Հայաստանի 11 մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ավելի քան 358 մլն դրամ գումար կտրվի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 08-06-2023
Կառավարությունը որոշում ընդունեց իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն ավելացնել 358,3 մլն դրամով:

Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները նաև կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Խզմալյանը հայտարարեց, որ ֆեդերացիաներին ֆինանսավորելու նախորդ նմանատիպ որոշումը տվել է իր արդյունքները և 2022 թվականի հայ մարզիկները Հայաստան են բերել աննախադեպ շատ՝ 307 մեդալ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը անհրաժեշտ է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցելու, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպելու և անցկացնելու համար: Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից 358,353.0 հազար դրամը ուղղել 1041 ծրագրին, որից «Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն» միջոցառմանը` 337,881.0 հազար դրամ և 20,472.0 հազար դրամը «Երևանում կայանալիք շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի անցկացում» միջոցառմանը»: