Ուղիղ եթեր
Մանդա՞տը, թե՞ հայրենիքը․ ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիրները հրաժարվեն
copy image url

Մանդա՞տը, թե՞ հայրենիքը․ ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիրները հրաժարվեն

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:00 14-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերը հայտնվեցին ԱԺ-ում, սակայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ թվով մանդատներ չստացան, հանրության ընդդիմադիր հատվածը պարբերաբար քննարկում էր` որքանով է այս ուժերի գործունեությունը նպատակահարմար մի խորհրդարանում, որտեղ մեծամասնություն են կազմում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։

Ընդդիմադիր 2 ուժերի օգտին քվերակած, բայց նրանց ոչ թե խորհրդարանական աշխատանքի, այլ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով ԱԺ գործուղղած քաղաքացիները երբեմն ընդդիմությունից պահանջում են հրաժարվել մանդատներից՝ երկրում խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու և նոր ընտրական գործընթաց հասունացնելու ակնկալիքով։ Տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչներն այս համատեքստում մշտապես պնդում էին, որ ի տարբերություն ՔՊ-ի՝ իրենք կառչած չեն մանդատներից ու պատրաստ են դրանցից հրաժարվել՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ դա կանեն այն դեպքում, երբ համարժեք իրավիճակ կլինի։

Ավելին՝ որոշ ընդդիմադիրներ հանրությանը վստահեցնում էին, որ խորհրդարանական մանդատներն իրենց անհրաժեշտ է լինելու հետագայում՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու ժամանակ։ Այս հավաստիացումը ընդդիմադիր ընտրազանգվածի մի մեծ մասին չէր համոզում, քանի որ մարդիկ իրատեսական չեն համարում, որ կստացվի անգամ 1 ՔՊ-ականի «դարձի բերել», մինչդեռ գործընթացը հաջողելու համար ընդդիմությանը պակասում է 18 ձայն։

Օրերս, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ԱԺ-ում նախաձեռնելու են Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացացը, ընդդիմության մանդատներից հրաժարվելու հարցը կրկին օրակարգ եկավ, քանի որ հանրության մեծամասնությունը վստահ է, որ այս գործընթացն ի սկզբանե տապալված է, չնայած որոշ լավատեսական ակնկալիքներին։

Այս հարցում մարդկանց մտահոգություններն էլ ավելի են խորանում ՔՊ-ականների՝ Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարությունների ֆոնին, որոնցից արտաքուստ տպավորություն է ստեղծվում, թե կառավարող կուսակցության անդամների հավատարմությունն իրենց վարչապետին անսասան է։

Հանրության շրջանում նաև հարցեր են առաջանում, թե ինչ կլինի, եթե Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը տապալվի՝ ընդդիմությունը կհրաժարվի՞ իր մանդատներից, թե՞ որևէ պատրվակով կնախընտրի պահպանել դրանք։ 2021-ին ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասն էլ, ովքեր արդեն հասցրել են հիասթափվել ընդդիմության շարունակական ձախողումներից, վստահ են, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն հրաժարվի մանդատներից։

Չնայած ՀՀ Սահմանադրությունը չի կարգավորում, թե նման իրավիճակում ինչ զարգացումներ պետք է հաջորդեն, սակայն մայր օրենքը պահանջում է, որ ԱԺ-ն կազմված լինի առնվազն 3 քաղաքական ուժից։ Ուստի իրավաբանների ու սահմանադրագետների մեծամասնությունը պնդում է՝ եթե ընդդիմադիր ուժերն ամբողջ կազմով հրաժարվեն մանդատներից, և ցուցակներում նրանց հաջորդող թեկնածուները չհրաժարվեն դրանցից, ապա դա կապալեգիտմիացնի գործող խորհրդարանը և ներքաղաքական խորը ճգնաժամ կստեղծի։

Նրանց համոզմամբ՝ ԱԺ-ն չի կարող կազմված լինել միայն 1 քաղաքական ուժից, որքան էլ ՔՊ-ն ունենա նիստեր գումարելու և որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ թվով մանդատներ։

Բացի այդ, այս իրավիճակում իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշումներ նույնպես կլինեն, ուստի նման իրավիճակում ՔՊ-ն ստիպված կլինի արտահերթ ընտրությունների անցկացնելու որոշում ընդունել։

Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա հստակ չէ՝ վերջինս կհամարձակվի՞ շարժվել այս ճանապարհով, թե՞ կնախընտրի չվտանգել սեփական մանդատները, որոնք դեռևս 2 տարի կարող է ծառայեցնել իրեն։ Եթե առաջնորդվենք, այն կանխավարկածով, որ ներկայիս ընդդիմությունը գիտակցում է, որ հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում կարող է չհայտնվել խորհրդարանում, կամ առնվազն չունենալ ներկայիս ⅓ համամասնությունը, ապա առավել հավանական է, որ ընդդիմադիրները կգերադասեն չհրաժարվել իրենց մանդատներից, սակայն եթե նրանք ինչպես հայտարարում են գերադասեն հայրենիքի փրկության գաղափարը, ապա պետք է շարժվեն այս ճանապահով, քանի որ նոր ընտրություններն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու և հայրենիքը փրկելու ճանապարհին առաջին ու անկյունաքարային քայլը կլինեն։

Ընդդիմությունը մանդատներից չհրաժարվելու մեկ այլ «հիմնավոր» պատճառ էլ պատճառ էլ ունի։ Մեր տեղեկություններով՝ 2021-ի մայիսին՝ նախընտրական ցուցակները կազմելիս, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կարող է մանդատներից հրաժարվելու հարց առաջանա, և ցուցակներում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնց անգամ քաղաքական ուժերի առաջնորդները չեն ճանաչում՝ ո՛չ տեսել են, ո՛չ՝ լսել նրանց:

Այս իրավիճակում, եթե անգամ ընդդիմությունը որոշի հրաժարվել իր մանդատներից և արտահերթ ընտրական գործընթաց հասունացնել, ապա մեծ հավանականությամբ ցուցակի հաջորդական համարներում կհայտնվեն մարդիկ ովքեր դեմ դուրս կգան որոշմանը և կվերցնեն իրենց բաժին հասած մանդատները։ Եթե այս ամենին գումարենք նաև իշխանության հնարավոր ճնշումները, ապա չափազանց իրատեսական է, որ կհայտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կկանխեն այս խորհրդարանի ապալեգիտիմացումն ու լուծարումը։

Այսպիսով՝ եթե Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը տապալվի, ապա անխուսափելիորեն կրկին օրակարգ է գալու մանդատներից հրաժարվելու հարցը, ու ընդդիմությունն այլևս չի կարողանալու հանրությանը համոզել, որ սպասում է առավել հարմար պահի։ Կարծում ենք, որ առավել հարմար պահ այլևս չի լինելու, քանի որ հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականին, ուստի Փաշինյանին իմիչմենտի ենթարկելու հնարավորություն 8-րդ գումարման ԱԺ-ն այլևս չի ունենալու։

Այլ կերպ ասած՝ իրադարձությունների բերումով առաջիկաոյում գնդակը մեծ հավանականությամբ հայտնվելու է ընդդիմության դաշտում, իսկ թե ինչ ճանապարհով կշարժվի վերջինս՝ ցույց կտա ժամանակը։

Լավատեսորեն ակնկալում ենք, որ ընդդիմադիր 2 դաշինքների համամասնական ցուցակում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, ովքեր համապատասախան որոշման դեպքում դեմ չեն գնա դրան, կամ չեն տրվի իշխանությունների ճնշումներին և մանդա՞տը, թե՞ հայրենի՞քը դիլեմայի պարագայում ընտրություն կկատարեն առաջինի օգտին։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի