Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր են միայն երկրի տարածքից ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումից հետո։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, Նիկոլենկոն այս մասին ասել է՝ արձագանքելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությանը։
Պաշտոնական Կիևը պնդում է, որ առանց ռուսական ուժերի դուրսբերման հրադադարի հաստատումը կսառեցնի ստատուս քվոն։ «Առանց այս պայմանի կատարման հրադադարը կսառեցնի ստատուս քվոն, Ռուսաստանին հնարավորություն կտա վերախմբավորվել, ուժերը մոբիլիզացնել և ագրեսիայի նոր ալիք առաջացնել։ Դա հաստատել է 2014-2022 թվականների փորձը»,- ասել է նա։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ռուսական մշտական հրթիռային հարձակումները և անօդաչու սարքերի հարձակումները ուկրաինական քաղաքների վրա վառ ապացույց են, որ Մոսկվան այլ սցենարներ չի դիտարկում՝ բացառությամբ պատերազմի շարունակման։
«Միևնույն ժամանակ մենք հաշվի ենք առնում Վիկտոր Օրբանի հայտարարությունը, թե իր համար դժվար է լինել միակ վարչապետը ԵՄ-ում, ով աջակցում է խաղաղությանը։ Իրավիճակը մեղմելու համար Հունգարիայի կառավարության ղեկավարին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ դատապարտեք Ռուսաստանի ագրեսիան, Մոսկվայից պահանջեք պատերազմի ավարտը և ռուսական բանակի վերադարձը ռուսական տարածք, միացեք Ռուսաստանի միջազգային մեկուսացման միջոցառումներին, մի խարխլեք Եվրամիության միասնությունը»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ավելի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այդ երկրի պետական ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ պետք է ամեն ինչ անել՝ կողմերին համոզելու համար, որ Ուկրաինայում հակահարձակման անցնելուց առաջ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել և խաղաղ բանակցություններ անցկացնել։