copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:38 12-05-2023

Քյոլնում Սինանյանն ասել է, որ դեմ է Մուրադ Փափազյանի ՀՀ մուտք գործելու արգելքին, բայց անզոր

Մայիսի 9-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը խաղաղ մթնոլորտում չի անցել։ Հանդիպմանը ներկա էր եղել նաև Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, ով Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով տեղի ունեցածից, ասաց, որ ինքը իրենից կախված ամեն բան արել է, որ հանդիպումը խաղաղ մթնոլորտում անցնի։

«Հենց հանդիպման սկզբում Սինանյանը, երբ ցանկանում էր պատասխան ելույթ ունենալ, համայնքի անդամները շատ վրդովված ոտքի կանգնեցին և ասացին՝ մենք ցանկանում ենք հասկանալ՝ ոնց եք Դուք մեր երկիրը կտոր-կտոր բաժանում, հանձնում թշնամուն»,- ասաց Լուլուկյանը և հավելեց, որ այդ էմոցիոնալ ֆոնին մեղադրանքներ են հնչել նաև Փաշինյանի հասցեին։

Ըստ նրա՝ Փաշինյանի հասցեին հնչեցին այն մեղադրանքները, որոնք շատ ենք լսել․ «Լսվում էին այն դասական մեղադրանքները, որոնք կային Փաշինյանի հասցեին, կառավարության հասցեին, թե հիմնական պատճառը Դուք եք, որ այսպիսի իրավիճակում ենք հայտնվել, և Հայաստանի տարածքներն ենք կորցնում, հանձնում թշնամուն։ Արցախը նման վիճակում է հայտնվել, էսկալացիան գնալով սրվել է»,- ասաց Գերմանահայոց վարչության անդամը։

Լուլուկյանը հայտնեց, որ իրավիճակը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ համայնքի ներկայացուցիչները խոսեցին իրենց նվիրատվության գումարներից․ «Այն հարցը հնչեց, որ մենք չենք ֆինանսավորում Փաշինյանին, այսինքն՝ այդ գումարը հատկացվել էր Արցախի համար։ Հետո խոսակցությունը գնալով սրվեց»,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ ամեն ձևով փորձել է կողմերին հանդարտեցնել, քանի որ գիտակցում էր, որ նման իրավիճակը ողջունելի չէ և նման ձևով շարունակվելու դեպքում իրավիճակին մասնակից կլինեին նաև ոստիկանները, ինչը անցանկալի է եղել։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ չնայած իրավիճակի հանդարդեցմանը ուղղված իր ջանքերին՝ միջադեպին մասնակցություն են ունեցել նաև ոստիկանները։ «Այդտեղ սրվեց իրավիճակը, ոստիկանները եկան և չորս հոգու դուրս հրավիրեցին, բայց բողոքավորները այդ չորս հոգին չէին, շատ էին։ Այնպիսի տպավորություն էր, որ միայն այդ չորսի բողոքի ձայնն էր շատ բարձր»։

Դա տեղի հայ համայնքի և Սինանյանի առաջին հանդիպումն է եղել․ «Երիտասարդներին դուրս հրավիրեցին, շարունակվեց Սինանյանի ելույթը, իր ծրագրերի մասին, գլխավոր հանձնակատարի ծրագիրը, ելույթը»,- նշեց Լուլուկյանը։

Սամվել Լուլուկյանը հայտնեց նաև, որ Սինանյանի ելույթից հետո առաջին հարցը ինքն է ուղղել հանձնակատարին։

«Հնչեցրեցի կարևորագույն երկու հարցեր, որոնք հուզում են Սփյուռքին՝ Սփյուռք-Հայաստան հարաբերության հետ կապված։ Տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք հզոր եռամիասնություն՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ, և այսօր Արցախում ունենք այսպիսի ցավալի և ծանրագույն վիճակ, շրջափակում, անցակետ, իշխանությունների կողմից ինքնորոշման իրավունքից հրաժարում, և այդ ամբողջի հետևանքն է պատերազմը, կորուստը, պարտությունը։ Ես նշեցի նաև, որ ստեղծված իրավիճակը իրենց՝ մինչև պատերազմը վարած սխալ քաղաքականության պատճառներն են։ Ես ասացի՝ դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, դա Ձեր կառավարության ղեկավարի հայտարարությունն է, որ ինքը համարեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն և համար մեկ մեղավորն է»,- ասաց Լուլուկյանը և հավելեց, որ այդ պահին Սինանյանը հակադարձել է իրեն՝ ասելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է, իսկ ինքն էլ ասել է, որ դա ոչ թե միայն իր կարծիքն է, այլ կառավարության ղեկավարի հայտարարությունն է։

«Ինքն ասաց՝ դա կոնտեքստից դուրս է, ասացի՝ ոչ, կոնտեքստից դուրս չի, դա շատ պարզ, հստակ բան է, որ Դուք եք պատասխանատուն, և Դուք եք մեղավորը․ շատ պարզ պատճառով, որովհետև Դուք եք այդ քաղաքականությունը վարել, Դուք եք իշխանության գլխին։ Եվ դա պարզ, հստակ պատասխան է եղել Փաշինյանի կողմից։ Եվ ունենք հիմա Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որը ճիշտ ձևով չի ընթանում, և դրա դրդապատճառներից հիմնականը 2019 թվականին եղավ, Փաշինյանի և կառավարության որոշմամբ, երբ Սփյուռքի նախարարությունը լուծարեցին»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ ինքը 2019-ին նույն հարցը ուղել է Փաշինյանին և հորդորել, որ նման որոշումներ կայացնելիս հաշվի առնեն իրենց՝ Սփյուռքի ներկայացուցիչների կարծիքը։

«Ես ասացի, որ Սփյուռքը բազմաշերտ մի տիրույթ է, որին պետք է ավելի զգույշ և նուրբ վերաբերվել։ 2019 թվականին Փաշինյանը պատասխանեց, որ փորձենք, եթե չստացվի, կվերադառնանք հին ձևաչափին։ Ես դրա համար հարցս ուղղեցի, թե արդյոք կա քննարկում, որ վերադառնանք հին նախարարության ձևաչափին, ինքն ընդունեց իմ ընդհանուր շեշտադրումները, բայց ասաց, որ որպես հանձնակատար՝ կոռեկտ չի համարում, որ նախարարություն ուզի, ասաց, որ պետք է համայնքի ներկայացուցիչները ճնշում անեն, այսինքն՝ խոսեն դրա մասին, Փաշինյանին ներկայացնեն, բայց որոշ տեղ ինքը համաձայնեց, որ նախարարության գոյությունը տեղին կլիներ»։ Լուլուկյանը նշեց, որ Սինանյանը ուղիղ տեքստով չի հաստատել, որ կողմ է նախարարության ձևավորմանը, բայց հնչեցված պատասխանի ենթատեքստում դա է եղել։

«Եթե նախարարությունը լուծարում են, Սփյուռքի նկառմամբ այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում, և ասացի, որ այս հարցում պետք է շատ զգուշավոր լինեք, ավելի լուրջ այդ հարցին վերաբերվեք»,- ասաց Լուլուկյանը և ընդգծեց, որ իր խոսքում էլ նշել է, որ տեղին կլինի՝ Սփյուռքը դիտարկեն որպես գործընկեր, պարտնյոր։ Լուլուկյանը նշեց նաև, որ իր ելույթում հարց է ուղղել Սինանյանի և ասել, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են կարողանում Հայաստանի իշխանությունները արգելել Սփյուռքի կարևորագույն, կարկառուն ներկայացուցիչների մուտքը Հայաստան։

«Ասացի, որ այսպիսի դեպքերը շատ են եղել, բայց կխոսեմ Մուրադ Փափազյանի մասին։ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի կարևորագույն կառույցի դեմքերից է, տասնամյակներ հայ դատի համար պայքարել է, և ասացի՝ Դուք այսպիսի կարկառուն դեմքին, սփյուռքահայ գործիչի մուտքը արգելում եք Հայաստան։ Ասացի՝ Դուք պատկերացնո՞ւմ եք, ինքը համարվում է «պերսոնա նոն գրադա» անձնավորություն Ադրբեջանում և Հայաստանում։ Ես ասացի՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին և այդ ուղղությամբ ի՞նչ եք անում»։

Սինանյանը իր պատասխանում ասել է, որ այդքան էլ կողմ չէ այդ որոշման հետ։ «Ինքն ասաց՝ բազմիցս մամուլում, կառավարության նիստում հայտարարել եմ, որ այո՛, այդ որոշման հետ ես ամբողջությամբ համաձայն չեմ, ես էլ դեմ եմ, որ այդպես է եղել, այդ հարցը բարձրացրել եմ նիստերի ընթացքում։ Ասացի՝ շատ լավ, որ բարձրացրել եք, համաձայն չեք, բայց կոնկրետ ի՞նչ արդյունք կա այդ ուղղությամբ, որովհետև սա շատ կարևոր թեմա է, եթե խոսում ենք Սփյուռքի վստահության, որպես վստահելի պարտնյոր լինելու մասին։ Ասացի, որ սա մեծ հարված է ու այս հարցը պետք է լուծում ստանա»,- ասաց Լուլուկյանը։

Լուլուկյանը հավելեց, որ հետագայում այլ հարցեր են հնչել՝ կապված Սփյուռքում հավաքված գումարների շուրջ, որոնք պետք է ուղղվեին Արցախին, այնինչ փոխանցվել էին Կառավարությանը։Այլ սուր հարցեր էլ են հնչել խաղաղության պայմանագրի հետ կապված․

«Այսինքն ո՛չ համայնքը, ո՛չ հայությունը, ո՛չ Սփյուռքը տեղեկացված չէ՝ ինչի մասին է խոսքը գնում, չկա այդտեղ թափանցիկություն, և մտավախություն կա, որ հայերի շահերի դեմ, ինչպես նոյեմբերի 9-ը մի այդպիսի պայմանագիր կլինի, և ժողովուրդը վերջին վայրկյանին կտեղեկանա, այսինքն՝ կտեղեկացնեմ, մամուլից կիմանաք՝ ինչ է տեղի ունեցել։ Շատ մտահոգված ենք. շատ վրդովված էին համայնքի անդամները, սա կարևորագույն հարցերից մեկն է, այսինքն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները և այս պայմանագրի հետ կապված։ Վստահություն չկա, որ այդ պայմանագիրը արդյոք ճիշտ ձևաչափով կլինի։ Սա էր ամբողջ պատկերը»,- եզրափակեց Լուլուկյանը՝ մատնանշելով, որ հանդիպումը շատ սուր մթնոլորտում է անցել։

Ամենից շատ դիտված