copy image url
Խոսք Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 19:00 06-06-2023

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվեն Մոսկվա մեկնելուց, կարող են բախվել Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը

Հայաստանի կառավարությունից տեղեկացնում են, որ հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Պաշտոնական Երևանը միայն հայտնում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Ռուսաստան էր այցելել մայիսի 25-ին, երբ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ կայացավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Oragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Քեռյանն ընդգծեց, որ ներկա պահին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երեք կենտրոնների միջև առկա է մրցավազք։ Նրա համոզմամբ՝ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը փորձում են հակամարտության կարգավորման մոդերատորությունը տանել իրենց դաշտ, իրենք լինեն հովանավորը և այդ ճանապարհով առավելագույնս ապահովեն իրենց շահերը։ Քաղաքագետը նկատեց, որ որոշ առումներով Բրյուսելի և Վաշինգտոնի նպատակները համընկնում են՝ ելնելով այն հանգամանքից, որ հավաքական Արևմուտքն այսօր Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ է։

Քեռյանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են երկու-երեք քարի արանքում։ «Մերժել որևէ հարթակում բանակցելու առաջարկը դժվար է, անիմաստ և վնասակար։ Եթե հրաժարվեն Մոսկվա գնալուց, ուրեմն կարող են բախվել Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը, որովհետև ամեն դեպքում դեռևս Ռուսաստանն է այն ուժային կենտրոնը, որը լուրջ ազդեցություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հրաժարվել գնալ Բրյուսել, կամ Վաշինգտոն՝ նշանակում է հայտնվել այնպիսի ճնշումներ ազդեցության տակ, որոնք կարող են բերել տնտեսական, ֆինանսական, էներգետիկ և այլ բնույթի հետևանքներ»,- նշեց նա։

ԵՊՀ պրոֆեսորը նկատեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երեք հարթակներում էլ չեն տեսնում իրենց շահերի առավելագույն պաշտպանվածությունը կամ ներդաշնակությունը, հետևաբար ամեն մի տեղ գնալուց հետո բանակցությունները մյուս հարթակում շարունակելու միտք է առաջանում։ Նրա համոզմամբ՝ այս պարագայում ստացվել է Կռիլովի հայտնի առակի պատմությունը, երբ սայլը տեղում կանգնած է, երեք կողմից քաշում են, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ «Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Մոսկվա, որովհետև վերջին անգամ նա եղավ Մոլդովայում, այնտեղ եղան հնգակողմ բանակցություններ, հավանաբար, ենթադրում եմ, որի ինչ-որ հարցերի շուրջ պահանջներ կան, և այդ պահանջը կատարելուց առաջ հայկական դիվանագիտությունն ամեն կերպ փորձում է ճշտել Մոսկվայի դիրքորոշումը՝ արդյոք նա համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ։ Քանի որ քայլ անել առանց Մոսկվայի համաձայնության, կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի համար։ Ուստի Փաշինյանը ստիպված է բոլոր երեք կենտրոններում էլ հրավերի դեպքում կա՛մ ինքը գնալ, կա՛մ արտգործնախարարին ուղարկել՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար»,- կարծում է նա։

Հարցին, թե ինչի՞ մասին է վկայում, որ Փաշինյանը մի հարթակում բանակցելուց հետո պարտադիր կերպով մեկնում է նաև մյուսը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունիսի 21-ին Բրյուսելում կկայանա Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ հերթական եռակողմ հանդիպումը, Գարիկ Քեռյանը նշեց, որ չկա կոնկրետ մի ձևաչափ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը նստեն, կենտրոնան, իմանան, որ այս հարթակն է, ուրիշ տեղ չունեն գնալու և այստեղ պետք է գտնեն իրենց հարցերի լուծումը։ «Ալիևն ու Փաշինյանը կարծես սուրհանդակի դեր են կատարում, մեկ մի տեղում են հանդիպում, ինֆորմացիան վերցնում և վազում մյուս տեղ։ Հիմա Մոլդովայում հանդիպելուց հետո գնում են Սոչի, Սոչիից հետո Բրյուսել, իսկ Բրյուսելից վերադառնալուց հետո վստահ եմ Ռուսաստանի հովանու ներքո որևէ տեղ պետք է նորից հանդիպեն»,- նկատեց նա։

Քաղաքագետը շեշտում է, որ այս խաղն իրականում ուղղված է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը, այլ ազդեցության գոտիների համար պայքարին։ Նա կարծում է, որ Արևմուտքը փորձում է մոդերատորությունը վերցնել իր ձեռքը, Հարավային Կովկասում զրոյացնել ռուսական ազդեցությունը, իսկ Ռուսաստանն էլ փորձում է էլ ավելի վճռական քայլեր կատարել՝ ընդհանրապես արևմտյան միջամտությունները կանխելու համար։ Վերջինս նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ վերջերս Վրաստանի որոշակի դրեյֆը դեպի Ռուսաստան, նույնիսկ Կրեմլին զգալիորեն ոգևորել է, որ եթե Վրաստանը այդքան տարի հակառուսական դիրքորոշում ունենալուց հետո որոշակի շարժ է կատարել և չի միացել հակառուսական պատժամիջոցներին, գուցե հնարավոր լինի նույն չափով վերականգնել իր ազդեցությունը Ադրբեջանում։ «Այնպես որ սա պայքար է ազդեցության գոտիների, սեփական շահերի համար, և այստեղ ես հակամարտության լուծման համար առանձնակի մտահոգություն չեմ տեսնում»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Արևմուտքը մեկ դար շարունակ խոսում է մարդու իրավունքների, ազատությունների և այլն մասին, սակայն 30 տարուց ավել ձգվող հակամարտության պայմաններում այդպես էլ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը համարձակություն չունեցան ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրա խոսքով՝ եթե դա չեն արել, հետևաբար մնացած բաներն էլ շատ բան չեն փոխում։ «Այս համատեքստում Հայաստանի մասնակցությունը ես իմաստավորված եմ տեսնում այնքանով, որ կանխենք Ղարաբաղյան երրորդ պատերազմը, որը մեզ համար կարող է կործանարար լինել։ Բանակցությունները լավ են, բոլոր հարթակներն ու գործիքակազմը պետք է օգտագործել պատերազմից խուսափելու համար, բայց հույսեր փայփայել, թե այդտեղ կարող ենք մենք մեր ազգային-պետական շահերին համահունչ լուծումներ գտնել, իրատեսական չեմ համարում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր