copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 21:52 01-05-2023

Արտագաղթող և բացակայող հայերին ամենայն հավանականությամբ գալու են փոխարինելու ադրբեջանցիներ

«Բնականաբար, եթե ՀՀ անկախության տարիներին հայաստանցիների մի ստվար զանգված չարտագաղթեր և ջանք գործադրեր՝ սեփական պետության կայացման համար, արդյունքներն ակներև կլինեին։ Այժմ, ցավոք, ակներև են հակառակ հետևանքներ․ թափուր աշխատատեղերում ընդունում են հնդիկներին, ֆիլիպինցիներին, իսկ ուկրայինական պատերազմի ընթացքում՝ նաև Հայաստան եկած ռուսաստանցիներին և ուկրայինացիներին, քանզի հայաստանցին կա՛մ չկա, որ աշխատի, կա՛մ էլ չի ուզում։ Այո, աշխատավարձերը Հայաստանում բարձր չեն, սակայն ինքս ճանաչում եմ բազում հայաստանցիներին, ովքեր արտագաղթել են, և օտարության մեջ կոպեկներ են վաստակում, կամ էլ առհասարակ պարտքերի և պրոբլեմների մեջ են»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։


-ՀՀ-ում 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ, ՀՀ մշտական բնակչության նախնական թիվը 2 մլն 928 914 է, որոնցից առկա է 2 638 917 բնակիչը։ Սա ավելի քան 350 հազ․-ով պակաս է 2018 թվականի հունվարի մարդահամարի ցուցանիշից։ Ցուցանիշի այսպիսի փոփոխությունն ինչո՞վ է բացատրվում, արդյո՞ք այս ցուցանիշը ներկայացնում է մեր երկրում առկա իրական պատկերը և առաջիկայում անցած տարվա մարդահամարի նախնական տվյալներն ինչպիսի փոփոխության կարող են ենթարկվել։

-Արտագաղթը հայ ժողովրդի և, մասնավորապես, ՀՀ պատմությունն ուղեկցած աղետ է՝ ազգային անվտանգության սպառնալիք։ ՀՀ անկախության պատմության ընթացքում հայաստանցիները մշտապես արտագաղթել էն․ բացառությամբ 2004-2006 թվականների, երբ Հայաստան ավելի շատ են վերադարձել, քան լքել են, մեր պետության բնակչությունն ընդհանուր առմամբ անընդհատ նվազել է։ Իհարկե, եթե հարցնենք Հայաստանից արտագաղթողներին, ապա իրենք մեր երկրի համար հարաբերականորեն լավ, ինչպես նաև վատ տարիներին արտագաղթելով՝ բերում են տարաբնույթ բացատրություններ, որոնք հիմնականում կապվում են վատ կառավարման հետ․ «երկիրը երկիր չէ», «չունենք զարգանալու հնարավորություններ», «Հայաստանում ապագա չենք տեսնում», «անվտանգ չէ», «աշխատանք չկա», «ինչ անում ենք, երեխաների համար ենք անում», և այլն։ Մասնագետներից ոմանք այս ամենն անվանում են «պատերնալիզմ»՝ պետության վրա ամբողջ ծանրությունը, պատասխանատվությունն ու մեղքը գցելու մտածելակերպ․ ամեն ինչում մեղավոր է պետությունը, և եթե քաղաքացուն որևէ բան դուր չի գալիս, ապա այն բարելավելու, զարգացնելու, շտկելու փոխարեն պետք է փնտրել մեկ այլ պետություն, որտեղ այդ ամենն արդեն շտկված է։ Ժողովրդական խոսքերով այդպիսի դիրքորոշումն անվանվում է «որտեղ հաց, այնտեղ կաց»։ Եվ իրոք, հայաստանցիներից ոմանք հենց այդպես են ապրել և ապրում, կողմնորոշվում, շարժվում։ Նման մտածողության համաձայն, բնականաբար, հայրենիք հասկացությունն ուղակիորեն կապվում է հարմարավետության, հեշտության, պետությունից որևէ բան ստանալու, վերցնելու, օգտվելու հետ։ Կարևորվում են ոչ այնքան քաղաքացու պարտավորություններ, որքան՝ իրավունքներն ու հնարավորություններ։

Պետք է ասել, որ նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում պետականությանն ամրապնդմանը, այլև այն քայքայում է։ Պատկերացնենք, եթե բնակչության կեսից ավելին ապրի նպաստներով․ փաստորեն՝ բնակչության կեսը կաշխատի, կծառայի, կչարչարվի և հարկեր կվճարի, մյուս կեսը՝ կծախսի։ Այդպիսի տնտեսությունն անընդհատ դոփելու է տեղում, չի զարգանա, իսկ արդարության մասին առհասարակ խոսելն այստեղ անիմաստ է։

ՀՀ-ից արտագաղթելու երկրորդ պատճառն արդեն հիշատակված անարդարությունն է․ իսկապես՝ մասնագիտորեն պատրաստված և վերապատրաստված, կրթված և կիրթ, առաջադեմ և ազգանվեր հայաստանցիների միայն մի մասն է կարողացել Հայաստանում համարժեքորեն իրացվել՝ պետք գալ, օգտակար լինել և լավ ապրել։ Մյուս մասն իրեն չի գտել, մասամբ՝ կոռուպցիայի, քավոր-ծանոթ-բարեկամ մեթոդով պաշտոնների համալրվածության, անարդար մրցակցության, անբարոյականության մտնելու անկարողության պատճառով։ Ոմանք անգամ չեն էլ փորձել, չեն պայքարել, վախեցել են, առաջնորդվել են տարածված ասեկոսեներով, և այլն։

Միևնույն ժամանակ, եթե խոսենք հետհեղափոխական ժամանակահատվածի մասին, ապա Հայաստանում արդեն պաշտոնական փաստ է այն, որ կարելի է պետության ղեկավար ընտրվել՝ առանց բարձրագույն կրթության, բանակ ղեկավարել՝ առանց զինվորական փորձի, միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանն առանց դիվանագիտական գիտելիքների և փորձի, և այլն։ Եվ եթե մինչ «հեղափոխությունը» հանրային կարծիքի համաձայն՝ լավ կրթությունը լավ աշխատանք ձեռք բերելու երկրորդ կարևոր նախապայմանն էր՝ լավ կապեր ունենալուց հետո, ապա «հեղափոխությունից» հետո, հնարավոր է, կրթությունն է՛լ ավելի է մղվել հետին պլան, օրինակ՝ կուսակցական պատկանելությունից, բարձր աղմուկելու և անհիմն հայտարարություններ անելու, մյուսներին փնովելու կարողություններից հետո։

Այս ամենի բացասական հետևանքներն ու հեռանկարները զգում ենք բոլորս, այդ թվում՝ նաև «ընտրախավի» և իրենց ընտրածների կողմնակիցները։ Դրանով է պայմանավորված հետհեղափոխական փուլում Հայաստանից շարունակվող զանգվածային արտագաղթը․ գնում են բոլորը՝ և՛ «հները», և՛ «նորերը»։ Ապա, հավանաբար, հանդիպելով Գլենդելի, Մոսկվայի կամ Մինսկի կաֆեներում՝ կնստեն ու կբամբասեն, թե մեր «երկիրը երկիր չէր»․․․

-2011 թվականի մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, երկրում փաստացի բնակվել է 2 871 771 մարդ։ Իսկ 2001 թվականին այդ թիվն ավելի մեծ է եղել՝ 3 213 011, երկրում փաստացի բնակվողները եղել են 3 002 598-ը։ Ի՞նչ իրադարձություններ են ազդել վերջին 22 տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների այսպիսի նվազմանը։

-Ես մի քանի հարցազրույցներում արդեն ասել եմ, որ Հայաստանն անավարտ պրոյեկտների երկիր է։ Իսկապես՝ մենք մշտապես հանդես ենք եկել լավ նախաձեռնություններով, որոնց մի մասը, պետք է ասել, նաև հայտարարվել է նաև այլ պետություններում, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, հանրային տրանսպորտի բարելավումը, զինված ուժերի բարեփոխումը, և այլն, սակայն դրանք ավարտին չենք հասցրել։ Փաստորեն՝ հայտարարել ենք, ու չենք արել, այլ խոսքերով՝ խաբել ենք, տվյալ դեպքում՝ ինքներս մեզ։ Հայաստանի և հայերիս այդպիսի մտածողության և մոտեցման տիպիկ դրսևորումն ու սիմվոլն է Կասկադը․ դրանից մշտապես օգտվում ենք, այն ցուցադրում տուրիստներին, ամեն տեղ Կասկադի մասին պատմում ենք, սակայն՝ եռեսուն տարիների ընթացքում չուզեցինք/չկարողացանք այն ավարտին հասցնել։ Նույնը՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, կրթության բարեփոխումների, Արմենիկումի, նախկին Մանկական աշխարհ հանրախանութի շենքի, բազում այլ հարցերի դեպքում։ Սկսել ենք և կիսատթողել, ի ցույց դրել նաև մեր պատմական, ազգային կիսվածությունն ու կիսատությունը։ Ցավոք՝ նույնն արեցինք նաև Արցախի հետ։

Մի կողմից՝ մեր ազգային վարքագծի, մտածելակերպի, մոտեցումների կիսատ-պռատության հետևանքով առաջ եկող իրադարձություններն են, որ նպաստում են արտագաղթին, և դրանք անվերջ շատ են։ Մյուս կողմից՝ այդ կիսատ թողած պրոյեկտներն են, արված և չկատարված խոստումները, անորակ աշխատանքներն ու չիրականացված սպասումները, որ նույնպես դրդում են արտագաղթել։ Այս ամենի լուծումը և՛ հեշտ է, և՛ դժվար․ պետք է սկսել միայն այն, ինչ հաստատ կարող ենք ավարտին հասցնել, և պետք է տանել մինչև լիարժեք, ակներև, փաստացի արդյունքը, ապա նոր՝ այդ մասին խոսել։ Սկզբից փորձենք երկիրը կառուցել, գոնե՝ չփչացնել, հետո միայն քննադատենք։

-Արդյո՞ք հարցում իրականացվել է՝ պարզելու համար, թե մեր երկրում առկա իրավիճակում, մեր հայրենակիցների տրամադրվածությունը ՀՀ-ում բնակությունը շարունակելու հարցում։ Առաջիկայում ինչպիսի՞ դինամիկայի սպասել այս առումով։

-Այո, այդպիսի սոցիոլոգիական հետազոտություններ մշտապես իրականացվել են։ Այսպես, «Կմեկնեի՞ք արդյոք Հայաստանից՝ այլ երկրներում մշտապես ապրելու նպատակով» հարցին «Այո» պատասխանողների թիվը մշտապես աճել է և, օրինակ՝ 2008թ-ին եղել է 18%, 2015թ-ին՝ արդեն 31%: Փաստորեն՝ Հայաստանի համար անգամ խաղաղ և համեմատաբար լավ տարիներին ամեն երրորդ բնակիչը պատրաստ էր Հայաստանից արտագաղթելու, իսկ դա նշանակում է՝ Հայաստանը մշտապես կորցնում էր երեք բժիշկներից մեկին, երեք գիտնականերից, զինվորներից և սպաներից՝ մեկին, երեք ուսանողներից, հաճախորդներից՝ մեկից, և այդպես շարունակ։ Նման պայմաներում զարգացման մասին խոսք գնալ չէր կարող, և պետք էր պատրաստվել կորուստների՝ հենց բնակչության արտագաղթի պատճառով։

Ավելին․ եթե նայենք սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում տրված մեկ այլ հարցին, թե արդյո՞ք հայաստանցիները պատրաստ կլինեին ոչ թե մշտական, այլև ժամանակավոր բնակության նպատակով մեկնել Հայաստանից, ապա 2008թ-ին այդ հարցին դրական է պատասխանել յուրաքանչյուր երկրորդ հայաստանցին, իսկ 2015թ-ին՝ արդեն 58% (CRRC Հայաստան, Կովկասյան բարոմետր, 2015): Սա նշանակում է, որ Հայաստանի հետ բնակիչների առնվազն կեսի կապվածությունը մշտական, կայունչէր, իսկ սեփական պետության հանդեպ վերաբերմունքն ունեցել է հաշվարկի մակարդակ․ կուզեմ՝ կգամ, կուզեմ՝ կգնամ, կարծես հայրենիքը հյուրանոց, օֆիս, հանգստի տուն լինի։

Պետք է նշել, որ 2021-2022թթ․ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ վերոնշյալ իվավիճակը չի փոխվել․ հայաստանցիների 30% պատրաստ է մեր երկրից մեկնել մշտական բնակչության, 56%՝ ժամանակավորապես (CRRC Հայաստան, Կովկասյան բարոմետր, 2020-21): Միևնույն ժամանակ, եթե նախկինում հասարակությանը հուզող ամենամեծ հիմնախնդիրներից առաջին տեղերում էին գործազրկությունն ու աղքատությունը, ապա հետպատերազմյան փուլում՝ խաղաղության բացակայությունը, ՀՀ սահմանների խախտումները, ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը։ Կարելի է ասել, որ թե նախկինում ընկալվող սպառնալիքների մեծ մասը վտանգում էր մեր լավ ապրելը, ապա այժմ՝ առհասարակ ապրելը։
-Առաջիկայում որքա՞ն ժամանակ կպահանջվի և ինչպե՞ս հնարավոր կլինի վերականգնել ՀՀ մշտական բնակիչների նախկին ցուցանիշները։ Կա՞ն քայլեր, որոնք կարող են նպաստել բնակչության ավելացմանը։

-Բնակչության աճը հնարավոր չէ պատվիրել, հրամանով ապահովել, ուստի որոշ գործիչների նման հայտարարություններ՝ այսինչ թվականին բնակչությունն այսինչ քանակների հասցնելու վերաբերյալ անհեթեթ են։ Դրա համար, բացի բազում տնտեսական, սոցիալական, քաղաքականգործոնների և անհրաժեշտ ծրագրերի, վստահություն է պետք, որը Հայաստանում մշտապես խնդրահարույց էր, իսկ այժմ՝ բազում կորուստներից, հիասթափություններից, ձախողումներից հետո՝ առավելևս։ Ցավոք, հանրային պատկերացումներում վստահությունը նաև ամենակարևոր արժեքներին չի դասվել, այն մշտապես չարաշահվել է, այդ թվում՝ ինչպես վերնախավի, այնպես էլ շարքային քաղաքացիների կողմից։ Միջազգային ասպարեզում բարեկամ պետություններ գրեթե չունենալը նույնպես մեզ չվստահելու հետևանքներից է։

Միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչությունն և՛ իր ծավալներով, և՛ բովանդակությամբ փոփոխվելու է։ Մասնավորապես, եթե յուրաքանչյուր երրորդ հայաստանցի շարունակելու է Հայաստանից մշտապես արտագաղթել, իսկ յուրաքանչյուր երկրորդը հայաստանից պարբերաբար բացակայել, ապա տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների հնարավոր բացման դեպքում, արտագաղթող և բացակայող հայերին ամենայն հավանականությամբ գալու են փոխարինելու ադրբեջանցիներ և թուրքեր, այն էլ՝ իրենց հասարակությունների ոչ լավագույն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հասարակություններում կա՛մ ունեն տնտեսական խնդիրներ, կա՛մ Հայաստան գալով՝ հետապնդելու են քաղաքական նպատակներ։ Եթե ելնենք վերջին մարդահամարի վերոնշյալ թվերից, ապա դժվար չէ պատկերացնել Հայաստանից արտագաղթելուն պատրաստ հայաստանցիների մեկ երրորդին՝ մոտ 800-900 հազար հայերի փոխարեն ներգաղթող նույն քանակության թուրք-ադրբեջանցիներին․ սա իրենց բնակչության ոչ էական տոկոսն է, որը զգալի տոկոս է մեզ համար։ Բացի այդ, չնայած Հայաստանի՝ երրորդ աշխարհի երկիր համարվելուն, և մեր երկիրը փնովելու մեր իսկ հիվանդագին սովորությանը, կան երրորդ աշխարհի ավելի վատ վիճակում գտնվող բազում պետություններ, որոնց բնակիչներն արդեն սկսել են ներգաղթել Հայաստան և կամաց-կամաց զբաղեցնում են հայերիս համար անցանկալի աշխատատեղեր։ Այդպիսի մարդկանց ներգաղթը Հայաստան շարունակվելու է։

Պարբերաբար տեղի է ունենալու նաև ներգաղթ Հայաստան՝ պայմանավորված ապակայունացող տարածաշրջանային և գլոբալ իրավիճակով, որի դրսևորումներից է, օրինակ, պատերազմն Ուկրայինայում։ Այս պարագաներում հայերի /Հայկական սփյուռքի ներկայացուցիչների/ ներգաղթը Հայաստան նույնպես հնարավոր է։ Ուստի, եթե գալիք տարիներին Հայաստանի բնակչության ծավալը մնա անփոփոխ, և անգամ որոշ իմաստով աճի, ապա այդ բնակչությունն իր կառուցվածքով տարբերվելու է մեր հասարակության այն պատկերից, որին սովոր ենք։