Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 14:30 18-08-2023

Ասում են՝ գնացեք, ձեր տանն ակցիա արեք․ Սուրեն Սահակյանին թույլ չեն տալիս վրան տեղադրել փողոցում

Արդեն երկրորդ օրն է անկուսակցական Սուրեն Սահակյանը փորձում է Մաշտոցի պուրակում վրան տեղադրել՝ հանրային քննարկում կազմակերպելու համար, սակայն ոստիկանությունը դա թույլ չի տալիս։

Նախօրեին տեղադրված վրանը ոստիկանությունը կրկին պահանջել է հանել, այնուհետև արդեն երկրորդ օրն անընդմեջ բերման են ենթարկել Սահակյանին։

Oragir.News-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանն ասաց, որ այսօր երեկոյան կրկին փորձելու է տեղադրել վրանը։

«Մեր ոստիկանությունը դեռ սովետի ժամանակներից թույլ չի տալիս առերևույթ բողոքի օջախ ստեղծել, դա բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, որոնք եղել են, հիմա էլ մենք գնում ենք դրան։ Բնական է, որ ավտորիտար ռեժիմներին անհրաժեշտ է, որ արտաքինից երևա, որ ամեն ինչ լավ է, ասֆալտ են փռում, երեխա ծեծողներին բռնում են, տնտեսական ինդեքսով ինչ-որ փախած կազմակերպություն մեզ մի գիծ առաջ է տալիս։

Ավտորիտար ռեժիմներին հարմար չէ, երբ դրսում լինում են բողոքի ակցիաներ, իսկ վրանը բողոք է։ Փողոցում քայլող զրուցող մարդիկ բողոքողի տպավորություն չեն թողնում, իսկ վրան տեղադրելն ու լոզունգներ կպցնելը բողոքի նշան է, ինչը ցանկալի չէ»,- նշում է նա։

Սահակյանն ընդգծեց, որ այս իրավիճակը, բնականաբար, քաղաքական իշխանության թողտվությամբ է տեղի ունենում.

«2018 թ-ից հետո մարդիկ որտեղ ուզում՝ վրան էին դնում, ոստիկանությունն էլ գնում՝ ապահովում էր դրա խաղաղ ընթացքը։

Ես հիշում եմ, որ 2018-ին մի մարդ գնում էր Արշակունյացում վրան էր դնում, իսկ ոստիկանությունը գնում էր ու երթևեկությունն այնպես էր կազմակերպում, որ այդ վրանին չխանգարի։ Հիմա նվազագույնը քաղաքական ղեկավարությունը այլևս նման առաջադրանք չի դնում ոստիկանության առջև, իսկ մաքսիմումը՝ ինքն է հրահանգում՝ գնալ, վերացնել։ Ավելին, 1-1.5 տարի առաջ ամբողջ քաղաքը վրաններ էին, ստացվում է՝ մարդկանց քանակո՞վ է աշխատում այդ օրենքը»։

Հարցին, թե ինչի՞ շուրջ է ուզում հանրային քննարկումը կազմակերպել՝ նա նշեց՝ կարծում է, որ Հայասատանին գոյաբանական վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից։ «Խնդիրը զենքով հարձակվելու մասին չէ, որովհետև, այդ դեպքում բանակը կպայքարի։ Խնդիրը քաղաքական ճանապարհով, քաղաքական մեխանիզմներով, օգտագործելով միջազգային հանրությունը՝ Հայաստանի գոյության դադարեցումն է։ Այս առումով պետք է հասկանանք՝ եթե նման վտանգ կա, ապա ինչպե՞ս մենք պետք է արձագանքնենք դրան, ինչպե՞ս պետք է անենք, որ դա չեղարկենք։ Ես կարծում եմ, որ պետք է պետություն ունենանք՝ արդյունավետ գործող պետություն, դիվանագիտական կորպուս, որն էլ պետք է չեզոքացնի այդ վտանգը։ Հիմա մեր պետությունը այնքան ինքնուրույնություն չունի, որ միայն իր շահերից ելնելով գործի, գործում է այլ պետությունների շահերից ելնելով։

Կարծում եմ՝ պետք է սկսել քաղաքացիների հետ իրենց արժեքների, շահերի ու նպատակների մասին զրույցներից։ Երեկ բավական մարդիկ էին եկել, ովքեր այդ առումով ասելիք ունեին, հույս ունեմ այդ զրույցները կշարունակվեն»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ ՆԳՆ Ոստիկանության լրատվական բաժնից, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս վրան տեղադրել։

Բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանն ասաց, որ Սահակյանը ոստիկանություն է բերվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։

Հարցին, թե հատկապես ի՞նչ պահանջ է եղել՝ Ջանոյանը չպատասպանեց․ «Իրենց պահանջը ներկայացվել է»։

Հարցրեցինք, թե արդյո՞ք պահանջը եղել է վրանն ապամոնտաժելը և ինչո՞ւ թույլ չեն տալիս վրանը տեղադրել ՝ Ջանոյանը պատասպանեց․ «Ես ձեր հարցին պատասխանեցի»։

Քանի որ ոստիկանությունից այդպես էլ պատասխան չստացանք, Սահակյանին խնդրեցինք պարզաբանել, թե որն է եղել օրինական պահանջը, որին չի ենթարկվել.

«Օրինական պահանջը հենց վրանը հեռացնելն է։ Իսկ հարցին, թե ինչու թույլ չեն տալիս վրան տեղադրել՝ չեն պատասխանում, որովհետև դա արգելող որևէ կարգավորում չկա։

10 տարի առաջ երբ էլի փոձում էինք վրան տեղադրել՝ էլի բերման էին ենթարկել։ Այդ առիթով մենք ունենք այն ժամանակվա ՄԻՊ-ի վարույթը, որտեղ ասվում է, որ ոստիկանությունը իրավունք չունի չթույլատրել։ Հղում են անում եղանակային պայմաններին՝ ըստ որի 32 աստիճանից բարձր պայմաններում մարդը չի կարող 10 օրից ավել դիմանալ ճառագայթմանը, քանի որ կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ է առաջացնում։ Բայց այդ վարույթն ասում է, որ ոստիկաններին, որոնք խոչընդոտել են վրանի տեղադրումը, կարգապահական տույժի ենթարկել, ծառայողական քննություն իրականացնել և չխոչընդոտել այլևս։ Այն ժամանակ ՄԻՊ-ը Կարեն Անդրեասյանն էր»։

Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ իր առողջության մասին են մտածում՝ Սահակյանն արձագանքեց․ «Այո, իրենք էլ են ասում՝ գնացեք ձեր տանը ակցիա արեք»։