Մեղա՜, մեղա՜ Արարատին․ Շահան Շահնուրի հիշատակի օրն է
copy image url

Մեղա՜, մեղա՜ Արարատին․ Շահան Շահնուրի հիշատակի օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 21:55 20-08-2023
«Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև:

Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին ` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով…»,- կարծես պագայի մռայլ տարեգիրն է դառնում ֆրանսահայ գրող Շահան Շահնուրը։

Ու թեև պայքարեց «հայ գայլը», բայց կարծես անխուսափելի է կործանում օտարության մեջ, որտեղ անգամ «պճեղ մը անուշ սիրտը» իրավիճակը փրկել չի կարող։

Այսօր ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրի հիշատակի օրն է։



Գրական ու նկարչական ձիրքերով օժտված տղան պիտի իր խոսքը ասեր հետպատերազմյան պոլսահայ գրական շարժման մեջ, սակայն քեմալական ուժերի նոր դաժանությունների լուրերից սարսափած արևմտահայ մտավորականները շտապ հեռանում են Պոլսից, նրանց հետ՝ նաև Շահնուրը։

Այդ օրերի մասին նա հետագայում պիտի գրեր․ «Խուճապը ստացած էր անպատմելի համեմատություն։ Պոլիս կպարպվեր հայությունե այնպիսի պոռթկումով, ինչպիսի պոռթկումով կը պարպվի լեցուն ավազան մը, որ պայթած է, և որուն հատակը կոգևարին ձուկեր հետզհետե նվազող ջուրին մեջ»։

Լոզանի կոնֆերանսով կարծես վերջակետվում էին արևմտահայերի բոլոր հույսերը։ Եղածը եղած էր և ցավոք, ընդամենը 8 տարի անց նետված էր պատմության գիրկը։ Քեմալական Թուրքիան իրեն պատասխանատու չէր համարում նախորդ վարչակարգի արածների համար, թեև շարունակում էր նույն հայահալած քաղաքականությունը։



1923 թ․ Շահնուրն էլ շատերի նման հաստատվում է Փարիզում։ Օրվա հացը վաստակելով լուսանկարչությամբ՝ նա միևնույնն է գտնվում էր գրական-մշակութային կյանքի կենտրոնում՝ դառնալով «Մենք» հանդեսի «տղաներից մեկը»։

Առողջական օր օրի վատթարացող վիճակը, սակայն, նրան հաճախ կտրում էին գրական կյանքից։ Հիվանդանոցից հիվանդանոց, առողջարանից առողջարան ձգվող նրա կյանքը լի էր ֆիզիկական և հոգեկան ծանրագույն տառապանքով,սրան գումարվում էր նաև օտարության մեջ սեփական արմատներից հեռացող հայության նահանջի ցավը։

Մի նամակում նա գրում է․ «Առողջական վիճակս միշտ նույնն է։ Շան պես կը չարչարվիմ ամեն օր, քարեն ավելի կարծր մահիճի մը վրա երկարած, իմ կմախքացած մարմինովս։ Եթե կուզես գիտնալ, թե մարդիկ ինչպես կապրին դժոխքի կրակներուն մեջ, եռաժանիով տրորված՝ ինծի հարցուր․․․»։

Շահնուրի մեծ հռչակ բերեց իր «Նահանջ առանց երգի» վեպը, որը դարձավ նահանջի գրականության ահազանգ ու ուծացվող հայ ժողովրդին հասցված հզոր ապտակ։



«Դուն, հայու լակոտ, դուն ամենեն շուտը կը փոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»,- ցավի ու ողբի մեջ տոչորվող իր ժողովրդին ապտակ էր հասցնում Շահնուրը։

Կյանքի վերջին շրջանում նա կրկին վերադառնում է մայրենի խոսքին՝ փորձելով պայքարել անկասելի թվացող սարսափելի նահանջի դեմ․ «Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա, մեղա Արարատին»: