Ներքին Միտք 57 րոպե առաջ - 14:53 04-10-2026

Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

Սա դրվագ է նախագահի նստավայրում կառավարության ադամնեի երդմնակալությունից, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ Պետական օրհներգի ժամանակ, ինչպես հրահանգավորել է Նիկոլ Փաշինյանը, բոլորը ձեռքները դնում են կրծքին։

Այդ ընթացքում, բժիշկները պայքարում են Շաքի գյուղում, ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կրակից վրավորված կնոջ առողջության համար, նրա ոտքը անդամհատումից փրկելու համար՝ ինչպես հայտնել է կնոջ քույրը։ Ադրբեջանցին մի քանի օր եղել է Հայաստանի տարածքում, անվտանգության համակարգի համար աննկատ։ Պաշտոնական Երեւանը նախատինքի կես խոսք իսկ չի ասել այդ զարհուրելի դեպքի առնչությամբ։

Բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած։ Որովհետեւ պետությունը այս մարդկանց համար ընդամենը ձեւ է, լուսանկար, ռիլզ, քարոզչություն, ֆասադ, այլ ոչ թե կառավարման արդյունավետ համակարգ ու բովանդակություն, որի առանցքային մասը այդ պետության քաղաքացու անվտանգության ապահովումն է։

Իսկ ֆասադը, ռիլը, լուսանկարը սպառողները հարյուր հազարավոր են, որովհետեւ սպառողական հասարակությունը կողմնորոշված է դեպի փաթեթներ, ոչ թե դեպի էություն։