Կոկիկ շարադրանքի մի քանի գործոն
copy image url

Կոկիկ շարադրանքի մի քանի գործոն

Միտք 2 տարի առաջ - 18:07 07-05-2023
Սովորաբար կոկիկ է համարվում այն տեքստը, որը քերականորեն ճիշտ և պարզ է կառուցված, այսինքն՝ խոսողն իր դատողություններն ու մտքերը ճիշտ է «դասավորել» և պարզ արտահայտել՝ անխաթար տրամաբանական զարգացմամբ։

Խոսքի այդ որակն ապահովում են բազմաթիվ գործոններ, այդ թվում նաև հեղինակի անհատական ոճը։ Սակայն «կոկիկ շարադրանքի» որոշ ընդհանուր սկզբունքներ, այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել՝ անկախ խոսողի ոճական նախընտրություններից և տեքստի բնույթից։

Այսպես՝ խրախուսելի չեն բազում դերբայական դարձվածներով, մեծաթիվ լրացումներով խճողված նախադասությունները։ Երբեմն դերբայական դարձվածների փոխարեն հարկավոր է կազմել ստորադասական նախադասություններ, իսկ մյուս լրացումները «դասավորել» ավելի տրամաբանված՝ այնպես, որ ենթական և ստորոգյալը, որոնք նախադասության քերականական առանցքն են, «չխճճվեն» անհաջող կապակացված տասնյակ բառերի միջև։ Այլ կերպ ասած՝ ցանկացած քերականական կապակցություն զարգացնելիս խոսողը չպիտի «աչքից հեռացնի» ստորոգումը՝ միաժամանակ ապահովելով նաև նախադասության հնչերանգային ռիթմը։

Համեմատենք, օրինակ, հետևյալ երկու ձևակերպումները․

ա) Նա նուրբ կազմվածքով, բարի, խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճակատով պատանի էր։
բ) Նա նուրբ կազմվածքով պատանի էր՝ խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճակատով։


Ինչպես նկատելի է, երկրորդ տարբերակում լրացումներն ավելի ճիշտ են բաշխված, նախադասությունը քերականորեն կուռ է, հնչերանգը սահուն բարձրանում է և ապա մարում, իսկ միտքն ավելի պարզ է ընկալվում։

Սակայն այստեղ պետք է հակառակ մի իրողության ևս անդրադառնալ․ երբեմն նախադասություններում հենց արտասանական դադարներն ու տրոհումներն են սխալ լինում։

Օրինակ՝ կապակցության բաղադրիչները կարող են միասնաբար ունենալ մեկ պաշտոն՝ չլինելով, ասենք, բացահայտիչ-բացահայտյալ հարաբերության մեջ․ «Նա վերադարձավ երեկոյան ինն անց կեսին» (ոչ թե «երեկոյան՝ ինն անց կեսին»

Հնարավոր է նաև, որ տվյալ մասերն առանձին անդամներ լինեն, բայց տարբեր իմաստային կշիռներ ունենան, և այդ դեպքում նույնպես տրոհման կարիք չկա, օրինակ՝ «Իմ սենյակում բուխարու մոտ նստած էի»։

Հաճախ էլ պատահում է, երբ խոսելիս ակամա շեղվում ենք մտքից և այն չավարտած՝ ասես մի նոր նախադասություն սկսում նույն միտքը շարունակելու համար։ Ահա այդպիսի մի օրինակ․ «Նա, ով չի կարողանում վճռորոշ պահերին արագ որոշում կայացնել, ոչ ոք այդպիսի մարդուն առաջնորդի դեր չի վստահի»։ Այս նախադասությունը պետք է ձևակերպել հետևյալ կերպ․ «Ոչ ոք առաջնորդի դեր չի վստահի այն մարդուն, ով վճռորոշ պահերին չի կարողանում արագ որոշում կայացնել»։

Պատկերավոր ասած՝ շարադրանքը պետք է նման լինի սանդուղքի, որով աստիճան առ աստիճան են բարձրանում։ Հարկավոր է բացառել նաև ձգձգված կամ կրկնվող խոսքը, երբ նույն միտքը հնարավոր է արտահայտել ավելի հակիրճ և ամփոփ (եթե միայն տվյալ կրկնությունը հատուկ չի կատարվել՝ հեգնական, սաստկական, լիրիկական-ռիթմիկ կամ մի այլ նպատակով)։

Այսպես՝ հաճախ մենք սկսել, ձեռնարկել, կարողանալ, ունակ լինել և նման այլ բայերի հետ լրացմանը զուգահեռ գործածում ենք մեկ այլ բայ նույնպես, մինչդեռ դրա կարիքը չկա, երբ տվյալ լրացումն ինքնին բայանուն գոյական է կամ գործածվում է իր բայանվանական նշանակությամբ։ Օրինակ՝ «սկսեցին իրականացնել պեղումները» ասելու փոխարեն կարող ենք պարզապես ասել՝ «սկսեցին պեղումները», կամ փոխանակ ասելու՝ «կոչումի բարձրացում ունենալուց հետո», կարելի է ասել՝ «կոչումի բարձրացումից հետո» և այլն։

Ահա նաև ուրիշ օրինակներ, երբ կարելի է նախադասության այս կամ այն բառը կրճատել․

«Ունակ է նման սխրանքի դիմելու» - «Ունակ է նման սխրանքի»․
«Հինգշաբթի օրը կժամանի» - «Հինգշաբթի կժամանի»․
«Խոժոռ հայացքով նայեց ինձ» - «Խոժոռ նայեց ինձ» (այստեղ ածականը գործածվել է մակբայաբար)․ «Վարդավառի օրը ուխտի գնացինք» - «Վարդավառին ուխտի գնացինք»․
«Ապրում է Հալեպ քաղաքում» - «Ապրում է Հալեպում»․
«Արագ կերպով եկավ» - «Արագ // Արագորեն եկավ»․
«Կհանդիպենք ժամը 13:00-ին» - «Կհանդիպենք 13:00-ին»․
«Նրա հետ ունեցած հանդիպումից հետո․․․» - «Նրա հետ հանդիպումից հետո․․․»։


Նման օրինակներ շատ կարելի է մատնանշել, սակայն կարևորը սկզբունքը մտապահելն է․ եթե առանց տվյալ բառի՝ նախադասության քերականական կառուցվածքը չի խախտվում, իսկ միտքը շարունակում է մնալ հասկանալի և ամփոփ, ապա այդ բառն ավելորդ է, և կարելի է այն կրճատել։ Ի դեպ, հնարավորության դեպքում երբեմն կարող ենք զեղչել նաև ծավալուն նախադասությունների շաղկապները, ենթակաները, օժանդակ բայեր՝ ընթերցումը դարձնելով առավել թեթև։

Նշան Աբասյան

Ամենից շատ դիտված

12:21 «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել 
16:00 Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
12:43 Ձեր ներառականությունը բլեֆ է․ աուտիզմ ունեցող Դավիթը «Վերջին զանգ»-ին չմասնակցեց
16:17 Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան
13:07 Բանկը անկողնուն գամված 96-ամյա կնոջից պահանջել է ներկայանալ մասնաճյուղ՝ թոշակը վճարելու համար
12:09 Իմ համար դու միշտ իմ պուճուր Նանուլն ես. այսօր Նանուլի Վերջին զանգն է 
14:00 Նոր Հայաստան, նոր օլիգարխ․ ինչպես են Արգելում հիշում գործարար Նարեկ Նալբանդյանին  
20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը

Ձեզ գուցե հետաքրքրի