Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 18-05-2023
Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ վերջին օրերին ՀՀ սահմանին հնչել են կրակոցներ, կան զոհեր։

«Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ` կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը։ Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը։

«Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- հայտնեց վարչապետը։