Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:04 05-07-2023

Ընկճվածություն նկատեցի․ Դատախազության օրն էլ առաջվանը չէ

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Դատախազության 105-ամյակի կապակցությամբ այս տարի մի խումբ դատախազներ կոչումներ ու պարգևներ էին ստացել։

Oragir.News-ի հետ զրույցում Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հատկապես կոչումների շնորհման իմաստով, գտնում է, որ պարգևատրվել են արժանիները։

Խոսքը հատկապես Զինվորական դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների մասին է, որոնց շնորհվել է Արդարատադության երրորդ դասի խորհրդականի կոչում։

«Կարծում եմ, այո, շատ իրավաչափ էր նրանց կոչումների շնորհումը, շատ պրոֆեսիոնալ մարդիկ են և, այո, արժանիներ էին։ Տեղակալները երկուսն էլ շատ պարկեշտ մարդիկ են, իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալներ են, ընդ որում՝ երկուսն էլ իմ ենթակայությամբ աշխատել են՝ և մարդկային, և մասնագիտական շատ լավ որակներով օժտված»։

Նա նաև նշեց, որ հաճախ լինում է, որ նաև առանձին գերատեսչություններից պարգևատրում են առանձին դատախազների, խոսքը ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի և Պաշտպանության նախարարի մասին է։ Օրինակ, պաշտպանության նախարարը որպես կանոն պարգևատրում է զինվորական դատախազության աշխատակիցներին, ովքեն իրենց ոլորտը սպասարկող անձինք են, մնացածները պարգևատրում են մյուս ոլորտների դատախազներին։ Ես պարգևատրվածներից շատերին չեմ ճանաչում»։

Հարցին, թե որքանով էր մթնոլորտը տոնական և ինչու, օրինակ, նախկին բարձրաստիճան աշխատակիցներից որևէ մեկը հրավիրված չէր՝ նա պատասխանեց, որ մեծ շուքով նշվել են Դատախազության 95 և 100-ամյակները։

«Կոորդինացիոն խորհրդի ողջ կազմն այն ժամանակ ներկա էր։ Բավական մեծ միջոցառումներ էին, չեմ կարող ասել՝ ինչու, բայց այս անգամ առավել համեստ նշվեց։ Թերևս, Գլխավոր դատախազն է նպատակահարմար համարել, որ չհրավիրեն, ընդամենը նեղ շրջանով նշեն։

Ես, ճիշտն ասած, մի փոքր ընկճվածություն նկատեցի, իհարկե առաջվանը չէր, մենք պետք է հասկանանք, թե ինչի միջով ենք անցել, որքան էլ մարդիկ իրենց դնեն միամիտի տեղ, հոգեբանորեն, իհարկե, ընկճված են, հայ են՝ գենետիկորեն, արյամբ, շատ բաներ կարող են չխոսել, բայց ես չեմ պատկերացնում, որ 2020 թ․-ի նոյեմբերից հետո որևէ մեկը կարողանա ներքուստ ուրախ լինել։

Իհարկե, կարող ենք ունենալ տարբեր հայրենակիցներ՝ այլ մտավոր պոտենցիալով կամ հոգեբանական հատկանիշներով, բայց, օրինակ, ես 2020 թ․-ից հետո բարձր երաժշտությամբ ոչ մի միջոցառման դեռ չեմ մասնակցել։ Ցանկացած նորմալ մարդկանց մոտ այդ ընկճվաճությունը կա, ու դա նորմալ է։ Ես գիտեմ, որ նախկին դատախազներին միջոցառմանը չեն հրավիրել։ Կարծում եմ, նորմալ է։

Այս տարի, որքանով տեղյակ եմ, ինչ-որ առանձնահատուկ տոնակատարություն էլ չեն կազմակերպել, նախկինի նման չեն նշել ռեստորանում, իսկ 100-ակյակին մեծ տոնակատարություն եղավ «Փարավոնում», մոտ 800 հոգու կազմով, բայց այն ժամանակ այլ հոգեբանական իրավիճակում էինք, հիմա մի քիչ այլ է, ու դա բնական է, որ այդպես էր»։