Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին քննադատել էր Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ նշելով, որ այն կապ չունի 1991 թվականին ստեղծված հայկական պետականության հետ։
«Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ քննարկվող խնդիրը վերաբերում է «պատմական և իրական Հայաստանի միջև տատանմանը», որը կա Հայաստանում բոլորի մոտ։ «Մեր փաստարկը վերաբերում է հետևյալին. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին։ Այս քաղաքական ու դարաշրջանային հարցն է, որին մենք պետք է պատասխան տանք»,- նշել էր նա։
Մի շարք փորձագետները կարծում են, որ Փաշինյանի այս հայտարարությունը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, որտեղ Անկարան Երևանից պահանջում է Հայաստանի զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը, որն այսօր գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում։ Հատկանշական է, որ Խորհրդային Հայաստանի իշխանությունները 70 տարի շարունակ կարողացել են Հայաստանի զինանշանի վրա պահպանել Արարատ լեռան պատկերը, մինչդեռ Հայաստանի ներկայիս վարչապետը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման պատրաստ է կատարել նաև այս պահանջը։
Ուշագրավ է, որ մինչ Փաշինյանը ցանկանում է հրաժարվել Հայաստանի զինանշանից, թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկը սիրով յուրացնում է հայկական պետականության խորհրդանիշը։ Մասնավորապես վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական Դիյարբեքիրսփոր ֆուտբոլային ակումբը պատրաստվում է փոխել իր անվանումը, ինչի համար պատրաստվել է նոր անվանում և տարբերանշան։ Տեղեկությունների համաձայն՝ ակումբը պետք է անվանափոխվեր Միջագետք, իսկ նրա նոր տարբերանշանը չափազանց նման էր Հայաստանի Հանրապետության զինանշանին, բացակայում էին միայն հայկական չորս թագավորությունների զինանշանները, իսկ Արարատ լեռան պատկերը պահպանվել էր։
/Թուրքական ակումբի տարբերանշանը և առաջարկվող նոր տարբերակը՝ ՀՀ զինանշանի նմանությամբ/
Ուշագրավ է, որ այս հրապարակումը թուրքական լրատվամիջոցներում մեծ քննարկումներ, ինչպես նաև դժգոհություններ է առաջացրել։ Բացի այդ թուրքական ԶԼՄ-ներն իրենց հրապարակումներում հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով վերջինս քննադատել էր ՀՀ պետական դրոշը և նշել, որ այն հայկական պետականության հետ որևէ կապ չունի։
Միևնույն ժամանակ նշենք, որ թուրքական Դիյարբեքիրսփոր ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը՝ կապված ինչպես ակումբի անվանափոխության, այնպես էլ նոր տարբերանշանի ընդունման հետ։ Ակումբի նախագահ Սերքան Գենչը հայտնել էր, որ ակումբի անվանափոխության մասին լուրերն ու քննարկումները տարածվել են անկախ իրենց կամքից, և ինչպես նախկինում այնպես էլ հիմա, իրենք հպարտորեն կշարունակեն կրել Դիյարբեքիրսփոր անվանումը։ «Մեզ համար պատիվ և հպարտություն է կրել Դիարբեքիր անունը, որը նույնացվել է մեր հնագույն քաղաքի հետ, մշակութային ժառանգության, որը հյուրընկալել է 33 քաղաքակրթություններ և ստացել է մարգարեների և ուղեկիցների երկրի տիտղոսը հազարավոր տարիներ շարունակ: Մենք կշարունակենք հպարտությամբ կրել Դիարբեքիրսպորի անունը, ինչպես դա արել ենք նախկինում»,- հայտարարել է նա։
Հատկանշական է, որ չնայած թուրքական ակումբը պաշտոնապես հերքել է իր անվան շուրջ տարածվող տեղեկությունները, սակայն նման հրապարակումների առկայությունը փաստում է, որ Թուրքիայում ուշի ուշով հետևում են Հայաստանում ծավալվող քննարկումներին և փորձում են դրանցից իրենց համար առավելագույն օգուտները կորզել։ Այսպիսով մինչ Հայաստանի վարչապետը ցանկանում է հրաժարվել ՀՀ պետական դրոշից, Թուրքիայում կգտնվեն ակումբներ, կամ կազմակերպություններ, որոնք մեծ սիրով կյուրացնեն ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող զինանշանը։