Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:43 15-05-2023

Հեղուկ գազ ներկրողները սպեկուլացիա են անում, իսկ պետությունը խախտում չի տեսնում

Հայաստանում հեղուկ գազը թանկացել է։ Երևանում մեկ լիտրը 220 է, Սևանում 170 է, Կապանում հասնում է 250-ի ու ավելի։ Սա կրկնակի է դեռևս մեկ ամիս առաջ մեր երկրում արձանագրված գազի գնից։ Դեռևս նախորդ ամիս հեղուկ գազի գինն սկսվում էր ընդամենը 80 դրամից։ Որոշ ժամանակ անց, սակայն, վարորդները գնի աստիճանական աճ արձանագրեցին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:

«Գազ-Պրոպան» ընկերության ֆինանսական տնօրեն Գուրգեն Մելիքյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հեղուկ գազի գնի բարձրացման պատճառներից, ասաց. «Սա պայմանավորված է նրանով, որ գազի գինը Ռուսաստանում երկու անգամ աճել է, ինչպես նաև Վրաստանում առկա հերթերով է պայմանավորված»։

Խոսելով երկու ամիս առաջ եղած հեղուկ գազի գնից՝ Մելիքյանն ասաց, որ երկու ամիս առաջ վաճառվել է 120 դրամով, այս պահին վաճառվում է 220-ով։

Մելիքյանը նշեց, որ չեն կարողանում հեղուկ գազ նույն քանակով բերել՝ պայմանավորված Վրաստանում առկա կուտակումներով։

«Մեկ ամիս առաջ Վրաստանով անցնելիս վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաները հերթին չէին մասնակցում, իսկ հիմա մասնակցում են, այսինքն՝ հերթ են կանգնում»,- նշեց Մելիքյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հեղուկ գազի նման գնագոյացումից, ասաց, որ պատճառը դեֆիցիտն է, որը առաջացրել է Լարսի անցակետում գազատար մեքենաների երկար ժամանակ հերթերում մնալու հետևանքով։

«Նախկինում Հայաստանից գնացող գազատարները ընդհանուր հերթի մեջ չէին կանգնում, առանց հերթի անցում էին, հիմա վրացական կողմը պարտադրում է, որ գազատարները հերթի մեջ կանգնեն, և դրա արդյունքում բնականաբար մի քանի շաբաթ հերթը երկարում է, և նրանց մատակարարման շղթան կտրվում է։ Սա է հիմնական պատճառը, որը հանգեցրեց շուկայում հեղուկ գազի պակասուրդի և դրա արդյունքում նաև դեֆիցիտի»,- ասաց Պարսյանը։

Պարսյանը նշեց, որ այստեղ մեծ ազդեցություն է ունեցելլ նաև սպեկուլյացիան․ «Այն կազմակերպությունները, որոնք կարողացել են բերել և կուտակել հեղուկ գազ, նրանք սկսեցին գինը բարձրացնել կամաց-կամաց, անտրամաբանական ձևով, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրենց հպանցիկ ուսումնասիրությամբ արդարացրեց այդ քաղաքականությունը՝ նշելով, որ դաշտը մրցակցային է, և ինքը անելիք չունի, իմ կարծիքով՝ այս իրավիճակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անելիք ունի, այսինքն՝ նրանց ազդեցությանը շուկայի վրա չպետք է տարվա կտրվածքով նայել, այլ պետք է նայել տվյալ պահի դրությամբ և ասել՝ քանի կազմակերպություն է․ շուկան բաշխված է մի քանի կազմակերպությունների միջև, նրանք էլ գին են թելադրում, և կտրուկ գինը բարձրացվում է։ Գինը կտրուկ բարձրացրին նրանք, ովքեր ունեին պահեստավորած գազ, իսկ մնացածները հետևեցին նրանց քաղաքականությանը»,-ասաց Պարսյանը։

Պարսյանը նշեց, որ սա իր բացասական հետևանքներն է ունենում սպառողի վրա, քանի որ սկսում են ավելի շատ վճարել։

Պարսյանը նշեց, որ կան բիզնեսներ նաև, որոնք հեղուկ գազը օգտագործում էին բիզնես՝ տնտեսական գործունեության նպատակով։

«Անձնական օգտագործաման դեպքում մարդիկ իրենց գրպանից լրացուցիչ գումար են հատկացնում և կրճատում այլ ծախսերը, իսկ բիզնեսի դեպքում սա հանգեցնում է ապրանքների, ծառայությունների գնի թանկացման»,- ասաց Պարսյանը։

Խոսելով այն մասին, թե հեղուգ գազի նման գինը երկար կպահպանվի, Պարսյանն ասաց, որ հեղուկ գազի գնի դեպքում նման երևույթների մենք պարբերաբար առնչվում ենք, մեկ-երկու տարին մեկ նման դեֆիցիտ է առաջանում շուկայում, և վաճառողները, օգտվելով առիթից, գինը թանկացնում են։

Դիտարկմանը, որ ներկրողները մեր շուկայում գազի գնի բարձրացումը հիմնավորում են Ռուսաստանում գազի գնի բարձրացմամբ, Պարսյանն ասաց. «Ռուսաստանում գազի գնի բարձրացման վերաբերյալ բավարար տեղեկատվություն չկա»։