Գյումրին զբոսաշրջիկներին գրավում է իր պատմական շենքերով, հին փողոցներով, յուրահատուկ ճարտարապետությամբ ու հյուրընկալ մարդկանցով։
Սակայն քաղաքի զբոսաշրջային գրավչության հետևում առօրյա խնդիրներ կան, որոնց հետ ստիպված են բախվել բնակիչները։ Քանդված ու անբարեկարգ փողոցներ, թափառող շներ և փողոցային լուսավորության բացակայություն․ սա Գյումրու այն իրականությունն է, որը քաղաքի գովազդային պատկերների կողքին այնքան էլ տեսանելի չէ։
Գյումրիի ծայրամասային թաղամասերում փողոցների վիճակն ու թափառող շների առկայությունը բնակիչների առօրյան վերածում են լրացուցիչ դժվարությունների։
Անբարեկարգ ճանապարհներով տեղաշարժվելը խնդիր է հատկապես անձրևոտ եղանակին, իսկ լուսավորության բացակայության պայմաններում երեկոյան փողոց դուրս գալն ավելի անհարմար ու մտահոգիչ է դառնում։
Խնդիրը միայն ճանապարհների անմխիթար վիճակը չէ։ Փողոցային լուսավորության բացակայությունն ու թափառող շների առկայությունը միասին ավելի են բարդացնում բնակիչների կյանքը։ Մարդիկ ստիպված են հարմարվել մի պայմանների, որոնք դժվար է համատեղել ժամանակակից, զբոսաշրջիկներին գրավող քաղաքի մասին պատկերացումների հետ։
Մինչ Գյումրին ներկայացվում է որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, քաղաքի առանձին հատվածներում առկա խնդիրները հիշեցնում են, որ զբոսաշրջային այցեքարտը դեռևս ամբողջ քաղաքի իրական պատկերը չէ։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան