ-ների թալանի, կոռուպցիայի, գողության, ոստիկանության ու պետական մարմինների անբռնազբոս պահվածքի, խայտառակ մաքսային տուրքերի, անտանելի վարկերի, բարձր հարկերի, ավելացած տուգանքների և այլնի մասին։
Կպահեի՞ք արդյոք դուք էսպիսի աշխատող ձեր մասնավոր ընկերությունում։ Երբ նման արդյունքներ ունենար ու անընդհատ մեղավորությունը բարդեր իր կոլեգաների, նախկին աշխատակիցների, ընկերների, մրցակիցների, հարևանների, փողոցի շների վրա։
Եվ դեռ հայտնի չէ, թե քանի տարի է մեզ հարկավոր այս խայտառակ վնասները վերականգնելու համար։ Ու ընդհանրապես հնարավոր կլինի արդյո՞ք վերականգնել այդ վնասները։ Էլ չեմ խոսում նրա մասին, թե կլինենք մենք արդյո՞ք, որ ինչ-որ բան վերականգնենք։ Թե՞ սա կվառի մեզ մեր իսկ տների մեջ»։