Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:09 29-04-2023

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով՝ Քյոլնում

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժողովին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։

Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը։

Համաժողովը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ և օտար մասնագետները ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։

Համաժողովի երկրորդ մասը բաց էր նաև հայ և օտար այցելուների համար։ Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, որն ընթերցեց Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորել էր նման միջոցառումների կազմակերպումը՝ միջազգային հանրությանը, եկեղեցական ու քաղաքական պատկան մարմիններին իրազեկելով և հրավիրելով միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունն էր փոխանցել համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկան Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Արցախի ժառագության պահպանության գրասենյակի անդամ դոկտոր Յասմին Դում-Թրագութը` «Հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը և յուրացումը ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության գրասենյակի գործունեությունը», իրավաբան Սառա Բաբայանը` «Հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից» և աստվածաբան Հարալդ Զյուրմանը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» թեմաներով։
Համաժողովը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է