Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:15 26-10-2026

Իրենք իրենցով գնացել, քվեարկել են և ստացել են այդ թվերը․ քաղաքագետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Իշխող ուժի հայտարարած բարձր տոկոսների ֆոնին՝ ՏԻՄ ընտրություններում իրական մասնակցությունը մի շարք խոշոր համայնքներում կազմել է ընդամենը 30–40%։

Անդրադառնալով ընտրողների ցածր ակտիվությանը՝ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Oragir.News-ի հետզրույցում մատնանշեց մի քանի առանցքային գործոններ, որոնցից առաջինը համապետական ընտրություններից հետո հասարակության մոտ առաջացած հիասթափությունն է։

«Նախ՝ անկեղծ լինենք. համապետական ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը ամիսներ առաջ, և հանրության շրջանում այսօր խորը հիասթափություն կա։ Հասարակությունը, քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելով, չափազանց ակտիվ մասնակցեց այդ ընտրություններին, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով ընդդիմությունը չկարողացավ տեր կանգնել ստացած ձայներին, և արդյունքում ունենք այն պատկերը, ինչ ունենք։ Բնական է, որ մարդիկ պետք է հիասթափվեին, ինչն էլ հանգեցրեց ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշին»,- նշեց քաղաքագետը։

Որպես երկրորդ գործոն՝ փորձագետն ընդգծեց հենց ընդդիմադիր դաշտի թերացումները։ Ըստ նրա՝ առաջատար ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին չեն ներկայացել իրենց լավագույն ցուցակներով կամ մաքսիմալ պատրաստակամությամբ, և շատ տեղերում, իրականում, «բարձիթողի վիճակ էր»։

Բացի այդ, ըստ Մաթևոսյանի, ընտրական գործընթացի վրա էականորեն ազդել է իշխանությունների կողմից ձևավորված վախի մթնոլորտը և պոտենցիալ թեկնածուների նկատմամբ կիրառված ճնշումները. «Ի վերջո մենք գործ ունեինք նաև որոշակի առումով վախի մթնոլորտի ձևավորման հետ։

Մամուլում բազմաթիվ էին հրապարակումները այն մասին, որ նույնիսկ եթե մարդը անձնական խոսակցության մեջ խոսում էր այն մասին, որ ինքը կարող է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, պարզվում էր, որ չգիտեմ՝ իր կինը, բաջանաղը, ախպերը, սիրուհին, ընկերուհին, հարևանը, դասարանցին, այսպես ասած, 301 թվից կոռուպցիոներներ են։ Մարդկանց վրա ճնշում է գործադրվել, և արդյունքը եղել է այն, ինչը եղել է, ինչն այս պարագայում շատ տրամաբանական արդյունք է»։

Հարցին՝ արդյոք արդյունքը որոշվել է միայն իշխանության ընտրազանգվածի հաշվին, երբ հիասթափված մեծամասնությունը չի գնացել ընտրության, քաղաքագետը դրական պատասխան տվեց։ Մաթևոսյանի համոզմամբ՝ իշխող ուժի իրական քաղաքական կշիռը շատ ավելի ցածր է, քան ներկայացվում է պաշտոնական թվերով։

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը իրականում 35-36%-ից ավելի քվե չի հավաքել, իսկ պաշտոնական արձանագրված մոտ 49%-ը ստացվել է որոշակի լծակների կիրառման արդյունքում։

ՏԻՄ ընտրություններում արձանագրված պատկերը, ըստ քաղաքագետի, իշխանության իրական, մերկացված պատկերն է. «Դա հենց իրենց, այսպես ասած, բազային տոկոսն է՝ իրենց աջակիցների, պետական բյուջեից սնվող մարդկանց ցուցանիշն է, սա է իրականում եղել։ Իրենք իրենցով գնացել են, ընտրությունների են մասնակցել և ստացել են այն թվերը, որը ստացել են»,- փաստեց նա։

Չնայած նրան, որ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հանրային կոչեր են հնչեցնում՝ ակտիվորեն մասնակցելու ընտրական գործընթացներին, Բենիամին Մաթևոսյանը վստահ է, որ այդ կոչերն այլևս չեն աշխատում չեզոք զանգվածի վրա։ Ավելին՝ նման իրավիճակը, երբ հիասթափված մեծամասնությունը բոյկոտում է ընտրությունները, իսկ տեղամասեր են ներկայանում միայն իշխանամետ համակիրները, ձեռնտու է հենց գործող վարչակազմին։

«Ընտրություններին որպեսզի մարդիկ մասնակցեն, թող մեծամտություն չհնչի, բայց դրա կոչը ես պետք է անեմ, դուք պետք է անեք՝ նաև որպես պատասխանատու լրագրող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Էդ պարագայում մարդիկ կմասնակցեն ընտրություններին։ Իրենց կոչերին, իրենց կողմնակիցներից բացի, ոչ ոք չի ականջալուր լինելու»,- եզրափակեց քաղաքագետը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է