Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:50 16-07-2023

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Հայաստանում այսօր՝ հուլիսի 16-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու:
Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին