Համապետական շարժումը խառնել է Ալիևի խաղաքարտերը․ Բաքուն պատրաստ է զիջումների
copy image url

Համապետական շարժումը խառնել է Ալիևի խաղաքարտերը․ Բաքուն պատրաստ է զիջումների

Արտաքին Ներքին Միտք 11 ամիս առաջ - 13:00 15-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած իշխանական մամուլի ու քարոզիչների թիրախավորումներին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն օրեցօր ավելի մեծ ժողովրդականություն է ստանում, ինչը հանգեցնելու է քաղաքական դաշտում շարժման կապիտալիզացմանը։ Ակնկալվում է, որ համապետական այս շարժման արդյունքում Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից, ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որն էլ երկիրը կտանի դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Քաղտեխնոլոգների և փիար մասնագետների համոզմամբ՝ ռազմավարական առումով շարժումը գտնվում է ճիշտ ուղու վրա, կիրառվում են գրագետ տեխնոլոգիաներ, սակայն որոշ տակտիկական բացթողումներ այնուամենայնիվ առկա են, որոնք պետք է շտկվեն։ Փորձագետները հատկապես երկու թերության վրա են ուշադրություն հրավիրում․ նախ բողոքի ակցիաները հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում են անցկացվում, իսկ ծայրամասային թաղամասերն անհաղորդ են շարժմանը, ինչպես նաև ցուցարարները չեն պարալիզացնում Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, որն ընդհանուր գործընթացի վրա կարող է չափազանց մեծ ազդեցություն ունենալ։

Հատկանշական է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած այս համազգային շարժումն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև Թուրքիային և Ադրբեջանին․ վերջիններս մտահոգված են, որ շարժումը հաջողելու դեպքում կարող է իրենց համար անցանկալի իրավիճակ ստեղծել։ Օրեր առաջ գրել էինք, որ Անկարայում և Բաքվում փորձագիտական մակարդակով քննարկվում է իրավիճակի լարման դեպքում ՀՀ զորքեր մտցնելու և Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու հնարավորությունը՝ համոզմունք հայտնելով, որ առանց այդ երկրների իշխանությունների հավանության նման գաղափարներ չէին կարող հնչեցվել։

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ, որի ընթացքում դրական է գնահատել հայ-ադրբեջանական երկկողմ մակարդակով անցկացվող բանակցությունները։ Հանդիպմանը Բայրամովն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ գործընթացում պետք է հաշվի առնվեն նաև Հայաստանի ակնկալիքները, և այժմ կողմերն աշխատում են փոխադարձ լուծման փոխադարձ ուղիներ փնտրելու ուղղությամբ։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ նախքան Հայաստանում մեկնարկած համապետական շարժումը՝ Բաքվից ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի պայմաններով, իսկ Հայաստանին զիջումներ կատարելու տարբերակն առհասարակ չէր քննարկվում։ Նախորդ տարիներին նման հայտարարությամբ հանդես են եկել ինչպես Իլհամ Ալիևը, այնպես էլ վերջինիս իշխանության մյուս ներկայացուցիչները։

Ընթերցողի մոտ հավանաբար հարց կառաջանա, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը, որն Ադրբեջանը պատրաստ կլինի բավարարել։ Բնականաբար այդ ակնկալիքները չեն կարող կապված լինել Արցախի հարցի արդարացի լուծման հետ, որը Բաքուն համարում է փակված, սակայն կարող են առնվազն հնարավորություններ նախատեսել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար՝ միջազգային երաշխիքների ներքո, ինչից Ալիևը համառորեն հրաժարվում էր։

Հայկական կողմի առավելագույն ակնկալիքները կարող են վերաբերել Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կմ տարածքից ադբեջանական զորքերի դուրսբերմանը, ինչից նույնպես Բաքուն հրաժարվում էր։ Հաշվի առնելով Բայրամովի հայտարարությունը, որը վերջինս չէր կարող հնչեցնել առանց Իլհամ Ալիևի հետ համաձայնեցնելու, չենք բացառում, որ իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում Ադրբեջանը կհամաձայնի սահմանազատման գործընթացի հիմքում դնել բացառապես Ալմա Աթայի հռչակագիրը, որով նա կպարտավորվի իր զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից։

Այսպիսով՝ փաստենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Ադրբեջանում ոչ միայն մտահոգություններ է առաջացրել, այլև նպաստել է, որ այդ երկիրը մեղմի Հայաստանի նկատմամբ շուրջ 4 տարի բանեցվող առավելագույն ճնշումների քաղաքականությունը ու զիջումներ կատարելու պատրաստակամություն հայտնի։ Բաքուն սկսել է գիտակցել, որ եթե ստեղծված իրավիճակում շարունակեր նույն քաղաքականությունը, ապա դա էլ ավելի կխարխլեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը, անխուսափելիորեն կհանգեցնի վերջինիս հեռացմանը, ինչն իր համար կարող է անխուսափելի հեռևանքներ առաջացնել։

Այլ կերպ ասած՝ Բագրատ Սրբազանին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց խառնել նաև Իլհամ Ալիևի խաղաքարտերը, ում ԱԳ նախարարը 2020 թվականի 44-օրյա պատերազմում արձանագրած շռնդալից հաղթանակից ու Արցախի լիակատար բռնազավթումից հետո առաջին անգամ խոսեց Հայաստանի ակնկալիքները հաշվի առնելու մասին։

Եթե Հայաստանը ճիշտ օգտվի այս իրավիճակից, ապա նվազգագույնը կարող է հասնել իր տարածքային ամբողջականության վերականգնմանը, իսկ առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարելու դեպքում ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։

Դավիթ Գույումջյան