Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 3 շաբաթ առաջ - 22:30 01-05-2024

Օրակարգի տերն Ադրբեջանն է. Միրզոյան-Բայրամով հանդիպումը ՀՀ-ին ոչինչ չի տա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում առաջարկել էր հայ-ադրբեջանական հաջորդ բանակցություններն անցկացնել Ղազախստանում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են ղազախական կողմի առաջակին, և երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հաջորդ հանդիպումը կկայանա Ալմա Աթայում։ Ընդ որում, հանդիպումը կայանալու է ոչ թե Ղազախստանի միջնորդությամբ, այլ երկկողմ ձևաչափով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց՝ ցավոք սրտի այս հանդիպումները Հայաստանին ոչինչ չեն տալիս։ Նա նկատեց, որ նման հանդիպումներից հետո Հայաստանի իշխանությունները նոր զիջողական թեզեր են հրապարակ նետում, ինչի հետևանքով ավելի ուշ զրկվում ենք կա՛մ հերթական դիվիդենտից, կա՛մ հայրենիքի որևէ հատվածից։

Քաղաքագետի համոզմամբ՝ այս հանդիպումներն այլևս Հայաստանին ոչինչ տալ չեն կարող, որովհետև դրանք բացառապես մեկ ուղղություն ունեն. «Մինչ օրս այդ հանդիպումների ժամանակ Հայաստանի Հանրապետության առաջ թշնամու կողմից պահանջներ են դրվել, իսկ ՀՀ իշխանությունները սիրահոժար կերպով բավարարել են դրանք։ Հետևաբար պետք է ցավով արձանագրեմ, որ այս հանդիպումից ոչ մի դրական սպասելիք ունենալ չենք կարող ունենալ»։

Արա Պողոսյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն է մշակել ապագա խաղաղության պայմանագրի կետերն ու սկզբունքները, իսկ բանակցություններն ընթանում են դրանց շուրջ։ Ըստ նրա՝ Ալիևի հայտարարությունը վկայում է, որ օրակարգի տերն Ադրբեջանն է, և վերջինս է որոշում, թե Հայաստանը երբ, ինչպես ու որքան պետք է զիջի։

«Մնացած բոլոր թեզերը, թե Հայաստանն իր ինքնիշխանությունն է վերականգնում, սահմանազատումը մեզ այս կամ այն բանը տվեց, պարզապես կեղծիք են։ Ադրբեջանին իրականում ոչինչ չի ստիպում, որ վերջինս հենց վաղը հրաժարվի գործընթացից ու ասի, որ ինքը ոչ մի տեղ չի ստորագրել ու համաձայնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, ընդունել Ալմա Աթայի հռչակագիրը և այլն։ Ուստի այս հանդիպումները վաղուց արդեն մեզ ոչինչ տալ չեն կարող, հատկապես, երբ դրանք վարում են այս իշխանությունները»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը համաձայնեց այն պնդումների հետ, որ Տավուշի 4 գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանը մյուս հատվածներում կտապալի գործընթացը, քանի որ այնտեղ ինքը Հայաստանին հանձնելու բաներ ունի։ Նա շեշտեց՝ Ադրբեջանն անգամ այսօր չի թաքցնում, որ ՀՀ ինքնիշխան տարածքից իր զորքերի հետքաշման մասին անգամ խոսք լինել չի կարող.

«Ես պարզապես չեմ հասկանում, թե Հայաստանում որ պաշտոնյաներն ու քանի անգամ պետք է խոսեն, որպեսզի տեղ հասնի, որ սա ընդամենը հերթական միակողմանի զիջումն է։ Այստեղ չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, որովհետև դա ենթադրում է հստակ քարտեզի ֆիքսում, այնուհետև որոշակի հարաբերություններ ու կանոնակարգ, որի շրջանակներում կողմերը գնալու են սահմանազատման ու սահմանագծման։ Եթե այս ամենը չկա, չեմ պատկերացնում, թե գործընթացն ինչպես կարելի է սահմանազատում ու սահմանագծում»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներից մեկի այն հայտարարությանը, թե «4 գյուղերը ՀՀ-ի վրա լեգիտիմ հարձակում գործելու համար Ադրբեջանի վերջին փաստարկն են»՝ քաղաքագետը նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե ՔՊ-ականներն ինչ են ասելու հանրությանը, եթե Ադրբեջանը Տավուշի գյուղերը ստանալուց հետո կրկին հարձակվի։

Արա Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ նախքան 44-օրյա պատերազմը գործում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որին տրված էր հակամարտության կարգավորման մանդատը։ Նա ասաց, որ Մինսկի խումբը կողմերի միջև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման պայմանավորվածություն էր ձեռք բերել, սակայն Ադրբեջանին դա չխանգարեց, որպեսզի նա Արցախի դեմ պատերազմ սանձազերծի։

«Սա Ադրբեջանին բնավ չխանգարեց, և նա ինչպես ուզեց իր գործողությունները ծրագրեց ու կատարեց։ Հետևաբար այս բոլոր թեզերը հիմնազուրկ են, որովհետև Ադրբեջանը որ պահին ցանկանա հարձակվել, հարձակվելու է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ եթե զորքը կանգնած մնա այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, ապա դա Ադրբեջանին լեգիտիմ հարձակում գործելու իրավունք է տալիս, ու այդ դեպքում Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու, Արա Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս հայտարարություններով գործող իշխանությունները խոստովանում են, որ իրենք ոչնչացրել են Հայաստանի բանակը և այժմ երկիրի անվտանգության և պաշտպանության պատասխանատվությունը դնում են ժողովրդի վրա։

«Այնինչ դա իրենց ֆունկցիան է, և մեծ հաշվով ժողովրդին չպետք է հետաքրքրի, թե իրենք դա ինչպես կկազմակերպեն ու զինված ուժերը կարգի կբերեն, որպեսզի լուծեն առկա անվտանգային խնդիրները։ Իր տունը կորցնող մարդուն մեծ հաշվով չպետք է հետաքրքրի, թե պետությունն ինչպես իր պարտաավորությունները կկատարի»,- շեշտեց նա։

Արա Պողոսյանը հավելեց՝ պետությունը քաղաքացիների առաջ ունի պարտավորություն. ապահովել մարդկանց անվտանգությունը, այդ թվում ռազմական ճանապարհով։ Նա ասաց, որ եթե պետությունը հրաժարվում է այս պարտավորությունից, ապա նշանակում է, որ պետությունն ըստ էության լուծարվում է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված