Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 20:00 07-07-2023

Տեսանելի ապագայում չի նշմարվում, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կարող է վերականգնվել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը առաջիկայում կժամանի տարածաշրջան։

Զախարովան նշել էր, որ այցն անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված միջոցառումների համատեքստում։ Միևնույն ժամանակ Զախարովայի հայտարարությունից հետո փորձագիտական դաշտում կարծիքներ հնչեցին, որ այսպիսով Ռուսաստանը փորձում է վերականգնել Արցախի հիմնահարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը չնայած ֆորմալ առումով շարունակում է պահպանվել, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նրա աշխատանքները փաստացի կասեցվել են։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման մասին խոսք չկա։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Իգոր Խովաևն այժմ ներկայանում է որպես Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ՝ նշելով, որ գործնականում այդպիսի կարգավիճակով են հանդես գալիս նաև ֆրանսիացի և ամերիկացի (ԱՄՆ-ում այդ պաշտոնը կոչվում է Կովկասի հարցերով գլխավոր բանակցող) համանախագահները։

Քաղաքագետի համոզմամբ՝ այս այցերը ցուցիչ չեն, որ փորձ է կատարվում վերականգնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ «Պարզապես այդ դիվանագետները շարունակում են աշխատել իրենց պետությունների քաղաքականության շրջանակներում, և, բնականաբար, Խովաևն էլ Հայաստանում կփորձի աշխատել Ռուսաստանի խնդիրների շրջանակներում, գուցե հետո Բաքու այց լինի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ այդ դիվանագիտական աշխատանքի մի մասն է»,- նշեց նա։

Հակոբ Բադալյանը չբացառեց, որ գուցե կան նոր առաջարկներ կապված Արցախում իրավիճակի փոփոխության հնարավորությունների հետ, կամ հաղորդուղիների ապաշրջափակման հետ։ Նա ավելի հակված է կարծել, որ Խովաևի այցն ավելի շուտ պայմանավորված է Արցախի շուրջ առկա իրավիճակով, որովհետև հաղորդողիների օրակարգը Ռուսաստանի մասով այդ երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ենթակայության ներքո է։

«Ռուսաստանը, տեսնելով արևմտյան ակտիվությունը, բնականաբար, փորձում է պահպանել իր դիրքերը, հետ չմնալ, և կարծում եմ՝ այցի հիմքում հենց այս տրամաբանությունն է»,- ընդգծեց նա։

Հարցին, թե որևէ պարագայում իրատեսակա՞ն է Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը, և ի՞նչը կստիպի Ադրբեջանին գնալ դրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման ձևաչափ այլևս գոյություն չունի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ներկայումս համանախագահության ձևաչափի վերականգնումն իրատեսական չի թվում, որովհետև դա կախված է լինելու ՌԴ-ԱՄՆ հարաբերություններից, որոնք հիմա այնպիսի մակարդակում են և դինամիկան էլ այնպիսինն է, որ այս հարցում թույլ չի տալիս որևէ տեսանելի հեռանկար դիտարկել։

Այս համատեքստում Բադալյանը կարևորեց օրեր առաջ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ով նշել էր, որ համանախագահության ձևաչափը ներկայումս չի աշխատում, սակայն ԱՄՆ-ն դեմ չի լինի, եթե հետագայում աշխատանքի հնարավորություն ստեղծվի։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ համանախագահության ձևաչափը պաշտոնապես լուծարված չէ, դրա ստեղծման մասին ԵԱՀԿ որոշումը չեղարկված չէ, և հայկական դիվանագիտության համար սա պետք է կարևոր հենման կետ լինի՝ մեր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները սպարկելու համար։

Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում չի նշմարվում, որ համանախագահության ձևաչափը կարող է վերականգնվել։ Բադալյանը միևնույն ժամանակ համոզված է՝ եթե ՌԴ-ԱՄՆ տիրույթում իրավիճակը փոխվի, այսինքն՝ աշխարահաքաղաքական այս խոշոր խաղացողների մակարդակում որևէ կոնսենսուս ձևավորվի՝ կլինի դա համանախագահության ձևաչափը վերականգնելու, թե որևէ այլ, բայց հավաքական ձևաչափով տրանսֆորմացիայի ենթարկելու ուղղությամբ, Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել այդ հանգամանքի հետ։

Նրա խոսքով՝ այս պարագայում Ադրբեջանն իր հասարակության համար սկսելու է բացատրություններ փնտրել, թե ինչու է աշխատելու այդ ձևաչափի հետ։ Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը Մինսկի խմբի ձևաչափի՝ անպիտան լինելու վերաբերյալ հայտարարում է Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր, սակայն 2021 թվականին նույն ձևաչափի ներքո երկու հանդիպման է մասնակցել, 2021-ի սեպտեմբերին էր՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, իսկ մյուսը՝ նոյեմբերին՝ Փարիզում։ «Դրանից հետո, իհարկե, արդեն միջազգային իրավիճակը զարգացավ դեպի ուկրաինական պատերազմ, և փաստացի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան դադարեցին միասին որևէ աշխատանք կատարել»,- եզրափակեց նա։