Մեր պետական մարմինները ունիկալ են իրենց փնթի աշխատելաոճով եւ անհեռատեսությամբ։ Երեկ Էկոնոմիկայի նախարարությունը մի «անմեղ» հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1350 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
«Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ օրերին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկեվանք եկեղեցու տարածք այցելությունից»․-գրված է հաղորդագրության մեջ։
Թվում է՝ ոչ մի խնդիր չկա, հաղորդագրություն է, պետք է զգուշանալ։ Բայց սա տարածողները մոռացել են, որ հունիսի 16-ին մենք տոնում ենք Վարդավառը եւ այդ օրը մարդիկ կազմակերպել են նախօրոք՝ դեռեւս շաբաթներ, օրեր առաջ հյուրանոցներում սենյակներ, հանգստյան գոտիներում տաղավարներ ամրագրելով։ Ընդ որում՝ հիմնական պոպուլյար եւ պահանջարկ ունեցող ուղղությունները հենց Արագածոտն ու Կոտայքն են, քանի որ մոտ են մայրաքաղաքին, հանգստյան գոտիների ընտրություն կա։ Իսկ այդ հանգստյան գոտիները աշխատում են հենց այդ օրերին՝ տոն օրեր, հանգստյան օրեր, քչերն են Հայաստանում 7-10 օրով հանգստի մեկնում, նման երկարաժամկետ հանգստի համար նախընտրում են ծովափնյա երկրներ գնալ։
Հիմա Էկոնոմիկայի նախարարությունը, որը կոչված է մտածելու մեր տնտեսության, բիզնեսի զարգացման մասին, նման մի հաղորդագրություն է տարածում՝ խառնելով թե բիզնեսի եւ թե քաղաքացիների պլանները։ Վաղ առավոտից մեր խմբագրություն են դիմել մի շարք քաղաքացիներ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է նշանակում այս հաղորդագրություն, եթե իրենք նախապես այս մարզերում սենյակ, տաղավար են ամրագրել, կարող են գնալ, թե վտանգավոր է, քանի որ ավիացիոն քիմիական պայքարը օդի միջոցով է արվում, եւ եթե անգամ անտառների դեպքում է իրականացվում, որեւէ երաշխիք չկա, որ չի տարածվի։
Դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ քաղաքացիների անհանգստությունները փարատելու համար, արդյոք այս շաբաթ եւ կիրակի օրերին մարդիկ կարող են գնալ հանգստի այս մարզեր, թե համատարած չեղարկեն ամրագրումները։
«Հայտնում եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքներում և Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկեվանք եկեղեցու հարակից տարածքներում 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումների իրականացման վերաբերյալ պաշտոնական գրություն է ներկայացվել (2023 թվականի հուլիսի 14-ի N 01/13235-2023 գրություն) ՀՀ Արագածոտնի, ՀՀ Կոտայքի մարզպետների աշխատակազմ, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե՝ իրազեկելու տեղի բնակչությանը և զբոսաշրջիկներին։ Միաժամանակ, աշխատելով նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, տեղադրվել է համապատասխան հայտարարություն` պայքարի աշխատանքների վերաբերյալ։ Ինչպես նշվել է հայտարարության տեքստում, բնակչությանը խորհուրդ է տրվել մեղվափեթակները վերոնշյալ տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներին արածեցնելուց։ Ծաղկաձոր համայնքի այն տարածքներում որտեղ այս պահին ընթանում են պայքարի աշխատանքները` զբոսաշրջիկներ չկան, իսկ Ծաղկեվանքի հատվածում պայքարի միջոցառումների կատարման ընթացքում տեղի պարեկային ծառայությունը վերահսկելու է իրավիճակը և արգելելու է զբոսաշրջիկների մուտքը նշված տարածք։ Ծաղկեվանքի տարածքում պայքարի աշխատանքների իրականացման հստակ ժամերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ժամկետները կապված են հուլիսի 14-ին և 15-ին իրականացվելիք աշխատանքների ծավալի և եղանակային պայմանների հետ»,- պարզաբանեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարության պարզաբանումն անհասկանալի է, քանի որ ի տարբերություն նախապես տարածած հաղորդագրության, այստեղ միջոցառման ժամկետ են նշել հուլիսի 14-ից 15-ը։ Ուշագրավ է, որ հուլիսի 14-ն այսօր է, սակայն նախարարությունից հայտնել են, որ ժամերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ ժամկետները կապված են իրականացվելիք աշխատանքների ծավալի և եղանակային պայմանների հետ։