copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 15:23 11-06-2023

Աշտարակցի այս երիտասարդն իր ջերմ տանիքի տակ հավաքեց Տերյանի ու Չարենցի սերունդներին․ Գևորգ Էմինի հիշատակի օրն է

«Մինչև առաջին գրքիս լույսընծայումը՝ մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կառլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կառլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը, Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին... Գևորգ Էմին... Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»,- ահա թե ինչպես է ստացել իր գրական մկրտությունը ստալինյան բռնաճնշումներից հետո հայ դասական գրականության ամենանվիրական ավանդներին հավատարիմ, անուղղելի չարենցասեր, հակառակ իր դարին՝ համարձակ պոետ Գևորգ Էմինը:

Այսօր գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի հիշատակի օրն է։



«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»,- գրել է Գևորգ Էմինը:

Առհասարակ, Չարենցը մեծ տեղ է ունեցել դեռևս երիտասարդ գրող Կառլեն Մուրադյանի կայացման գործում։ Որպես երախտիքի արտահայտություն՝ Գևորգ Էմինը իր հարկի տակ է ընդունել «ժողովրդի թշնամի» հորջորջված Չարենցի դստերը՝ Արփենիկին՝ արժանանալով իշխանությունների դժգոհությանը։



Ի՜նչ անակնկալներ ասես կարող է մատուցել ճակատագիրը․․․ Ո՜ւմ մտքով կանցներ, որ գրական առաջին քայլերն անող աշտարակցի մի երիտասարդի ջերմ տանիքի տակ պիտի միավորվեին Չարենցի և նրա կուռք ու մեծ ուսուցիչ Տերյանի սերունդները․․․ Ո՜վ կմտածեր, որ այս նեղ ու փոքրիկ, բայց հյուրընկալ հարկի տակ Տերյանի դեռ չմայրացած մինուճար դուստրը՝ Նվարդ Տերյանը, մայրական անուշ գուրգուրանքներով պիտի փորձեր փարատել Չարենցի Արփենիկ դստեր որբությունը։



Արփենիկը հետագայում այդ ջերմ օրերին մասին պիտի գրեր․ «Այն ժամանակ ես նրան որպես Գևորգ Էմին չգիտեի: 1937թ.՝ հորս բանտարկությունից հետո, երբ մեզ դուրս էին արել հորս բնակարանից և մի նկուղային սենյակ տրամադրել, Կառլեն Մուրադյանը, ըստ տատիս պատմածի, օգնում էր մորս իրերը տեղափոխել: Նա ինձ որդեգրել էր, ես նրա տանն էի ապրում, իմ լուսանկարները փակցրել էր իր աշխատասենյակի պատին և հյուրերին բացատրում էր.

-Չարենցապաշտությունս այս ձևով եմ արտահայտում, Չարենցի լուսանկարը փակցնելու իրավունք չունեմ:

Գրողների տնից հաճախ էր գալիս ընկճված ու բորբոքված: Պարզվում է՝ նրան ստիպում, պարտադրում են ինձ ետ՝ մանկատուն տանել և որդեգրել Հայրենական պատերազմում զոհված ծնողների զավակի, քանի որ ես ժողովրդի թշնամու երեխա եմ: Էմինն ինձ հյուր էր տանում Լևոն Խաչիկյանի, Վիգեն Խեչումյանի, Ավետիք Իսահակյանի տուն: Նրանք ինձ գորովագութ, սիրալիր վերաբերմունքով էին շրջապատում, նվերներ տալիս:



Պատերազմ է. մթերքների քարտեր ենք ստանում: Էմինը դեսուդեն է ընկնում, ձվի ու կաթի փոշի ճարում, որ սոված չմնանք: Հետո գնում ենք շուկա, ապրանքափոխանակություն կատարում՝ հագուստը ուտելիքի հետ... Սոված ենք...

Մի օր գնում ենք Վարպետին հյուր, և ես տեղեկանում եմ, որ Վարպետն է բանաստեղծին կնքել Գևորգ Էմին:

-Մկրտիչ Էմին ենք ունեցել... Կառլեն Մուրադյանը թող դառնա Գևորգ Էմին: Ե՛վ կարճ անուն է, և՛ մտավորականի:

Հետո Նոր տարվա գիշերը Էմինը տոնածառ է դնում. զարդարում ենք: Հորս տան տոնածառն եմ հիշում ու հորս... Էմինն էլ ինձ ուրախացնելու համար մի քանի գիրք է գնել, իսկ Նվարդը՝ խմորեղեն թխել: Էմինի քույրն էլ՝ Հեղինեն, մի արտակարգ հագուստ էր կարել ինձ համար՝ կարմիր սադափե կոճակներով. ուրախ եմ և զգացված: Հետո Էմինն իր գնած գրքերն է ցույց տալիս, որոնց թվում՝ Քիպլինգի «Մաուգլին», ու ասում, որ ինքը արջ դաստիարակն է, ես՝ Մաուգլին.

-Մի հոխորտա քեզ սիրող չանգռողի դեմ, հոխորտա քեզ չսիրող շոյողի դեմ:



Նրանց ընտանիքում ծնվում է առաջնեկ որդին: Նեղվածք է, շարժվելու տեղ չկա, քանի որ ավելացել է մանկական օրորոցը: Ես քնում եմ ճաշի սեղանի տակ: Անհարմար է, գիշերը շուռումուռ եմ գալիս, քնում լուսադեմին միայն: Երեխայի մեկ տարին չլրացած՝ ամուսինները մեկնում են Մոսկվա: Պատերազմական սովի ու աղքատության ծանր տարիներին՝ 1943-1945թթ. Գևորգ Էմինը փրկեց ինձ սովի ճիրաններից:

Երկու տարվա ընդմիջումից հետո վերադառնում եմ մանկատուն: Մոսկվայից Էմինից նամակ եմ ստանում․ «Այստեղ՝ Ակադեմիայի դահլիճում, տեղի ունեցավ իմ պոեզիային նվիրված երեկո: Զեկուցողը Մարիետա Շահինյանն էր: Նա վերջում ասաց. «Էմինը շատ է սիրում հայ պոեզիան: Իսկ ամենից առավել՝ Եղիշե Չարենցին»: Եթե դու այստեղ լինեիր, նախ կխլանայիր ծափերի որոտից, իսկ հետո ինձ հետ միասին լաց կլինեիր»:

Նամակի վերջում Էմինը հիշեցնում է արջի դաստիարակության պատգամ-խրատը. «Ես կդաստիարակեմ նրան, նա օգուտ կբերի հոտին»»:



Արփենիկը հիշում է հոր՝ Չարենցի՝ իրեն նվիրված փոքրիկ բանաստեղծությունը․

Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ,—
Ասում եմ քեզ, իմ դո՛ւստր անգին.
Բայց վաղը, երբ դու մեծանաս,
Աշխույժ վազես, փողոց գնաս,—
Գալու ես ինձ ասես, անգի՛ն.
— Դուրսը ինձ պես այնքա՜ն մանկիկ...

Եվ սրտին ամուր սեղմած պահում է իր անունից Գևորգ Էմինի գրած պատասխանը․

«Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ»,
Ասել ես ինձ, հա՛յր իմ, մի օր,
Ամեն մի հայր մանկանն անգին
Գուրգուրում է էլի սիրով։
Լոկ դու՛ չկաս, որ ողբագին
Քո գիրկը գամ, հպարտ ասեմ.
«Դուրսը ինձ պես այնքա՜ն մանկիկ.
Բայց... ոչ մի հայր քեզ պես վսեմ»․․․