Թուրքական մամուլի արձագանքը Ռուսաստանում տեղի ունեցած զինված ապսամբությանը
copy image url

Թուրքական մամուլի արձագանքը Ռուսաստանում տեղի ունեցած զինված ապսամբությանը

Արտաքին 1 տարի առաջ - 17:15 29-06-2023
Հունիսի 23-ի երեկոյան Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՌՄԿ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երկրի ԶՈւ-ին մեղադրեց կառույցի ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է «վերականգնել արդարությունը»։
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք գտան միջազգային մամուլում՝ այդ թվում թուրքական:

Թուրքական մամուլն այս առումով առանձնակի օպերատիվությամբ էր լուսաբանում ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները` դրանք որակելով որպես «ռազմական հեղաշրջման փորձ»:

Թեմայի շուրջ ցուցաբերված զգայունությամբ առանձնացան մասնավորապես թուրքական իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցները։ Դա, թերևս, ունի իր պատճառները, քանի որ Թուրքիայի ներկա իշխանությունը ոչ վաղ անցյալում՝ 2016 թ․-ի հուլիսի 15-ին ևս բախվել էր ռազմական հեղաշրջման փորձի, որը, ինչպես հայտնի է, ձախողվել էր:

Մերձիշխանական «Hürriyet»-ը, մեկնաբանելով և վերլուծելով դեպքերն ու իրադարձությունները ՌԴ-ում, առանձնացրել էր երկու հիմնական սցենար. Վլադիմիր Պուտինն ամբողջ ուժով կջախջախի ապստամբությունը և կուժեղացնի Ուկրաինայի գիծը կամ էլ ռուսական բանակը կպառակտվի, քանի որ անձնակազմի մի մասը կարող է անցնել Պրիգոժինի կողմը։

Թուրքիայի իշխանությունների խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը, ամբողջովին իր աջակցությունը հայտնելով ՌԴ նախագահ Պուտինին, գրել էր. «Այն բանից հետո, երբ Էրդողանը զանգահարեց Պուտինին, հեղաշրջման փորձը ձախողվեց»:

Թուրքական «Yeni Şafak» պարբերականն էլ նյութը վերնագրել էր հետյալ կերպ՝ «Ռազմական հեղաշրջման փորձ և քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում»։ Հրապարակման մեջ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում որոշակի զուգահեռներ են տարվել 1917թ.-ի հոկտեմբերյան հեղաշրջման հետ:

Պետք է նշել, որ թուրքական իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներում նկատվում էր որոշակի «անհանգստություն», որ Պրիգոժինի համախոհները հաջողության կհասնեն: Այս առումով նկատվեց որոշակի ցնծություն, երբ ՌԴ-ում Պրիգոժինն ու նրա համախոհները ձախողվեցին:

Ազգայնական «YeniÇağ» թերթի շապիկին տեղ գտած թեմատիկ նյութն էլ վերնագրվել էր այսպես․ «Ռուսաստանի վարձկանները դարձան Պուտինի համար իսկական գլխացավանք»:

Իսկ մերձիշխանական «TGRT haber» հեռուստաալիքը (նաև լրատվամիջոց) իր հրապակման մեջ հիշեցրել էր Պուտինի ու Պրիգոժինի նախկինում եղած կապերի և դրանից հետո առաջացած տարաձայնությունների մասին: Այստեղ պետք է շեշտել, որ երբեմն հակառուսական քարոզչական բնույթի հրապարակումներով հանդես եկող «TGRT haber»-ը Պրիգոժինի և նրա համախոհների նկատմամբ ունի հստակ բացասական վերաբերմունք, քանի որ նրանց մեղադրում է Լիբիա զինյալներ կամ, ինչպես իրենք են բնութագրում, «վարձկաններ» ուղարկելու մեջ: Թուրքական քաղաքական շրջանակները նույնպես արձագանքեցին թեմային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներռուսաստանյան զարգացումների շուրջ հեռախոսազրույց ունեցավ Վ․ Պուտինի հետ: Ի դեպ, հեռախոսազրույցը թուրքական կողմի նախաձեռնությամբ էր տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել էր Կրեմլի մամուլի ծառայությունը. «Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»:

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն էլ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թայիփ Էրդողանը նշել էր, որ տեղի ունեցածը հնարավորինս շուտ հանդարտությամբ հանգուցալուծելու համար Թուրքիան պատրաստ է կատարել այն, ինչ իր վրա է ընկած։
Դեպքերին արձագանքել էր նաև քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն էր Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում: «Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, հուսով եմ, որ դաս կլինի մեզ համար, որովհետև ռուսական «Վագները» թուրքական «SADAT»-ն է։ Կրկնում եմ՝ մենք թույլ չենք տա մասնավոր կիսառազմական կառույցներին վերցնել իշխանություն, այն դեպքում, երբ նրանք թշնամաբար են տրամադրված հասարակության նկատմամբ»,- նշել էր Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ թուրքական մասնավոր ռազմական ընկերություն SADAT-ը վերջին տարիներին տարբեր ուղղություններով ներգրավված է եղել Լիբիայի ու Սիրիայի գործընթացներում։

Ուշագրավ է, որ թեմային արձագանքել էր նաև ազգայնական ուղղվածության «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, որի կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած է գիտական սոցիալիզմը և եվրաասիականությունը:

«Մինչ իմպերիալիստները պաշտպանում են Պրիգոժինին և Վագներին, Ռուսաստանը շատ կարճ ժամանակում ջախջախելու է զինված ապստամբությունը։ Հանձնվելը նրանց համար ամենախելամիտ որոշումը կլիներ»,- նշել էր Փերինչեքը «Aydınlık»-ին տված հարցազրույցում։
Թեմային անդրադարձել էր նաև նրա որդին՝ պատմաբան հակահայկական հայացքներով ևս աչքի ընկնող Մեհմեթ Փերինչեքը՝ Պրիգոժինի գործողությունները համեմատելով 1920թ.-ին այդ ժամանակ դեռ քեմալական շարժման ղեկավար (1923-ից Թուրքիայի նախագահ) Մուստաֆա Քեմալի դեմ ապսամբած թուրք սպա Չերքեզ Էթյենի հետ:

«Այս միջադեպը կարելի է համեմատել Էթեմ Չերքեզի դավաճանության հետ։ Նման ապստամբությանը պետք չէ անլուրջ վերաբերվել։ Ռուսաստանը կդիմի ամենակոշտ միջոցներին»,- ասել էր Մեհմեդ Փերինչեքը։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ թուրքական մամուլը մեծ ուշադրությամբ էր հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ուներ իր «հասկանալի» պատճառները, քանի որ Ռուսաստանում իշխանափոխության հարցն ուղղակիորեն կարող էր անդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս շրջափուլի վրա: Անշուշտ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հստակ էր, քանի որ ինչպես վերևում նշեցինք, Թուրքիան նույնպես բախվել էր նմանատիպ դեպքերի: Եվ այս առումով Թուրքիան շարունակում է մնալ հավատարիմ ռազմական հեղաշրջումների և դրանց փորձերի հարցում նախկինում որդեգրած իր դիրքորոշմանը: Ասվածի ապացույցն է Թուրքիայի կոշտ արձագանքը Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած դեպքերին։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր