Երևան +17°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:46 21-07-2022

Փաշինյանը, Սինանյանն ու Չավուշօղլուն որոշեցին, որ ես «պերսոնա նոն գրադա» եմ Հայաստանում․ Մուրադ Փափազյան

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Մինչ այժմ երկրի իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչ հիմքով թույլ չտվեցին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Այսօր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, թե տեղյակ չէ պատճառներից, բայց բացառում է, որ դա Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարության հրահանգով է արված։ Oragir.news-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը հակառակն ասաց․ նրա խոսքով՝ Սինանյանի մատն էլ է խառը այդ գործին։

Մուրադ Փափազյանին հարցրինք՝ իրեն Զվարթնոց օդանավակայանում ինչ-որ պարզաբանում ներկայացրի՞ն, թե ինչու չեն թողնում, որ Հայաստան մտնի։

«20 անգամ հարցուցի, թե ինչն է պատճառը, մեկը պատասխան չտվավ։ Ինձ թվում էր, որ տեղյակ չէին, այսինքն՝ պատասխան չունեին, անոր համար նաև պատասխան չտվին, ոչ թե միայն հրահանգ ստացան, որ չտան, իրենք էլ՝ Զվարթնոցի պաշտոնյաները, չունեին տեղեկություններ, միայն հրահանգ ունեին»,- պատասխանեց Փափազյանը։

Դաշնակցականին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչու իրեն չթողեցին Հայաստան։ Այս առումով տարբեր վարկածներ կան, որ այլ երկրների ղեկավարների հրահանգ է կատարել վարչապետը կամ իր քմահաճույքով չի թողել, որ Փափազյանը մուտք գործի Հայաստան։ Փափազյանը պատասխանեց․

«Ենթադրություններ ունեմ։ Կարծեմ այս վարչապետը չի ընդունիր ընդդիմությանը՝ թե՛ ներսը, թե՛ դուրսը։ Այն սկզբունքները, որ իրեն բերին իշխանության գլուխը՝ ժողովրդավարություն, ազատություններ, ժողովրդի իշխանություն, բոլոր այս խոստումները դավաճանեց վարչապետը, հեղափոխության բոլոր խոստումները դավաճանեց այս վարչապետը։ Ուրեմն ինքը չհանդուժեր, որ ես ընդդիմադիր դեր խաղամ սփյուռքին մեջ, վստահ եմ, որ Սինանյանին ազդեցությունը կա այս հարցին մեջ, և վստահ եմ նաև, որ եթե քննենք Չավուշօղլուին հայտարարությունները, երբ որ կըսեր, որ սփյուռքը կխանգարի հայ-թուրքական հարաբերություններու գծով։ Պետք է հիշել, որ ես 2009-ին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, առաջին ընդդիմադիրն էի հայ-թուրքական արձանագրություններու, որ երբ Սերժ Սարգսյանը եկավ Փարիզ, Կոմիտասի արձանին առջև դեմ-դիմաց էինք, ես ցույց կազմակերպեցի արձանագրություններու դեմ։ Մենք դեմ էինք 2009-ին, դեմ ենք 2022-ին, որ համաձայնությունները տեղ ունենան նախապայմաններով, և գիտեինք, որ Թուրքիան կդնի նախապայմաններ։ Այս բոլորը՝ Փաշինյան, Սինանյան, Չավուշօղլու, որոշեցին, որ ես պերսոնա նոն գրադա եմ Հայաստանում, բայց դա չեն կարող հիմնել իրավական կետի վրա։ Ինչպե՞ս կարող են հիմնավորել։ Երբ ես կխոսիմ Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարության հետ, իրենք 2 անգամ դիմեցին Հայաստանի իշխանություններին 1 շաբաթվա ընթացքում, պատասխան չեն ստացած։ Այն պատասխանը, որ ԱԱԾ-ն տված է «Ազատություն» ռադիոկայանին, խայտառակություն է։ Այսինքն՝ չեն կրնար դրսևորել, որովհետև իմ անձնական կյանքիս կկպնա։ Լավ, թող ինձի ասեն, եթե չեն կրնար հանրային գետնի վրա պատասխանել, առնվազն ինձի թող տեղեկացնեն։ Չեն աներ, որովհետև ժամանակ կշահին, որովհետև չունին պատճառ, այդ պատճառը քաղաքական է միայն։ Մեջեն պիտի չելնեն»։

Փափազյանին հարցրինք նաև, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանի այս իշխանությունների վարքագծի հետևանքով ինքը դադարի սփյուռքում իր ակտիվ դերակատարումից և այլևս չզբաղվի համահայկական հարցերի առաջմղմամբ․

«Անշուշտ, ես շարունակելու եմ գործել՝ ի նպաստ Հայաստանի, ի նպաստ Արցախի, ի նպաստ հայ դատի։ 40 տարի է, որ կաշխատիմ, Նիկոլ Փաշինյանի պատճառով ես չպիտի որոշեմ հրաժարիլ իմ առաքելությունից։ Իշխանությունները կանցնին, պետությունը կմնա, մենք Հայաստանի համար կաշխատինք, երկրի անվտանգության, անկախության համար, զարգացման համար, որովհետև Հայաստանը մեր սիրտն է, Հայստանն է կարևոր՝ Արցախն էլ մեջը, ուրեմն մենք պիտի շարունակենք, ասոնք ժամանակավոր կառավարություն են, ինչպես որ եկան, այդպես էլ պիտի անցնին, մտահոգ չեմ»։